Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղ հասնելու համար ստիպված պիտի անցնեի դաշտամիջյան ճանապարհ հիշեցնող փողոցով: Անձրեւի հետ կռիվ տալով հասնելով գյուղ՝ ինձ առաջին հանդիպած չինչինցուց հարցրի, թե գյուղի անվանումն ինչ է նշանակում, պարզվեց, որ այն տեղացիների բարբառով ստուգաբանվում է ջինջ, պարզ եւ մաքուր:
Տավուշ գետի աջափնյա Խնձորուտ վտակի ափին հիմնադրված գյուղը հիշատակվում է դեռեւս 13-րդ դարից, երբ կառուցվել է Սբ Կարապետ եկեղեցին: Այս պահին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղում գրանցված է 713 բնակիչ (255 տնտեսություն), սակայն գյուղացիները պնդում են, որ գրանցվածների կեսը հեռացել է գյուղից եւ բնակություն հաստատել Ռուսաստանում, Ղազախստանում եւ այլ երկրներում: «Իսկ երկու ընտանիք Եվրոպա է գնացել»,- ասացին «Երկիր»-ի զրուցակիցները:
77 տարեկան Մարուսյա տատը շտապում է գյուղամեջի խանութից կոմբիկորմ առնելու. հարցի՝ ինչպե՞ս է ապրում: «Որ ասեմ՝ լավ չեմ ապրում, դարդին դարմա՞ն ես անելու»,- հարցիս հարցով պատասխանեց նա ու ոտը կախ գցելով, հետաքրքրվեց, թե ով եմ, ինչու եմ հասել Չինչին: Զրույցի ժամանակ Մարուսյա տատն էլ բողոքեց, որ բոլորը թողել-հեռացել են գյուղից. «Գյուղում միայն ծերերն են մնացել, կա'մ մի տանն ապրում է միայնակ ծեր, կա'մ էլ ծեր ամուսիններ: Չինչինի այս տներում երեւի թե 15-20 տոկոսն է ապրում ու շատ դռներ արդեն փակ են»:
Գյուղի միակ բուժքույր Սվետա Ասրյանը, ում գյուղացիները «Սվետիկ ձալո» էին ասում, սիրով ընդունեց մեզ իր աշխատավայրում ու հայտնեց, որ իր մոտ եղած մատյաններից երեւում է, որ գրանցված մարդկանցից 300-ից քիչ ավելին է այսօր գյուղում ապրում. «Հիմնական մասը հեռացել է` սոցիալական խնդիրներից դրդված եւ աշխատանք չունենալու պատճառով: Իսկ այսօրվա երիտասարդությունը հողի հետ սեր չունի, որոհետեւ հողն էլ բերք չի տալիս»:
«Գյուղում արդեն մեծահասակներն են մնացել, ինչն էլ նշանակում է, որ հիվանդություններն են ավելացել: Բոլորն անխտիր առողջական խնդիրներ ունեն: Ավելացել է հոդացավեր, սրտային հիվանդություններ եւ հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը»,- ասում է բուժքույրը:
Պարզվեց, որ գյուղում զգալիորեն պակասել են ամուսնությունները, սակայն այս տարի արդեն երկու տղա է ծնվել, երեք երեխա էլ դեռ պիտի լույս աշխարհ գա: Գյուղում 16 տարի բուժքույր աշխատող Սվետան հայտնեց, որ միայն 1998-ին էր, որ 14 երեխա ծնվեց, որից 7-ի ծնողները հեռացել են գյուղից:
Այս տարի առաջին դասարանում 3 աշակերտ կա, իսկ գյուղի միակ դպրոցում ընդամենը 54 աշակերտ է սովորում: Սոցիալապես անապահով ընտանիքները Չինչինում շատ են, այդ պատճառով էլ միջազգային կազմակերպություններից մեկը դպրոցի առաջինից մինչեւ երրորդ դասարանների աշակերտներին ապահովում է սննդով:
«Հասկանում եմ, որ երկրի նախագահը խաղաղության համար է պայքարում, որ երկրի սահմանները խաղաղ լինեն, բայց այնպես չի անում, որ այս հողերը խամ ու խոպան չդառնան: Ո՛չ վարող կա, ո՛չ ցանող: Էս գյուղում մի քանի հոգի է, որ գումար ունի, եւ հենց նրանք էլ հող են վարում»,- ասում է Մարուսյա տատն ու ավելացնում, որ դեռ համբերում են ու սպասում, որ իրենց թոշակը մի քանի հազար դրամով կավելացնեն: Նա գանգատվում է, որ իր 35 տարվա ստաժի համար պետությունը 39 հազար դրամ է տալիս. «Այդքան գումարով էլ չեմ հասցնում մեկ ամսվա հացն ու շաքարն առնեմ: Էնքան պարտքեր ունեմ խանութին: Հեսա սպասում եմ թոշակին, որ ստանամ, պարտքերս փակեմ»:
75 տարեկան Միշա Գաբրիելյանը հպարտությամբ ասաց, որ, չնայած չինչինցին այսօր ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ, սակայն նույն ավանդապահ հյուրասերն է մնում: Հետո վարպետ Միշան դառնությամբ թվարկեց գյուղացու խնդիրները. «Մեզ մոտ գյուղատնտեսություն չկա, սերմնացու չունենք: Անցած օրը նստել եմ ու հաշվարկել, որ 1 հա հացահատիկ ցանելու, հնձելու եւ ալյուր դարձնելու համար ծախսում ենք 180 հազար դրամ: Էլ ինչո՞ւ եմ այդքան ծախսում. այդ գումարը կտամ ու միանգամից ալյուր կառնեմ: Հենց սրա մասին պիտի մեր ղեկավարությունը մտածի, որ գյուղացին հող չի ուզում մշակի: Ղեկավարությո՛ւն, գյուղացուն սերմացու տուր, որ գյուղացին էլ կարողանա հող մշակի»:
Թվում է` գյուղում այգեկութն ավարտվել է, սակայն պարզվում է, որ այս տարի դեռ գարնանը բերքը ցրտահարվել է: Չնայած գյուղը գազիֆիկացված է, սակայն չինչինցիների մեծ մասը ձմռանն իրենց տները երկնագույն վառելիքով չեն տաքացնում եւ նախընտրում են փայտի վառարանները, իսկ փայտի խորանարդ մետրը գնում են 10 հազար դրամով:
Գյուղում ոռոգման ջրից չեն բողոքում, սակայն, դրան հակառակ, ասում են, թե գյուղի խմելու ջրի ցանցն ամբողջովին մաշված է, եւ կա խմելու ջրի խնդիր: Չինչինցիները զարմանում են հեռուստաընկերությունների ներկայացրած բարգավաճած Հայաստանից ու կատակում. «Ծաղկում ենք, ծաղկում ենք, բա ո՞ւր է, ինչո՞ւ մեր մաշկի վրա չենք զգում»:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Չինչին- Երեւան
Լուսանկարը` հեղինակի