կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 14:35
Իրավական

Հայկական գրքերը Վրաստանի մաքսակետից հետ են ուղարկվել

Հայկական գրքերը Վրաստանի մաքսակետից հետ են ուղարկվել

Այսօր լրացավ ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր հնատիպ գրքերի գողության մեկ տարին: Եվ հենց այսօր էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, կհրապարակվեն գրքերի գողության մեջ  մեղադրվող Վաժա Ազարիաշվիլիի, Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիզարյանի եւ Աբգար Հովսեփյանի վճիռները:

 

Նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը դատարանից 15 օր ժամանակ էր խնդրել, որպեսզի վերադարձնեն Վաժա Ազարիաշվիլիի գնած գրքերը: Այդ հանգամանքը կարող էր մեղմացնել ինչպես Ազարիաշվիլիի, այնպես էլ նրա հանցակիցների պատժաչափը: Սակայն այսօրվա նիստի ընթացքում վրացի ամբաստանյալը պատճառաբանեց, թե ճանապարհները սառած էին, իր կինը և հարազատները գրքերը բերել էին անցակետ, որտեղ հետ էին վերադարձրել, քանի որ չէր եղել Վրաստանի մշակույթի նախարարության թույլատվությունը:

 

Ազարիաշվիլիի պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը ևս  15-20 օր ժամանակ հատկացնի,  և հավաստիացրեց, որ իր պաշտպանյալն այդ ընթացքում կփորձի վերադարձնել գրքերը:

 

Դատավոր Մ. Մարտիրոսյանը պաշտպանին խնդրեց որևէ փաստաթուղթ ներկայացնել, որում նշվում է, որ այդ գրքերը վերադարձվում են: Այդպիսի փաստաթուղթ կարող է հանդիսանալ  մաքսակետից ստացված տեղեկանքը, որում կնշվի, որ գրքերն իսկապես բերվել են, սակայն պաշտպանը հայտնեց, որ իրենք նման փաստաթուղթ չունեն: Վ. Ազարիաշվիլին իր հերթին արդարացավ, որ ինքը խաբելու բան չունի: «Գնացեք Վրաստանի մշակույթի նախարարությանը հարցրեք»,- ասաց ամբաստանյալը:

 

Թեև մեղադրող դատախազն այնքան էլ չէր հավատում  վրացի գրքամոլի և նրա պաշտպանի  հավաստիացումներին, սակայն իր միջնորդության մեջ նշեց, որ այդ գրքերի վերադարձը շատ կարևոր է մեր երկրի համար, ուստի առաջարկեց, այնուամենայնիվ, հատկացնել նախանշված ժամանակահատվածը: Նմանօրինակ միջնորդություններ ներկայացրեցին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները` նշելով, որ գրքերի վերադարձը մեղմացուցիչ հանգամանք կհանդիսանա մեղադրյալների համար:

 

Դատական  խառնաշփոթի հեղինակ վրացի ամբաստանյալը, ըստ երևույթին, բավարարված իր բարձրացրած անհանգստությունից, քթի տակ ժպտում էր: Ինչևէ, դատավոր Մ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ բավարար ապացույցներ չկան, որոնք թույլ կտան վստահելու Ազարիաշվիլիի և նրա պաշտպանի հավաստիացումներին, և ամբաստանյալներին վերջին խոսքի հնարավորություն տվեց:

 

Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին իր թարգմանչի միջոցով ասաց, որ ինքը սուտ չի խոսում և մտադիր չէ ձգձգել դատավարությունը, ավելին` անգամ եթե իրեն 9 կամ 11 տարի ազատազրկման դատապարտեն, վերաքննիչ դատարան չի դիմի:

 

Իրենց վերջին խոսքում բոլոր ամբաստանյալները, բացի Աբգար Հովսեփյանից, նշեցին, որ ընդունում են իրենց մեղքը և դատարանից խնդրեցին իրենց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել:

 

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, այն կհրապարակվի ժամեր անց: