Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդահամարն ավարտվեց: Թե բնակչության ի՞նչ թիվ կհրապարակվի, դեռ միջազգային մասնագետները պետք է գան ու հաշվեն, սակայն ներկայացվելիք զեկույցը, գոնե մեզ համար, արդեն իսկ կասկածելի է, քանի որ մարդահամարն անցավ բազմաթիվ խախտումներով:
Արդեն երկար ժամանակ է, ինչ կառավարությունն աշխատում էր այդ հույժ կարեւոր ծրագիրը հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ. ներդրվեցին հսկայական միջոցներ (2,5 մլրդ դրամ), կատարվեց լայնածավալ նախապատրաստական աշխատանք, մոտ 15 հազար մարդ ներգրավվեց գործում, սակայն այս ծրագիրը եւս կառավարության գործունեության մյուս ոլորտների նման իրականացվեց թափթփված:
Հարցաթերթիկում ներառված է 33 հարց, որոնք պետք է լիարժեք պատկերացում տային Հայաստանում դեռեւս բնակվող մարդկանց ընտանեկան, սոցիալական դրության, կոմունալ-կենցաղային պայմանների եւ այլնի մասին: Նախապես այցելելով քաղաքացիների տները` ճշտելու համար, թե երբ է վերջիններիս հարմար հաշվառվել, հաշվարարների մի մասն այնուհետեւ հեռախոսով է աշխատել: Եթե քաղաքային հեռախոսով է` տրվել են մեկ տասնյակ հարցեր, եթե բջջայինով է` ընդամենը մեկ-երկու հարց: Իսկ եթե այցելել են տուն՝ զարմանալիորեն տվյալները լրացնում են մատիտով, որը նույնպես քաղաքացիների տարակուսանքն է հարուցում:
Բացեր կան նաեւ զուտ կազմակերպչական տեսանկյունից. Նոր Արեշում եւ Կենտրոնում, օրինակ, հաշվարարները մեզ հայտնեցին, որ նույն հասցեները կան մի քանի անձանց մոտ, եւ նույն տունը հաճախ այցելում են մի քանի հաշվարարներ: Իսկ երբ դա հայտնել են կենտրոնին, այնտեղից ասել են, թե` դա մեր գործը չէ, 300 հոգու պլան է դրված, ոնց ուզում եք` բերեք: Պատահել է, որ քաղաքացին սկզբում սիրահոժար պատասխանել էր հարցերին, ապա նեղսրտել, որ դա անում եմ երրորդ անգամ: Փոխարենը, թեկուզ հենց մեր խմբագրությունում կան մարդիկ, որոնց տները հաշվարարի ոտք չի տեսել: Գուցե նրանց տվյալներն արդեն ունե՞ն եւ լրացնելո՞ւ են:
Տպավորություն է ստեղծվում, որ պարզապես պարտավոր էին անցկացնել մարդահամար եւ անում են: Մարդահամարի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել, ուրեմն արժե, որ հավուր պատշաճի այն անցկացվի, գոնե սեփական քաղաքացիների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար: Այլապես կարող է մարդահամարի արդյունքում ստացվել, որ մենք ունենք երկրում, ասենք, 5 միլիոն քաղաքացի, որոնք բոլորն էլ ապրում են այնպիսի պայմաններում, ինչպիսին ցանկանում է հաշվարարը: