կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-14 10:21
Առանց Կատեգորիա

Վաղատինում էլ ընտանիքների արտահոսք է

Վաղատինում էլ ընտանիքների արտահոսք է

Սիսիանից դեպի արեւելք ձգվող միջհամայնքային ճանապարհը վերջին անգամ ասֆալտապատվել է 30 տարի առաջ: Այս ճանապարհը Սիսիանի հետ կապում է տարածաշրջանի 10 համայնքներ: Մեզ ուղեկցող վարորդը պատմում էր, որ այս ճանապարհին են գտնվում նշանավոր հուշարձաններից Որոտնավանքը (Վաղատնի վանք), Դավիթ Բեկի բերդը, Մելիք Թանգի նշանավոր կամուրջը:

Որոտանի կիրճի ձախակողմյան բլրի վրա հիմնադրված Վաղատին գյուղում մինչ 20-րդ դարի 80-ական թվականները բնակեցված է եղել նաեւ ադրբեջանցիներով, որոնց հեռանալուց հետո այստեղ վերաբնակվեցին Բաքվից, Սումգայիթից եւ Ադրբեջանի այլ տարածաշրջաններից մազապուրծ եղած հայկական ընտանիքներ:

Այսօր, ինչպես բոլոր գյուղերում, այնպես էլ Վաղատինում միակ զբաղմունքը հողագործությունը, այգեգործությունն ու անասնապահությունն է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Վաղատնիի գյուղապետ Շահեն Գրիգորյանը, այս տարի վաղատինցիները մշակել են իրենց վարելահողերի գրեթե 80 տոկոսը: Այսինքն՝ եթե Վաղատինի վարելահողերը կազմում են 800 հա, այս տարի ավելի քան 640 հա հողերը դրվել են հացահատիկի, կորնգանի, բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի եւ կաղամբի մշակության տակ: «Սակայն մի մասը չի կարողանում իրենց հողերը մշակել եւ ստիպված տարածքները վարձակալության իրավունքով տալ հարեւաններին կամ հարեւան գյուղի բնակիչներին»,- ասում է գյուղապետը:

Գյուղում նախկինից մնացած տեխնոպարկը գրեթե գոյություն չունի, իսկ խորհրդային ժամանակաշրջանի «Վաղուդիի «Բարեկամություն» կոլտնտեսության մեքենա-տրակտորային պարկ» ցուցանակը հիշեցնում էր, որ Վաղատինն ունեցել է զարգացած մեքենա-տրակտորային պարկ, սակայն նախօրեին այդ պարկ բերված հարեւան գյուղի հացահատիկահավաք կոմբայնն էին վերանորոգում, որպեսզի հնձեին գյուղի արտերում մնացած ցորենը: Վաղատինի գյուղապետի խոսքերով՝ այս տարի հասցրել են հնձել հացահատիկի գրեթե 60 տոկոսը, իսկ վերջին անձրեւները խանգարել են մնացած 40 տոկոսը հավաքելուն. «Կարծում եմ, որ կհասցնենք հավաքել մնացած բերքը: Իսկ այս տարի գյուղացիները շատ լավ բերք են հավաքել` 1 հա-ից` 25 ցենտներ ցորեն»:

Չնայած անասնապահությունն այս գյուղում քչից-շատից զարգացած է, սակայն գյուղի արոտները հեռու են` 5-6 կմ: Պաշտոնական տվյալներով՝ Վաղատինում գրանցված է 251 տնտեսություն, սակայն, գյուղապետ Գրիգորյանի պնդմամբ, գյուղում փաստացի բնակվում է 180 ընտանիք (800 բնակչով): «180 ընտանիքներից 35-40-ը նախկին փախստականներ են, որոնք հաստատվել են այս գյուղում»,- ասում է պարոն Գրիգորյանը` հավելելով, որ ներկա պահին գյուղում կա 5 զոհվածի ընտանիք, իսկ անապահով ընտանիքները Վաղատինում 17-ն են. «Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց սեփական հողակտորները չեն կարողացել մշակել և հետ են վերադարձել»:

Գյուղամեջում մեզ հանդիպած բնակիչների հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ այսօր կան ընտանիքներ, որոնք ունեն 3-ից մինչեւ 12 հա հողակտոր: «Մենք մշակում ենք, արտադրում ենք, քաղաքից էլ գալիս են, խաբում են մեր ձեռից տանում են, ու վերջում էլի դատարկ նստում ենք»,- ասում է նրանցից մեկը` ավելացնելով, որ այս տարի ցորենի եւ կարտոֆիլի լավ բերք է ստացվել. «Որոշել եմ, որ այս տարի կարտոֆիլի կիլոգրամը 150 դրամից պակաս չենք տալու»:

Գյուղի կենտրոնում տեղակայված խանութի սեփականատեր Ռուբիկը, պարտքի տետրը մեզ ցույց տալով, ասաց, որ իրեն գյուղում պարտք են ավելի քան 1 մլն դրամ. «Առեւտուրը բոլորը պարտքով են անում: Ի՞նչ անեն խեղճ մարդիկ: Եթե մարդը ուզում է հաց ուտի, սիգարետ ծխի՝ հարեւան է, գյուղացի է, ինչպե՞ս կարող եմ չտալ»:

Գյուղացիները նշում էին, որ գյուղում մեծ է արտագաղթողների թիվը: «Գյուղը թեթեւացել է ու պրծել: Ի՞նչ անեն: Պատճառը՝ մարդիկ փող չունեն ու չեն կարողանում ապրել, դրա համար էլ ստիպված հեռանում են գյուղից՝ ուրիշ տեղ աշխատելու, որ գոյատեւեն»,- ասում է խանութպան Ռուբիկը:

Վաղատինից միգրացիայի փաստը հաստատեց գյուղապետ Գրիգորյանը. «Ամեն ուղղությունով աշխատում ենք, որ այդ ընտանիքներին պահենք, բայց չի ստացվում: Պատճառներից հեռացողներն առաջինը նշում են սոցիալ-տնտեսականը: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաների համար հետագայում լավ ապագա ստեղծեն: Հեռացողներն իրենց հեռանալու պատճառներից մեկն էլ համարում են այն, որ գյուղը մինչ օրս գազիֆիկացված չէ»:

Գյուղապետը պատմեց նաեւ, որ վերջին մի քանի տարիներին իր ղեկավարած գյուղից մոտ 30 ընտանիք է հեռացել, որոնց մի մասը մշտական հաստատվել են Երեւանում, մյուս մասն էլ՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում եւ ԼՂՀ-ում: «Հենց սա է պատճառը, որ գյուղում պակասել են ամուսնությունները եւ ծնունդները: Օրինակ` անցյալ տարի գյուղում կազմավորվել էր ընդամենը 5 ընտանիք»,- ասաց բոլոր ամուսնացածներին քավոր դարձած գյուղապետը:

Գյուղի միջնակարգ դպրոցում ներկա պահին ուսումնառում է 90 աշակերտ, իսկ այս տարի առաջին զանգը հնչել է ընդամենը 2 աշակերտի համար: «Երիտասարդությանը գյուղում պահելը ամենակարեւոր հարցերից մեկն է»,- ասում է գյուղապետը` հավելելով, որ գյուղի գազիֆիկացումը շատ հարցեր կլուծի: Իրան-Հայաստան գազատարն անցնում է գյուղի հարակից հատվածով և, ըստ գյուղապետի, իրենք կարող են ստանալ երկնագույն վառելիքի խողովակը՝ գյուղ հասցնելով հարեւան Նորավանից, որի հեռավորությունը 4,5 կմ է: «Մեր ամենամեծ խնդիրը գազիֆիկացումն է: Ձմռան մոտենալուն պես, գյուղ են մտնում փայտի մեքենաները, որի կուբամետրը, օրինակ, անցյալ տարի հասնում էր 14-15 հազար դրամի»,- հավելեց Շ. Գրիգորյանը:

Համայնքի բյուջեի մասին խոսելիս զրուցակիցս հայտնեց, որ պետությունից ստացած դոտացիայով գումարը հասնում է 12,5 մլն դրամի, որից 6,5 մլն դրամը հավաքագրվում է հողի եւ գույքի հարկերից: Գյուղում Մշակույթի տան տանիքը վերանորոգվել էր վերջին տարիներին, իսկ մեր հարցին, թե վերջին անգամ կինոդահլիճի մեծ էկրանին ո՞ր ֆիլմն է ցուցադրվել, Վաղատինում մեզ հայտնեցին՝ «Դիսկո պարողը»:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Սյունիքի մարզ, Վաղատին-Երեւան