Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած քաղաքական ընտրությունից հետո նոր իրավիճակ է առաջանում, եւ բավականին դժվար է կանխատեսումներ անել հաջորդ նախագահական ընտրությունների մասին: Շատ դժվար է այսօր գուշակել, թե ինչ կլինի հաջորդ ընտրությունների ժամանակ. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հմայակ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի` վերջերս տված հարցազրույցը հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է:
Գալուստ Սահակյանը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն գաղտնի կօգնի՞ ՀՀԿ-ին այս ընտրությունների ժամանակ, թե՞ ոչ:
«ԲՀԿ-ն նման հայտարարություն չի արել, բայց տեղերում ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ շատ այլ ուժերի ներկայացուցիչներ փորձում են համագործակցության դաշտ ստեղծել ՀՀԿ-ի հետ: Եվ դա նորմալ է, մենք էլ փորձում ենք մեր վերլուծություններն ավելի լայն շրջանակներին հասցնել: Դա քաղաքական համագործակցություն չէ, այլ անհատների ինքնադրսեւորման հետեւանքով է լինում: Տեղերում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` նաեւ ԲՀԿ-ականներ, ձեւեր են փնտրում` համագործակցելու ՀՀԿ-ի հետ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով հենց ՀՀԿ-ի կողմից հնչած մտավախություններին, որ կան բազում խնդիրներ, Գալուստ Սահակյանը նշեց. «Մենք երբեւիցե չենք ասում, որ մենք շատ լավն ենք, բայց մեզանից լավը չկա: Երբ ավելի լավը լինի, մենք կմտածենք»:
Բանախոսը նշեց նաեւ, որ թեեւ իրենց թեկնածուի հաղթանակին իրենք չեն կասկածում, սակայն ՀՀԿ-ում շատ անհանգիստ մթնոլորտ է, որովհետեւ ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել ոչ միայն հաղթանակը, այլեւ արդյունավետության բարձրացումը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից իրականացվելիք քարոզչական աշխատանքներին` Գալուստ Սահակյանը նշեց, թե նախագահ Սերժ Սարգսյանն է տանելու քարոզչությունը, նաեւ քարոզչական խմբեր կան, որոնք քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ քարոզչություն են տանելու, այդ թվում` ինքը:
ՀՀԿ-ն մտադիր է նաեւ նվազեցնել իրենց մասնակցությամբ ասուլիսների ու բանավեճերի քանակը, որպեսզի հետո չասեն, թե իրենք ավելի շատ են էկրանին երեւում: Բացի այդ, ըստ Սահակյանի, բանավիճողները նույն քաշի մարդիկ պետք է լինեն, իսկ Սերժ Սարգսյանի քաշի մարդ ՀՀԿ փոխնախագահը չի տեսնում այսօր: