կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 17:22
Իրավական

ՀԿ-ն մարդահամար անցկացնող ա՞. Տիգրան Մուկուչյանը ''Ասպարեզի'' հետազոտության մասին

ՀԿ-ն մարդահամար անցկացնող ա՞. Տիգրան Մուկուչյանը ''Ասպարեզի'' հետազոտության մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ուսումնասիրելու Ժուռնալիստնրի «Ասպարեզ» ակումբի` ընտրությունների արդյունքները կեղծելու վերաբերյալ արված հետազոտությունը, քանի որ ընտրությունները վաղուց են ավարտվել: Այս մասին նա ասաց yerkir.am-ի հետ զրույցում:

 

Հիշեցնենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը երեկ հրապարակել էր  փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով մասնակցության 90 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած 32 համայնքում անցկացված հետազոտության արդյունքները: Ըստ այդմ` ուսումնասիրված 32 համայնքներից 10-ում նախագահական ընտրության օրը չէր կարող գտնվել այնքան ընտրող, որքան, ըստ ԿԸՀ-ի տվյալների, մասնակցել է ընտրությանը:

 

Ըստ Մուկուչյանի` հետազոտության արդյունքները չեն կարող համադրվել ընտրողների ցուցակի հետ: «Համադրումը պետք է իրականացվեր ոչ թե ԿԸՀ հրապարակած արդյունքների հետ, այլ տեղամասային ընտրական հանձնաժողովների, իսկ հետազոտության մեջ պետք է նշվեր, որ այսինչ տվյալը համադրվել է այսինչ տեղամասի արդյունքների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ ինքն իմաստ չի գտնում` ծանոթանալու մի փաստաթղթի, որի կոչվում է այլընտրանքային մարդահամար:

 

«ՀԿ-ն մարդահամար անցկացնող ա՞»,- նշեց նա և հավելեց. «Ես, որպես իրավաբան, որոշակի առումով շփվել եմ վիճակագիրների հետ: Իսկ դուք գիտե՞ք, որ վիճակագրական ընտրանքն ինքնին գիտություն է, մեթոդոլոգիան` նույնպես: Չի կարելի այդպես արհամարհական վերաբերվել այդ ամենին»:

 

Ավելին` ԿԸՀ նախագահի կարծիքով` ընդհանրապես պետք չէր նման հաշվառում անել. «Նրանք պետք է ժամանակին իրենց դիտորդներին, կուսակցություններն էլ` իրենց վստահված անձանց ճիշտ ուսուցում կազմակերպեին կամ գոնե ստիպեին ԿԸՀ-ի կողմից հրատարակված ուղեցույցներին ծանոթանալ»: 

 

Մուկուչյանը զարմանք հայտնեց, որ 32 համայնքում անցկացվող հետազոտությունը կարող է տևել 3 ամիս և նույնքան ժամանակ անց նոր հրապարակվել: «Սա մի աշխատանք է, որը, կարծում եմ, անիմաստ գործ է, որի պարագայում ստացվում է մի ցուցանիշ, որը ոչ մի կապ չունի և ոչ մի կերպ չի կարող համադրվել ընտրողների ցուցակի կազմման հետ: Սրանք այն ցուցանիշները չեն, որոնք կարող են փոքր ստվեր գցել ընտրությունների վրա»,- ընդգծեց նա:

 

Նշենք, որ Լևոն Բարսեղյանը yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ այս հետազոտության արդյունքները փաստաթղթային հիմք են ընտրությունների արդյունքները կեղծելու վերաբերյալ: 

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: