կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 12:16
Տնտեսական

"Ներտնային գազի սպասարկում" անվան տակ

"Ներտնային գազի սպասարկում" անվան տակ

Թյուր կարծիք է, թե Հայաստանում մեծ փողեր աշխատելը դժվար է:

 

Ես կասեի` դժվարը հարյուրհազարավոր մեր քաղաքացիների համար, ուղղակի նշանակությամբ, օրվա հաց վաստակելն է: Իսկ միլիոնների տարափը մենաշնորհյալների գլխին օդից է թափվում, թեկուզեւ` “ներտնային գազի սպասարկում” անվան տակ: Իսկ ինչու` ոչ: Եվ այսպես, 2011 հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գազասպառող բաժանորդների թիվը հասավ 620 հազար 241-ի: Տարեսկզբին այդ թիվը կազմում էր 612 հազար 891 բաժանորդ: Բաժանորդների թվաբանական պրոգրեսիային զուգընթաց` ժամառժամ աճում են նաեւ հանրապետությունում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող “Էյ՟Ի՟Ջի սերվիս” ընկերության` առանց այն էլ ոչ փոքր եկամուտները:

 

Վերջինիս եկամուտների ավելացումը, սակայն, բացարձակապես չի նպաստում սպասարկման որակի թեկուզ փոքր-ինչ բարելավմանը: Ավելին, ընկերությունը մի տեսակ վերածվել է դրամահավաք հիմնադրամի, որը, սակայն, չգիտի` ինչի՞ վրա եւ որտե՞ղ արդյունավետ ծախսել իր գումարները: Ինչեւէ, 2005թ. տարեվերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազասպասարկման ներտնային համակարգի մենաշնորհը տվեց “Հայռուսգազարդին”` պատճառաբանությամբ, որ միայն վերջինս ունի տեխնիկական բավարար միջոցներ եւ մասնագիտական ներուժ` հանրապետության ողջ տարածքում իրականացնելու գազի ներտնային սպասարկում: Իսկ մինչ այդ նման ծառայություն իրականացնում էին տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը կանոնակարգված չէր:

 

Այսպիսով, ՀԾԿՀ թեթեւ ձեռքով “Հայռուսգազարդը” դարձավ կրկնակի մենաշնորհատեր` ինչպես գազամատակարարման, այնպես էլ գազասպասարկման բնագավառներում: Սա առաջին տարօրինակ քայլն էր, երբ արդեն իսկ մենաշնորհից օգտվող տնտեսվարողը գործունեության այլ ոլորտում եւս մենաշնորհ է ստանում։ Սակայն սրանով տարօրինակությունները չեն ավարտվում։ “Հանրապետության ողջ տարածքում գազի ներտնային սպասարկում իրականացնելու համար տեխնիկական բավարար միջոցներ եւ մասնագիտական ներուժ ունեցող միակ կազմակերպությունը”` “Հայռուսգազարդը”, իր հերթին, որոշ ժամանակ անց, իր վրա վերցնելով միանգամից մի քանի պետական մարմինների լիազորություն, առանց մրցույթ հայտարարելուՙ այս գործառույթը վերալիազորեց մեկ այլ տնտեսվարող սուբյեկտիՙ “Էյ՟Ի՟Ջի սերվիս” ընկերությանը:

 

Թե որտեղից հանկարծ հայտնվեց համապատասխան կարողություն ունեցող այդ կազմակերպությունը, եւ դրա հայտնվելուց հետո ինչու այս դաշտը չհայտնվեց մրցակցային ոլորտերի շարքում, ոչ մեկը չի կարողանում բացատրել։ Մինչդեռ ակնհայտ էր, որ “Էյ՟Ի՟Ջի սերվիս” ընկերության հայտնվելով ՀԾԿՀ-ն պարտավոր էր անհապաղ “Հայռուսգազարդին” զրկել այս ոլորտում մենաշնորհային գործունեության իրավունքից, կամ առնվազն պարտավորեցներ նրան ոչ թե իր մենաշնորհային իրավունքը փոխանցել մեկ այլ ընկերության, այլ սահմանելով տեխնիկական եւ մասնագիտական հագեցածության համապատասխան չափանիշներ, հայտարարել գազասպասարկում իրականացնող ընկերությունների հավաստագրման գործընթաց սկսելու մասին։

 

Մինչդեռ տարօրինակությունները շարունակվում էին։ ՀԾԿՀ-ն հաստատեց նաեւ գազի ներտնային սպասարկման սակագներն այնպես, ինչպես հարմար գտավ գործունեություն իրականացնողը: Այլապես, ոչ մի ռեալ հաշվարկ եւ թվաբանություն չկա եւ չի կարող լինել ներկայիս գործող սակագների պարագայում, որտեղ գազօգտագործող 1 սարքի համար որոշվեց բաժանորդից “բռնագանձել” 2400, 2-ի դեպքում` 5700, իսկ 3 սարքի դեպքում` 6900 դրամ: Ի սկզբանե հաստատված պայմանագրի ձեւն այնպիսին է, որ դառնալով “Հայռուսգազարդի” բաժանորդ, դու չես կարող հրաժարվել “Ներտնային գազասպասարկման համակարգի տեխնիկական սպասարկման” համաձայնագրով պարտադրված պայմաններից: Իսկ թե այդ ինչ սպասարկման ծառայություններ է իրականացնում “Էյ-Ի-Ջի սերվիս” ընկերությունը, որոնք չէին կարող իրականացնել այլ կազմակերպություններ, փորձենք հասկանալ:

 

Ընկերության տեսուչները կամ այսպես կոչված` փականագործները տարին երկու անգամ պլանային ստուգայց են կատարում գազասպառող բնակարաններ: Տեսուչի պարտականությունների մեջ մտնում է գազօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում, գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցման եւ ծխատար ուղուն միացման, օդափոխության եւ այրման համար անհրաժեշտ բացվածքների զննում, ծխաօդատար ուղիներում քարշի ստուգում եւ, ամենակարեւորը, ծխաօդատար ուղիների մաքրում: Իբրեւ բաժանորդ` փաստում եմ եւ համոզված եմ, որ գրեթե բոլորը կհաստատեն, որ բացառությամբ գազօգտագործող սարքավորումների զննումը, այն էլ` հպանցիկ, տեսուչը բնակարում այլ աշխատանք չի կատարում: Նրա աշխատանքը` ինչ-որ բլանկների լրացում եւ այլն, 10, առավելագույնը` 15 րոպե է տեւում, այն էլ` եթե ինչ-որ խախտում է հայտնաբերվել: Ի դեպ, ամենաաննշան ու անվտանգ խախտումների դեպքում անգամ վերջիններս վերածվում են յուրատեսակ “հարկային տեսուչների”` տուգանքների սպառնալիքով ու վարձահատույցի ակնկալիքով: Բայց սա առանձին թեմա է:

 

Մնացած դեպքերում բաժանորդն ստորագրում է` ընդամենը փաստելու, որ տեսուչն այցելել է իրեն, եւ դրա համար կլորիկ գումար է վճարում ընկերությանը: Նկատենք, որ տեսուչը, որպես կանոն, միշտ մենակ է այցելում` անկախ նրանից, թե քո բնակարանում գազօգտագործող քանի սարք կա: Սա հատկապես նշում ենք, քանի որ սակագների հաստատման հիմքում դրված է նաեւ, թե քանի սարքի դեպքում քանի փականագործ պետք է այցելի բնակարան, եւ թե մոտավորապես որքան պետք է կազմի նրա աշխատանքի տեւողությունը: Նախատեսված է, օրինակ, որ 2 գազօգտագործող սարքի սպասարկման համար բնակարան պետք է այցելեն 2 տեսուչներ եւ աշխատեն միջինը 42 րոպե, 3-ի սարքի դեպքում առաջին այցը նախատեսվում է 52 րոպե, երկրորդը` 84 րոպե:

 

Որեւէ մեկը երբեւէ տեսե՞լ է պլանային ստուգայց կատարող երկու-երեք տեսուչ միաժամանակ, որոնք ժամ-ժամուկես աշխատեն մեկ բնակարանում: Դե, բայց սակագների հաշվարկման հիմքում մի բան պիտի դնե՞ն, թե՞ ոչ… Այստեղից էլ` ընկերության շուրջ հազար աշխատակից ունենալու եւ նրանց վճարելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է փականագործի կողմից ծխաօդատար ուղիներում քարշի ստուգմանը, իսկ առավել եւս` նրանց մաքրմանը, ապա այս մասով` կարելի է հարցախույզ անցկացնել, համոզվելու, որ գրեթե ոչինչ չի կատարվում: Իսկ եթե անգամ յուրաքանչյուր քսան կամ հիսուն բնակարաններից մեկում, այնուամենայնիվ, բաժանորդի պահանջով կատարվում է այդ աշխատանքը, դա այն չափը չէ, որի համար բաժանորդը պետք է վճարի սպասարկման այսպիսի բարձր գին:

 

Ներտնային գազի սպասարկման սակագների հիմքում, իհարկե, այլ հաշվարկներ էլ կան, նույնքան ուռճացված նյութածախս եւ այլն: Այլ կերպ` սպասարկման իրական ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան ներկայացրել է ընկերությունը, որն էլ, իր հերթին սիրահոժար հաստատել է ՀԾԿՀ-ն ու ոչ մի կերպ չի ուզում վերանայել: Այստեղից էլ` ընկերության մեծ շահույթները. հրապարակվում է 10%, սակայն կասկածից վեր է, որ այդ ցուցանիշն իրականում մի քանի անգամ մեծ է: Այժմ ասեք, թե Հայաստանում քանի՞ այսպիսի “վագրի թռիչքներ” կատարող բիզնես կա: Մինչդեռ, մեր տեղեկություններով, օրինակ, Ռուսաստանում սպասարկման գնի հասկացողություն չկա. այն ներառված է բաժանորդին մատակարարվող գազի գնի մեջ եւ, մասնագետների կարծիքով, չնչին գումար է կազմում: Լավ, ընդունենք` մեզ մոտ էլ առանձին են հաշվարկում, կարելի՞ է, գոնե, այս խայտառակ մենաշնորհը վերացնել։ Սա անելու ամենատրամաբանական տարբերակը այն կլիներ կամ այս պահին անել թեկուզ նվազագույնը` սակագներն իջեցնել: Կարծում եք` մեր հասարակությունն այնքան ապահով է, որ մի քանի հազար դրամ էլ կարող է վճարել գազի սպասարկումի՞ց “փող բռնողներին”:

 

Ի դեպ, հարցին, թե արդյոք առաջիկայում սակագների վերանայում չի սպասվում, ՀԾԿՀ հասարակության հետ կապերի պատասխանատուն հայտնեց, որ թեեւ ուսումնասիրություններ կատարվում են, խնդիրը նիստի օրակարգային հարց չի դարձել:

 

Թ. Ղ.