կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 12:33
Առանց Կատեգորիա

Նախարարը միգուցե տեղում է, բայց` ոչ իր տեղում

Նախարարը միգուցե տեղում է, բայց` ոչ իր տեղում

Նիկոլայ Ծատուրյան, մի մոռացեք` ես նախարար եմ, դու` իմ հպատակը, իսկ դա նշանակում է` կարող եմ ձեռքիս թեթեւ շարժումով աշխատանքից ազատել քեզ: Քեզ չեմ ուզում ընդունել, բայց կանչել եմ: Քեզ չեմ ուզում ընդունել, բայց տեղում եմ: Քեզ չեմ ուզում ընդունել ու քեզ տեղյակ եմ պահում այդ մասին: Այս քայլով ուզում եմ ցույց տալ, որ ես վերեւում եմ, դու` ներքեւում: Գնա, կմտածես արածներիդ մասին, իսկ մարդիկ թող հասկանան` Հասմիկ Պողոսյանն` ո՜ւր, Նիկոլայ Ծատուրյանն` ո՜ւր: Մարդիկ թող հասկանան, որ Հասմիկ Պողոսյանն այնքան կա, որ կանչում է քեզ իր մոտ ու ասում.«Տեղում եմ, բայց քեզ չեմ ցանկանում ընդունել»:

 

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մշակույթի նախարար մեծարգո տիկին Հասմիկ Պողոսյանին` մեր ժամանակը խնայելու եւ այսքանը գրելու փոխարեն պարոն Ծատուրյանին լակոնիկ ձեւով իր պատասխանը փոխանցելու համարՆախարարը տեղում է, բայց հրաժարվում է ձեզ ընդունել»:

 

Նվաստալի է, չէ՞, կանչել ու չընդունել մարդուն` մտավորականին, իսկական մտավորականին:

 

Կանչել ու չընդունել` ահա նախարարի այնքան սպասված պատասխանը, իսկ խոսակցություններ կային, որ Ծատուրյանին պետք է աշխատանքից ազատեին` կաթողիկոսին քննադատելու համար: Սակայն նախարարն ասում է` ո՞վ, ե՞ս, ես աշխատանքից չեմ ազատում նրան, կանչում-չեմ ընդունում: Թող մի որոշ ժամանակ անցնի, կրքերը հանդարտվեն, մամուլը մոռանա հարցը, հասարակության ուշադրությունը կշեղվի թանկացումների մի շթղայի վրա, այ, այդ ժամանակ Ծատուրյանն «իր կամքով» պաշտոնից ազատվելու դիմում կգրի:

 

Քանի՞սն են մնացել մտավորական ու այս ընթացքում պահել իրենց դեմքը` այս կամ այն քաղաքական ուժին կուլ չգնալով: Բողոքում ենք մտավորականների պակասից, իսկ մտավորականներին թեւաթափ են անում, նրանց հետ վարվում շարքայինի պես:

 

Նախարարը կարող էր, չէ՞, ընդունել ու զրուցել Ծատուրյանի հետ, թե` ա'յ Ծատուրյան, կաթողիկոսին ինչո՞ւ ես քննադատել` լավ-վատ` մեր կաթողիկոսն է եւ հետո` չգիտե՞ս` Աստվածաշունչը քարոզում է ներող լինել, է, որ կաթողիկոսը չի հետեւում էդ պատգամներին, մի քիչ դու հետեւիր, էլի: Նախարարը կարող էր, բայց չցանկացավ, որովհետեւ հիշեց, որ ինքը նախարար է, ուժ ու ազդեցություն ունի, մտածեց-մտածեց ու որոշեց` չէ, Ծատուրյանին իմ ձեւով կպատժեմ, կկանչեմ ու չեմ ընդունի. Ծատուրյանն է, էլի, շատ էլ, որ Ծատուրյանն իր տեսակի մեջ եզակի մարդ է, ոչինչ, մեզ Նունե Եսայանն էլ է լրիվ բավարար:

 

Ձեզ` միգուցե այո, իսկ մեզ` տիկի'ն նախարար, անհրաժեշտ են Նիկոլայ Ծատուրյաններ, որոնք երբեք որեւէ մեկին չեն կանչի իրենց մոտ ու ասեն.«Տեղում եմ, բայց քեզ ընդունելու ցանկություն չունեմ»:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ