|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երեւանի սանմաքրման ձեռնարկությունների գերակշիռ մասը պատրաստ է եղանակային փոփոխություններին. ձեռք է բերվել 625 տոննա աղ, 1467 խորանարդ մետր ավազ, 274 միավոր մեքենամեխանիզմ վերազինվել եւ պատրաստ է շահագործման: Կատարվել են բազմաբնակարան շենքերի թեք եւ հարթ տանիքների, շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ: Գույքագրվել են այն ենթակառուցվածքները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձմռան պայմաններում եւ որոնք լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում: Այս մասին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին:
Նա նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել, սակայն այդ աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավել նաեւ համատիրություններին: Բացի այդ` Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն ծանուցել տնտեսվարողներին, որ պայմանագրային պարտավորությունների մեջ են մտնում նաեւ իրենց հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:
Մանկապարտեզների եւ հանրակրթական այլ հաստատությունների ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր ՆՈՒՀԵՐ-ը ջեռուցման սեզոնի պատրաստ են, որոշ մանկապարտեզներում աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն 15 օրից. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: