կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-27 13:26
Մշակույթ

Չեխիայում առկա հայ հնատիպ գրքերը կթվայնացվեն

Չեխիայում առկա հայ հնատիպ գրքերը կթվայնացվեն

Այսօր Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների տնօրենները ստորագրեցին համագործակցության պայմանագիր 2013-2015թթ. համար:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ վերջին տարիներին մեր իրավապայմանագրային դաշտը բավական ակտիվորեն թարմացվում է, հատկապես` թատերական, գրական եւ մանկական արվեստի ոլորտներում: Ըստ նրա` Չեխիայի գրադարանի հետ համագործակցության պայմանագրի ամենակարեւոր կետը թարգմանության ոլորտում միասին աշխատելն է, քանի որ այդ միջոցով հնարավոր կլինի վերականգնել մեր թարգմանչական ավանդույթները:

 

Չեխիայի ազգային գրադարանի տնօրեն Թոմաշ Բոհմը նշեց, որ առաջիկայում կպատրաստվեն «Հայ գիրքը Չեխիայում», ինչպես նաեւ «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկերը: Ըստ նրա` պայմանագրի կարեւոր կետերից մեկն էլ այն է, որ կողմերը պարտավորվում են թարգմանչական ոլորտում նույնպես ակտիվ համագործակցել, ինչը ենթադրում է, որ մի շարք հայ հեղինակների գրքեր շուտով լույս կտեսնեն չեխերեն:

 

«Եվ մենք կիմանանք, որ, բացի Մկրտիչ Արմենից եւ Վիլյամ Սարոյանից, շատ ու շատ հայ գրողներ կան: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ հայ հնատիպ /1512-1800թթ./ եւ վաղ շրջանի /1801-1920թթ./ Չեխիայում առկա գրքերը կթվայնացվեն եւ կտրամադրվեն Հայաստանի ագզային գրադարանին»,- ասաց Բոհմը:

 

Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովան նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շատ ուրախ է, որ այցի պատճառը հենց գրադարանների միջեւ կնքվող պայմանագիրն է, քանի որ, ըստ նրա, հայերն ու չեխերը նույն արժեքներն ունեն գրական եւ պատմական ոլորտներում. «Չեխիայում գևրադարանները բավականին շատ են. անգամ ամենափոքրիկ գյուղերում կան գրադարաններ, որոնք պետական աջակցություն են ստանում: Մեր գրադարանները պետության միջոցներով ապահովվել են համակարգիչներով եւ ինտերնետով»:

 

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հավաստիացնում է, որ Չեխիայում ունենք հայ հնատիպ գրքերի բավական հարուստ ժառանգություն, որը մենք չունենք եւ թվայնացման միջոցով հնարավորություն կունենանք այդ գրքերը նաեւ մեր գրադարաններում ունենալ. «Հիանալի նախաձեռնություն է: Կարծում եմ` բոլոր երկրներում պետք է այդ հավաքչական աշխատանքները կատարենք»: