կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-06 23:04
Հասարակություն

Նախագահ Սարգսյանը Ստեփանավանում հյուրընկալվել է Ղաբուզյանների ընտանիքին

Նախագահ Սարգսյանը Ստեփանավանում հյուրընկալվել է  Ղաբուզյանների ընտանիքին

Ստեփանավանում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին:

 

2009թ. մայիսին ժամկետային ծառայության զորակոչված Արտակ Ղաբուզյանը (ծնվ. 08.05.1991թ.) ծառայության ընթացքում ցուցաբերել է արիություն եւ անձնական խիզախություն՝ մահացու վիրավորելով զորամասի մարտական դիրք ներխուժած հակառակորդին, որի համար 15.09.2010թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության», իսկ 30.08.2010թ.՝ ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալներով:

 

Զինծառայությունն ավարտելուց հետո Արտակ Ղաբուզյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ստեփանավանի զորամասի ռեգլամենտային մարտկոցի մարտական մասի հավաքման և ռեգլամենտային աշխատանքների հաշվարկի մեխանիկ: Արտակ Ղաբուզյանը, միաժամանակ, սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում (հեռակա):

 

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը, այցելելով Ղաբուզյանների ընտանիքին, նախ շնորհակալություն է հայտնել Արտակի ծնողներին՝ նման օրինակելի զավակ մեծացնելու համար՝ ընդգծելով, որ պետության սահմաններն ամուր պահելու եւ Հայրենիքը պաշտպանելու առումով Արտակի կատարած գործն անչափ կարևոր է:

 

Արտակի եւ նրա ընտանիքի անդամների հետ Սերժ Սարգսյանը զրուցել է նաեւ ընտանիքի առօրյա խնդիրների ու հոգսերի մասին, նշել, որ պատկան մարմիններին հանձնարարել է շատ կարճ ժամկետում լուծել նրանց նոր բնակարան հատկացնելու խնդիրը: