Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս տանն ապրել է...»: Եթե քաղաքի հին տների վրա կան այսպիսի հուշատախտակներ, գուցե անհրաժեշտ է դրանք վերացնել` փրկելու համար շենքը, որովհետև մի պարալիզացված տրամաբանությամբ քանդվում են քաղաքի հենց այդ տները:
«Աննշան հայրերի հարուստ զավակները քանդում են նշանավոր հայրերի չունևոր զավակների տները»: Մի քանի օր առաջ գրել էի Ռաֆայել Իսրայելյանի տունը հողին հավասարեցնելու մասին` իրականում նկատի ունենալով միայն այդ տունը և Ղուկաս Չուբարյանի տան հանդեպ ոտնձգությունը: Հոկտեմբերի 17-ի առավոտյան հասկացա, որ մասնավոր դեպքի կապակցությամբ իմ սեփական նախադասությունն իրականում հնարավոր է` քաղաքի մի շարք հին, նշանավոր տները քանդելու ամենախորքային պատճառն է:
Ո՞վ գիտի, գուցե սա մանուկ ժամանակ նշանավոր մարդկանց հանդեպ ձևավորված չարության դրսևորումն է, որը հոգեբանության մեջ այնպես քնքշորեն կոչվում է «անլիարժեքության բարդույթ»: Մեղմ ասած` չի բացառվում, մանավանդ եթե հաշվի առնենք կենսագրություններ հորինելու անառողջ վարքագիծը, որ եթե դեռահասության տարիքում ցանկալին իրականություն տեսնելու առողջ երևակայություն է, ապա 50-ից հետո` սեփական հայրերի նկատմամբ անառողջ չարություն, միայն այն պատճառով, որ նրանք նշանավոր չեն: Գուցե սա է ստիպում վերացնել հուշատախտակ ունեցող տները: Փաստորեն, հուշատախտակով տները ռիսկային խումբ են, մի տեսակ հրեական աստղը կրծքներին տներ:
Հոկտեմբերի 17-ի առավոտյան Բուզանդի փողոցում քանդում էին քաղաքի հին երկհարկանի շենքերից մեկը, որի պատին` դեռ չջարդած հուշատախտակի վրա, գրված էր, որ այդ տանն ապրել է Սուրեն Քոչարյանը: Երբ մոտեցա շենքին, շինարարներն հանգստանում էին, իսկ մի երիտասարդ ակտիվ լուսանկարում էր: Որոշեցի, որ երկուսով ենք ցավում փոքր ժամանակվանից ծանոթ այս շենքի մահը:
-Ինչ ես նկարում որ, ապե՜,- հարց տվեց շինարարը ու ինձ թվաց «Կարգին հաղորդում»-ից հատված է:
- Հեչ, էլի ,արխիվի հմար են ասե նկարեմ:
-Ես էլ ասի կարող ա ոսկի-մոսկի ես ման գալի: Էրեգ գայիր լիքը հետաքրքիր բան կար,- իր IQ-ի հեռարձակումն էր շարունակում շինարարը:
Գողոնը բաց թողածի նվաղած տեսքով պատանի «ֆոտոգրաֆը» հարցրեց.
- Ինչ է՞ր, որ:
Այստեղ մոտեցավ մի ծեր շինարար, որը զրույցին մինչ այդ չէր մասնակցել.
- Արա', էն կուպոլը ցույց տուր, էն կլոր կամարը:
- Սև ցավիս ա,- պատասխանեց ֆոտոգրաֆն ու գնաց` երևի վաստակած «պերերիվի»:
Այս պահից սկսած` ես մի փոքր շեղվեցի մինչ այդ հայտնագործություն թվացած «աննշան հայրերի հարուստ զավակների» իմ տեսությունից ու հասկացա, որ մենք արտասովոր շեղումներով ժողովուրդ ենք: Վերջին տարիներին, երբ պարզվեց, որ թուրքերը Կարսի սահմանին յաթաղանը ձեռքներին մեզ չեն սպասում, որ մորթեն, ով կարողացավ գնաց` փնտրելու իր պապենական տների ստվերները` է՛լ Խարբերդում, է՛լ Մալաթիայում, մի խոսքով` Արևմտյան Հայաստանով մեկ: Նկարում, բերում, ցույց են տալիս, լաց են լինում: Բայց միակ գործող, իրական, ոչ բուտաֆորիկ մայրաքաղաքում, որը վերջապես կարող են շոշափել, երկրի համար, բառիս ուղղակի իմաստով ամենակարևոր մարդիկ` շինարարները, քանդում են այնպես անցավ, որ, կարծես, ամեն ինչ կարգին է: Շինարարը ո՞նց կարող է անցավ քանդել:
Լավ, էս մարդկանց ի՞նչ արեցին, մի՞թե, իրոք, կեցությունն է անասուն դարձնում մարդուն: Սելջուկի պատվաստ ստացած մարդիկ են բազմացել`անուղեղ, անցավ, անխիղճ, անբարո: Հետո կարելի է անցնել «տ» ժխտական նախածանցի` տգետ, տխմար, տհաս… Բայց դրանից ի՞նչ օգուտ:
Շինարարը չի կարող չկատարել իր վրա դրված պարտականությունը` պիտի քանդի, բայց այն, որ այդ հին քարե շենքը, այդ անվանի մարդու հուշատախտակն է ճակատին քանդում ու ոչինչ չի զգում, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է, քան, երբ մի ժամանակավոր, թեկուզև երկարաժամկետ գլխավոր ճարտարապետ թույլ է տալիս քանդել քաղաքի շենքերը, որովհետև գլխավոր ճարտարապետները քանակապես ավելի քիչ են, քան շինարարներն ու ջահելները, որոնց «սև ցավին չի» Սուրեն Քոչարյանն էլ, Բուզանդի փողոցն էլ, երկհարկանի քարե շենքն էլ, պատմական հուշարձանն էլ:
Վերադառնալով իմ` ակամա ստացված տեսությանը, որը գնալով ինձ խելքին մոտ տեսություն է թվում`աննշան հայրերի զավակների վերաբերյալ, որոնք ատում են նշանավոր մարդկանց ու նրանց տները, այն մի ապացույց ունի` նախ` օրինաչափությունը, երկրորդ` ինչո՞ւ հենց այդ անիծված մի քանի քառակուսի մետրի վրա պիտի կառուցվի ուզբեկական գեղագիտության տարրեր կրող հյուրանոցը կամ, ինչպես «խոստումնալից» ֆոտոգրաֆն ասաց, «սև ցավը», ինչո՞ւ գեղեցիկ, հին, ամուր շենքի տեղում, այլ ոչ թե կողքին: Չկա բացատրություն, բացի հետևողական ատելությունից: Հաջորդը կքանդվի Պուշկինի փողոցում գտնվող մյուս քարե սև երկահարկանին, որովհետև հնություն է և ճակատին փակցված հուշատախտակին գրված է, որ այդ տանն ապրել է գեներալ, Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանը: Եվ Երևանի գլխավոր ճարտարապետի ու մնացած գլխավորների, շինարարների ու պատանի «ֆոտոգրաֆների» «սև ցավին» կլինի Սիլիկյանն էլ, Սարդարապատն էլ` կարևորը մայիսի 26-ին փահլևան խաղացնելն է: Մյուսը կլինի Արամ Մանուկյանի տունը, որովհետև գրված է, որ այդ տանն ապրել ու մահացել է Արամ Մանուկյանը: Հաջորդ շենքը անպայման փիլիսոփայության ինստիտուտի շենքը կլինի, ու այդպես` հերթով:
Առաջարկում եմ հանել հուշատախտակները, որովհետև դրանց վրա է գալիս ցավը, ինչպես ասաց լուսանկարիչը`«սև ցավը»:
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ