կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 13:50
Առանց Կատեգորիա

Առաջնություն՝ առանց թիմերի

Առաջնություն՝ առանց թիմերի

Նախընտրական քարոզարշավի եռուն շրջանն է` թեկնածուները ներկայացնում են իրենց, իրենց ծրագրերը, իրենց ընտրելու պատճառն ու արդյունավետությունը:

 

Թեեւ նախագահական ընտրություններում հիմնականում պետք է երեւա նախագահի թեկնածուն, որպեսզի ընտրողին հասկանալի լինի, թե ում է ընտրում, ինչպիսի որակների տեր է նա, սակայն պակաս կարեւոր չէ թիմը, որի հետ նա աշխատելու է: Այս օրերին մամուլի ակումբները լի են նախագահի թեկնածուներով, ամեն ակումբ օրը մի քանի թեկնածու է դիմավորում եւ ճանապարհում, ամբողջ երեկոյան եթերն ու հեռուստաընկերությունների քաղաքական հաղորդումները լցնում են հենց թեկնածուները: Նույն գործիչը օրը երեք հեռուստաընկերություններում պտույտ է գալիս: Միայնակ:

 

Թե ո՞րն է Սերժ Սարգսյանի թիմը, գիտենք, թեեւ նա արդեն որերորդ անգամ միայնակ է քարոզարշավ իրականացնում՝ մշտապես վախենալով սեփական կուսակիցներին բեմ հանելուց: Իհարկե, սա իր պատճառներն ունի` մենք նրանց գործունեությունն ամեն օր ենք զգում մեր մաշկի վրա:

 

Ով է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում, դարձյալ տեսնում ենք, ծանոթ ենք «Ժառանգության» գործիչներին:

 

Այ, մյուսների պարագայում չգիտենք: Չգիտենք, թե Արամ Հարությունյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի, Հրանտ Բագրատյանի, Արման Մելիքյանի, Վարդան Սեդրակյանի՝ որեւէ հրաշքով ընտրվելու դեպքում ո՞վ է լինելու մեր վարչապետը, ովքե՞ր են լինելու նախարարները: Եթե նշված մարդիկ վաղը անհետաձգելի գործ ունենան, նրանց փոխարեն ո՞վ կարող է մասնակցել եթերին եւ ներկայացնել իր թեկնածուին:

 

Այս քարոզարշավում դարձյալ երեւում է ծրագրային, գաղափարական պայքարի բացակայությունը: Թեկնածուները եթերում եւ մամուլի ակումբներում կարող էին խոսել ամեն օր ծրագրային մեկ հիմնադրույթի մասին, իսկ մենք՝ ընտրողներս, լսեինք ու կողմնորոշվեինք (թեեւ ընտրողների մեծ մասը «էն գլխից» է կողմնորոշված):

 

Ամեն օր անգիր ենք անում Արամ Հարությունյանի խոսքերն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության դրածոն է, սկսել է պայքարը ձեռքսեղմումով եւ «տրենիրովկա» է անում, որպեսզի հետո սեղմի Սերժ Սարգսյանի ձեռքը, որ Պարույր Հայրիկյանն իրեն սպառել է: Որ ինքը՝ Արամ Հարությունյանը, գնալով հզորանում է, ինչից վախենում են իշխանությունները եւ սկսել են իրեն գաղտնալսել: Ու վերջ:

 

Էպոսագետը որդեգրել է ընտրողին, թեկնածուներին եւ ինքզինքը ձեռք առնելու քաղաքականություն: Միայն լսում ենք, որ էլեկտրոնային հարցումներում առաջին տեղերում է, դրա համար էլ քարոզարշավ չի անում, որ ինքն ի վերուստ չորրորդ նախագահն է եւ դեռ 2008-ին էր պատրաստ նախագահ դառնալ, բայց չդրեց իր թեկնածությունը, որովհետեւ կլիներ երրորդը, իսկ ինքը պետք է լինի չորրորդը: Որ Րաֆֆի Հովհանիսյանը.... եւ այլն եւ այլն: Հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է ավարտելու ընտրապայքարը: Ստացվում է, որ մնացածը պայքարում են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Հետեւաբար` Էդուարդ Շարմազանովը եզակի անգամ ճիշտ է դուրս գալիս` նախագահի թեկնածուները կռիվ են տալիս, թե ով պետք է երկրորդ տեղը գրավի:

 

Իսկ մենք շատ կուզենայինք, որ այս բամբասանքների փոխարեն թեկնածուները ներկայացնեին իրենց ծրագրերը, այն թիմը, ում հետ աշխատելու են իրենք եւ մենք: Այս վիճակով նախագահի ընտրությունները նմանվում են կործանարար երեւույթի, երբ կարող ես ընտրել նախագահ, ու հանկարծ, քանի որ թիմ չունի, առաջին որոշմամբ նա ինքն իրեն նշանակում է վարչապետ եւ միանգամից մի քանի նախարար:

 

Ցավով պետք է արձանագրենք, որ այս նախագահական քարոզարշավը նմանվեց ոչ թե թիմային պայքարի, այլ անհատական` ասենք` ըմբշամարտի, ձյուդոյի կամ առանց կանոնների մարտերի նման: Ուժեղը, ինչ խոսք, կհաղթի, իսկ դրանից հետո պետության զարգացման հեռանկարներն ամբողջությամբ հօդս կցնդեն, եւ կունենանք առավել վատ կառավարում, քան հիմա է:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ