Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Հանձնաժողովը կոչված է համակարգելու 10 տարին մեկ անգամ մարդահամարի անցկացման հանձնառությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է դեռևս 1999թ.-ին ընդունված «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով:
Փոխվարչապետը նշել է, որ մարդահամարը շատ կարևոր է, քանի որ հավաքագրված և վերլուծված տվյալները հիմք են դառնալու ոչ միայն ժողովրդագրության քաղաքականության մշակման, այլև ընտրական գործընթացների կազմակերպման, սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական պլանավորման համար: Ըստ այդմ, պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու մարդահամարի անցկացման բարձր որակը և հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունը։
Տիգրան Ավինյանը ասել է, որ կարևոր է ոչ միայն մարդահամարի արդյունքը, այլև գործընթացը, քանի որ այն հիանալի վարժություն է՝ առաջին հերթին բացահայտելու պետական գերատեսչությունների հետազոտական կարողություններում առկա բացերը, ինչպես նաև զարգացնելու դրանք։
Նիստի ընթացքում փոխվարչապետը հայտարարել է, որ մշակված մեթոդաբանությունը և դրա տեխնոլոգիական լուծումները փորձարկելու նպատակով իրականացվելու է փորձնական մարդահամար Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում։
Տիգրան Ավինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահին հանձնարարել է անձնական հսկողության տակ պահել փորձնական մարդահամարի որակյալ անցկացումը և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն: Բացի այդ, «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին հանձնարարվել է Վիճակագրական կոմիտեի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներկայացնել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են մարդահամարի անցկացման նպատակով վարչական շտեմարանների փոխգործելիությունն ու հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու համար։