կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 19:05
Առանց Կատեգորիա

Մահվան դիրքավորումը

Մահվան դիրքավորումը
«Մեր տղաները փայլուն էին խաղում»,- երկու օր առաջ ասել է Սերժ Սարգսյանը: Հաջորդ նախադասությունը պարզապես անթույլատրելի է մարդու տեսանկյունից, որը ուշադիր չէ, թե ինչ կորուստներ են կրում մարդիկ Հայաստանում: Նա ասել է. «...բոլորս ազգովի՝ ամենայն ուշադրությամբ հետեւում էինք եւ երկրպագում Հայաստանի ազգային հավաքականի խաղին»:

 

Զուտ էթիկական պատճառներով երկրի նախագահը չի կարող խոսել մեր հավաքականի հաջողություններից, որովհետեւ չի ցավակցել օրերս սպանված զինծառայողի ընտանիքին եւ որեւէ վերաբերմունք չի արտահայտել մեկ այլ զինծառայողի` բռնաբարված լինելու փաստի նկատմամբ: Որովհետեւ չի չափել մեկի առարկայական վիշտը ամբողջ ազգի բարոյական ձեռքբերման՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին խաղի հետ:

 

Տղաները դարձան գրեթե համազգային սիրո օբյեկտ, իսկ «Եղնիկներում» սպանված եւ բռնաբարված երկու երիտասարդների ընտանիքները ցավակիցներ են փնտրում, որպեսզի մխիթարության խոսք լսեն:

 

Ավելի քան երկու տարի առաջ նախագահը բանակի օրվա կապակցությամբ ասել էր՝ բանակում ծառայելը մեծ առաքելություն է, հաղթանակած բանակում ծառայելը՝ պատիվ եւ պատասխանատվություն: Այդ ընթացքում ինչ-որ բաներ են տեղի ունեցել բանակում, որ երկրի ղեկավարն այս տարվա հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաժողովում արդեն խոսում էր բռի եւ անտակտ զինվորականի կերպարն արմատախիլ անելու մասին:

 

Բոլոր հեռուստաընկերություններն անդրադարձան այս ելույթին: Ոչ մեկը, սակայն, չվերլուծեց, թե ի՞նչ նկատի ուներ երկրի ղեկավարը: Ինչո՞ւ: Որովհետեւ թշնամու ջրաղացը միշտ պտտվում է մեր քթի տակ. հանկարծ ու բանակում արատավոր երեւույթների մասին խոսելով` ջուր չլցնենք էդ ջրաղացին: Բայց հետեւողականությունը Սերժ Սարգսյանին չէր խանգարի: Ասե՞լ է մարդը սպաներին, որ «պետք է արմատախիլ արվի բռի ու անտակտ զինվորականի կերպարը», ուրեմն՝ պիտի արվի: Եթե բռնությունը դրանից հետո էլ տեղ ունի բանակում, նշանակում է` ինչ-որ մեկն իր իսկ բառերով «քամի է տատանում»:

 

Հարց է առաջանում՝ եթե ձեր խոսքում կոնկրետություն չկա, թե հատկապես ովքեր չպետք է բռնություն գործադրեն կամ թույլ չտան, որ բռնություն լինի, ո՞վ իր վրա վերցնի ձեր խոսքերը: Եթե որեւէ մեկը հոդաբաշխ պատասխանատվության չի ենթարկվել իր արարքի համար, ո՞վ, ո՞ր սպան, ո՞ր շարքայինը կմտածի, որ ինքը խոցելի է բռիություն կամ անտակտություն ցուցաբերելու դեպքում:

 

Սերժ Սարգսյանը չի խոսել եւ առ այսօր չի խոսում ամենակարեւորի մասին` ամենուր մարդիկ, առավելեւս երիտասարդները, ընտանիք են փնտրում: Նույնիսկ, երբ օտարվում են իրենց ծնողներից, ենթագիտակցորեն պահպանում են ընտանիք ունենալու անհրաժեշտությունը, հենց այդ պատճառով էլ ամուսնանում են: Բանակում տղամարդ դառնալու լոզունգները միայն վատթարացրել են վիճակը: Որովհետեւ ցանկացածը ուզում է լինել միակ կամ առաջին տղամարդը: Նա ներխուժում է մյուսների կյանք իր ինքնահաստատումն ամրագրելու միջոցով` նրանց ծառայությունը դարձնելով դժոխք:

 

Ոչ մի ընտանիք առանց խնդիրների չի լինում, ընդհակառակը` խնդիրները լինում են հենց ընտանիքներում: Եվ սպանություններն ընտանիքներում էլ են լինում, որովհետեւ ինքնահաստատումը ախտ է, որը բոլորին բնորոշ է ամենասկզբից: Բանակը պետք է դառնա ընտանիք, այնտեղ պետք է մտնել ոչ թե կիրթ, խիզախ, մարզված կամ կարգապահ, ինչպես պահանջում է Սերժ Սարգսյանն իր ելույթում, հավելելով նաեւ հաղթողի հոգեբանությունը, այլ չպետք է մտնել քո նմանին չճանաչելով դիմացինի մեջ: Բանակ չպետք է մտնել միայնակ, այսպես ասած` որպես մոր մինուճար որդի, որովհետեւ այդ սինդրոմը դիրքավորում է նորակոչիկին եւ այդ նույն սինդրոմը սպանում է նրան, բանակ պետք է մտնել որպես երկրի թիկունք, որին մարդիկ են հենվում, նրանք, ովքեր իրենց տանն են, այգում, հացի արտադրամասում, ովքեր հիվանդանոցում են: Որովհետեւ երբ մեռնում է որդին, կամ սպանում է որդին, տունը պապանձվում է, այգին գունազրկվում է, հացը դառնանում է, իսկ հիվանդի առողջանալը միայն մահվան դիրքավորում է:

 

Սեյրան Հանոյան