կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 19:46
Տնտեսական

Առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարի կառուցում. Հովիկ Աբրահամյան

Առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարի կառուցում. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին:

 

«Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Ռայներ Մորելը պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանը և Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին:

 

Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել Հայաստանի տնտեսության համար կարևոր այս ծրագիրը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է, և առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարի կառուցման աշխատանքներ:

 

Վարչապետը և KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը կարևորել են նաև Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, որը ևս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ:

 

Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ կենտրոնական բանկի և KFW-ի համագործակցության արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր՝ բնակարանային վերանորոգման և ՓՄՁ ոլորտներում: Քննարկվել են նաև դպրոցներում էներգախնայողության, գյուղատնտեսության և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր: Ակնկալվել է, որ աշնանը նախատեսված հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նշված ծրագրերը կմտնեն գործնական փուլ:

 

Այժմ բանակցություններ են ընթանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Հայաստանում պաշտոնապես հավատարմագրելու ուղղությամբ, ինչը ևս կնպաստի երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը: Այս մասին հայտնում է կառավարության կայքը: