կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 11:35
Տնտեսական

Տնտեսական ազատության մակարդակով Հայաստանը 38-րդ տեղում է

Տնտեսական ազատության մակարդակով Հայաստանը 38-րդ տեղում է

Ամերիկյան Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի համատեղ` երկրների տնտեսական ազատության մակարդակի հետազոտության արդյունքում Հայաստանը հայտնվել է 38-րդ տեղում: Տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանի համար կազմել է 69,4 բալ, այսինքն` նախորդ հետազոտության համեմատ, մեր երկիրը բարելավել է իր դիրքը 0.6 կետով: Հայտնվելով 38-րդ տեղում ` Հայաստանը ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքում. տեղեկացնում է Newsru.com-ը:

 

Տարածաշրջանում ամենալավ ցուցանիշը Վրաստանինն է` 21-րդ տեղ. հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքում է:  

 

Ադրբեջանի ոցւցանիշներն ավելի վատ են` 59,7 բալ, ու թեեւ այս երկիրը, նախորդ ուսումնասիրության համեմատ, բարելավել է իր դիրքը 0.8 կետով, Ադրբեջանը հիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող երկիր է համարվում: Այդ խմբի երկրներից է նաեւ Ռուսաստանը` 139-րդ տեղ:

 

Թուրքիան 69-րդ տեղում է եւ Հայաստանի խմբում: Իսկ Իրանն ընդգրկվել է ոչ ազատ տնտեսությամբ երկրների շարքում, որում տեղ են գտել նաեւ Զիմբաբվեն, Կուբան, Հյուսիսային Կորեան:

 

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Հոնկոնգն է` 100 հնարավոր բալից 89,3 բալ, երկրորդ տեղում ` Սինգապուրը` 88 բալ: Լավագույն հնգյակում են նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Դրանց հաջորդում են Կանադան, Չիլին, Մավրիկիան, Դանիան եւ ԱՄՆ-ը: