կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-02 19:10
Հասարակություն

Հերթական չորեքշաբթին

Հերթական չորեքշաբթին

Այսօր հերթական անգամ ՀՀ նախագահի նստավայրի մոտ Դալմայի այգիների վարձակալները իրականացրին բողոքի ակցիա։ Նրանք բողոքում էին, որ դեռեւս 1994 թվականին կնքված պայմանագրերը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գնահատել է որպես իրավական ուժ չունեցող փաստաթուղթ եւ հայտնել, որ այն ընդամնեը «լիմոնադի պիտակի» զորություն ունի: Բողոքավորները հենց այս արտահայտության մասին հարցի պատասխանն էին պահանջում երկրի նախագահից: Դալմայի վարձակալները հայտնում են, որ իրենց այգիներում հողակտորներ վարձակալելուց 10 տարի հետո նրանք հնարավորություն ունեին սեփականաշնորհել դրանք, սակայն քաղաքային իշխանություները խախտելով իրենց հետ կնքած պայմանագրերը, այգիները խլել եւ տվել են մի քանի օլիգարխների։ «Այժմ Դալմայի վարձակալները, ոչ միայն հողամասերից են զրկվել, այլեւ զրկվել են փոխհատուցում ստանալու հնարավորությունից»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռուզաննա Ղազարյանը: Իրավաբան Ղազարյանը նաեւ հայտնեց, որ իրենք, դեռեւս այս տարվա օգոստոսի 23-ին, ՀՀ նախագահին փոխանցել են նամակ, որի պատասխանը մինչ օրս չեն ստացել: Դալմացիներ իրենց նամակում նախագահին հիշեցրել էին դեռեւս  հուլիսի 9-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իր իսկ արած հայտարարությունը. «Խնդիրների մասին պետք է բարձրաձայն խոսել, հաշվետու լինել դրանց լուծման ընթացքի մասին եւ անկասկած` հետեւողական լինել ոչ միայն այդ խնդիրները բարձրաձայնելու, այլեւ` դրանք լուծելու հարցում»:

Սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն հիշեցնում էին, որ արդեն 8 տարի իրենք պայքարում են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար, իսկ նրանցից մի քանիսն էլ, այս տարվա ապրիլ ամսից սպասում են Երևանի քաղաքապետի կողմից խոստացված արդարացի փոխհատուցմանը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Դալմայի այգիների վարձակալներին ընդունել էր արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ խոստացել էր լուծել  խնդիրը: «Հիմա էլ նոր քաղաքապետ, ինչը նշանակում է նորից անցնել դռնեդուռ եւ նույն խոստումները լսել»,- ավելացրեց ակցիայի մասնակիցներից մեկը: Եվս մեկ անգամ դալմացիները տեղեկացրեցին, որ իրենց խնդիրներով զբաղվող քաղաքապետարանի աշխատակազմը բոլորովին էլ հետեւողական չէ, քանի որ, նրանք, ովքեր առ այսօր չեն ստացել իրենց խոստացված փոխհատուցումը, այլեւս ոչ մի հուսադրող պատասխան չեն ստանում իրենց խնդրով զբաղվող պատասխանատուներից եւ հերթական անգամ կանգնած են անտարբերության պատի դիմաց: Նրանցից մեկն էլ պնդում էր, որ Հայաստանում գոյություն չունի արդար դատարան եւ «օրենքը միայն գործում է մեծահարուստների համար»։

Իրավաբան Ղազարյանը նաեւ հիշեցրեց, որ 2008թ.-ին ՄԱԿ-ի ԵՏՀ Համապատասխանության կոմիտեն հաստատել է, որ Դալմայի այգիների հետ կապված որոշումը կայացվել է Օրհուսի Կոնվենցիայի մի շարք դրույթների խախտմամբ: Գլխավորապես` որոշումն ընդունելիս հաշվի չեն առնվել շահագրգիռ հանրության և առաջին հերթին հողօգտագործողների կարծիքն ու շահերը, իսկ դրանից հետո էլ, առ այսօր հանրապետությունում ստեղծված չէ այն «անկախ եւ անաչառ կառույց»-ը, որը պետք է առանց ֆինանսական եւ այլ խոչընդոտների աջակցի Կոնվենցիայով նախատեսված անձանց (տվյալ դեպքում` հողօգտագործողների) խախտված իրավունքների վերականգնմանը: Դալմայի այգիների վարձակալները նաեւ ՀՀ նախագահին հիշեցրեցին, որ առաջիկայում խորհրադարանական ընտրություններ են, ուստի խոստումներ տվողներ շատ կլինեն. «Սերժ Սարգսյանը, եթե մինչեւ ընտրությունները իրենց հարցը չլուծի, ապա գնալու են բոլոր ընտրական շտաբների մոտ ակցիաներ անեն»:

Գալուստ Նանյան