կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-05 14:30
Առանց Կատեգորիա

Չսահմանված արժեքների երկիրը

Չսահմանված արժեքների երկիրը

Ավարտվեց Հայաստանի բնակչության հաշվառումը:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ հաշվառվելը Հայաստանի քաղաքացիների պարտքն է. «Փորձում էինք մարդկանց համոզել, որ իրենք եւս իրենց պարտքը կատարեն եւ հաշվառվեն»:

 

Հայաստանի նման չսահմանված արժեքների երկրում այդ չարաբաստիկ պարտքը միայն քաղաքացու հանդեպ դավադրություն է հիշեցնում:


Կասկած չկա, որ սա այն երկիրն է, որտեղից մարդիկ ավելի հաճույքով հեռանում են, քան՝ վերադառնում: Հեռանում են մի շարք պատճառներով՝ չեն ուզում ծառայել բանակում, չեն կարողանում զբաղվել գործարարությամբ, չեն կողմնորոշվում, թե որոնք են երկրի առաջնահերթությունները: Մարդիկ չեն հասկանում, թե այս երկրում ինչն է էական, ինչը՝ ոչ: Հետեւաբար չեն էլ հասկանում, թե ի՞նչ թիթիզություն է մարդահամարը: Ի՞նչ է որոշում այն: Երբ պետությունն իր հարցերը փորձում է պարզել, մարդկանց դռները թակելով, դրանից ոչ մի լավ բան սպասել չի լինում:


Հիշեք 1992-1993 թվականները, երբ զինկոմիսարիատները, դռները թակելով, հավաքում էին այն երիտասարդներին, որոնք Ղարաբաղում պիտի գրեին ազատագրական պայքարի պատմությունը: Սակայն մայրերի մեջ մնաց տագնապը, եւ տհաճությունը մնաց այն մայրերի մեջ, որոնց որդիներին այդպես էլ չգտավ զինկոմիսարիատը:


Հիշեք տարբեր գաղափարախոսությունների կրոնական կազմակերպությունները՝ Աստծո թագավորության իրենց տեսլականներով: Ծեծում են ձեր դուռը եւ թմրամիջոցների էֆեկտներով առաջարկում մի հաճույք, որն Աստծուց է: Կուլ գնաս այդ հաճույքին, թե կուլ չգնաս, ոչ մի կերպ չես հասկանում, թե այդ ամբողջ պատմության մեջ պետությունն ի՞նչ արժեք է, ավելի ճիշտ՝ եթե ինձ կարող եմ հանձնել Աստծո տնօրինությանը, պետությունն իմ ինչի՞ն է պետք:


Հիշեք նախընտրական ամիսներին ձեր դռները գրեթե ջարդող տարբեր քաղաքական կուսակցությունների «հրավերները»` լսելու, թե,- Աստծո ականջը խուլ,- ինչեր կարող են անել իրենք այս երկրի համար, եթե իրենց ձայն տաք: Եվ հատկապես հիշեք, թե ինչպես են նրանք ընտրվելուց հետո երկիրը շարունակում լցնել այն խոստումներով, որոնք պիտի արդեն գործ դարձած լինեին` ընտրությունների հաջորդ օրվանից սկսած:


 Հիշեք, վերջապես, ձեր տան դուռը, որը ոչ ոք չի ծեծում, որովհետեւ ոչ մեկին չեք սպասում, նրանք այս երկրից հեռացել են: Ու հանկարծ դուռը ծեծում է ձեզ անծանոթ մի կին ու մի բաժակ ջուր չի խնդրում, մի կտոր հաց չի խնդրում: Նա եկել է ասելու, որ դուք մարդահաշիվ եք Հայաստանում, տեղեկանալու, թե 4-րդ հարկի մեկսենյականոցում հո խոզ կամ կով չե՞ք պահում: Որովհետեւ եթե պահեցիք, դուք ունեւոր եք, եւ պետությունը համապատասխան հետեւություններ կանի մյուս տարվա բյուջեում աղքատ ընտանիքներին հատկացվող գումարների բաշխման հաշվարկներն անելիս:


Այսքանից հետո մի հարց մնում է անպատասխան՝ ի՞նչ է իմ տունը, եթե այն առաջին թիրախն է իմ հետ հարաբերության: Եթե ես իմ տանը չեմ կարող հանգիստ նստել, եւ ստիպված եմ ամեն առիթով տան դուռը բացել, այսինքն, եթե պետությունն ինքը չի կոնկրետացնում դռան թակոցներին արձագանքնելու իմ իրավունքը:


Վերջապես, ի՞նչ է նշանակում մարդահաշիվ լինելու իմ պարտքը: Իսկ ովքե՞ր են մարդահամարից երկու օր առաջ երկրից հեռացածները: Պետությունն ի՞նչ արժեք է վերապահել իմ տանը՝ իմ տեղն իմանալու արժե՞քը: Ո՞վ եմ ես փողոցում, որտեղ իմ տեղն ավելի լավ գիտեք: Ո՞վ եմ ես ընդհանրապես: Պետությունը պատասխան չունի, որովհետեւ տան հակառակը փողոցը չէ, տան հակառակը, ինչպես սոցիոլոգներից մեկն էր ասում՝ սահմանազանցությունն է, այս դեպքում սահմանազանցությունն այն է, երբ քո երկրի սահմաններում դու ոչինչ ես:


Սեյրան Հանոյան