Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խառը ժամանակներ են սկսվել Հայաստանում… Բացահայտումներ, բացահայտումներ… Ո՞վ էր այսպիսի բան տեսել: Մեզ համար հանգիստ նստած էինք, ո՞ւմ էինք վատություն արել, որ էդ, էդ, էդ ոչուփուչ Wikileaks չեղածը մեզ էլ հասավ: Ու չեն էլ հարցնում` իշխանավոր ես, արմատական ես, ինչ ես` որտեղ բռնում` գաղտնազերծում են: Իրենց գաղտնազերծածն իրենց գլխին դիպչի, որ այդպես անխղճորեն հուսալքում են ամբողջ ժողովուրդներ:
Ի՞նչ պիտի անի հիմա ֆորումը, որ տարիներ շարունակ առաջնորդի տված հացը ծամելով, նրա հետեւից գնացել է ու հասել մի տեղ, որտեղ հանկարծ իրեն ասում են, որ այդ հացը ուտելու չի եղել: Ավելի վատ բան չկա, հավատացեք: Իսկ առաջնորդն ապրել է, ամեն օր իրեն նայել հայելու մեջ, լավից-վատից ճանաչել ինքզինքը: Այսինքն՝ «Ծանեայ զքեզ»-ի սկզբունքով գնացել առաջ, հասել որոշակի դիրքի եւ ահա, պարզվում է, ինքն իրեն այնքան էլ լավ չի ճանաչել: Լավ ճանաչեր` այնպիսի ելույթներ չէր ունենա, որ հասարակության աչքին երեւար սպիտակ թեւերով, մի քիչ համեստ կլիներ երեւի: Ներքին ձայնը թույլ չէր տա: Ինձ օգտագործեք որպես գործիք: Սա շատ պատասխանատու հայտարարություն է, եթե ինքդ քեզ չես ճանաչում: Բա որ ֆորումը օգտագործե՞ր: Այ հիմա Wikileaks-ն է օգտագործում: Սա միամիտ ժողովուրդ չի, է, որ ինքնաառաջադրման եւ ինքնակիզման այդ դրսեւորումից աչքերը արցունքով լցնի: Ասված խոսքն ուղիղ է հասկանում: Մինչդեռ մեր ինքնազոհաբերվողն ինչպիսի՜ թղթե ամրոցներ էր կառուցել, ինչպիսի իմիջ` արդարության մարտիկի:
Փաստորեն, տակից խաղեր է տվել, ինչպես շատերն են անում Հայաստանում եւ Հայաստանից դուրս` Ղրղզստանում, Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում, Եմենում, այլուր: Պարզվում է` իրեն օտարներն են խաղացրել, իսկ ինքը մեզ համոզում էր, որ այդպիսի բան չկա, որ իր մտքինը Հայաստան պետության ամրապնդումն է: Էլ թերթ ու կայք չմնաց, որ չգրեր` ինչո՞ւ նա Ղարաբաղում չէր Արցախի 20-ամյակի տոնակատարություններին: Հըմ, հետաքրքիր հարց է: Լավ գործիքը ինքնուրույն որոշումներ չի կայացնում: Մարդն է որոշում ինչ անել այդ գործիքով: Այս գործիքն ինքն է որոշում` գնա՞լ, թե՞ չգնալ: Ինքն է որոշում` նստե՞լ, թե՞ տուն գնալ, հիմա՞, թե՞ սեպտեմբերին, արմատակա՞ն, թե՞ իշխանամետ, արտահե՞րթ, թե՞ արտահերթ-հերթական, եգիպտանա՞լ, թե՞ ղրղզանալ:
Ֆորումն էլ, քանի որ հավատում էր գործիքի առասպելին, գոռում էր` նստել, բայց տուն էր գնում, ճչում էր` հիմա՜, բայց հասկանում էր, որ սեպտեմբերն է ճիշտը, իրեն ճղում էր` եգիպտանա՜լ, բայց զգում էր, որ թունիսանալն ավելի ակտուալ է: Ինչքան պիտի երկարեր այս վիճակը: Հինգ տարի, տասը, տասնհինգ… Պարզվում է` խաղացնողի հետ պայմանը եղել է մինչեւ կկվի կանչելը: Լավ էլ չի ասելը, բայց մեր երբեմնի առաջին դեմքը, փաստորեն, որպես գործիք աշխատանքի է ընդունվել ոչ թե ֆորումի, այլ օտար աղաների մոտ, որոնք անմարդկային շահագործման են ենթարկում նրան: Ու հենց մի քիչ նեղսրտում է, թե աղան իրեն լավ չի խաղացնում, անմիջապես հետեւում է հարցը` հը՞, գործիք, կարող ա՞ բարկանում ես…
- Չէ՜, ի՞նչ բարկանալ, ի՞նչ բան…
- Դե, եթե չես բարկանում, գնա գործդ արա, երկխոսիր…
Դրսինները ֆորումի պես համբերատար չեն եւ վատ գործիքներով չեն աշխատում: Վատ գործիքներից ազատվելու հնարն էլ լավ գիտեն` Wikileaks, օրինակ, YouTube, Facebook: Ո՞ր մեկը թվես: Զարմանալի գյուտ է հայելին: Ինչ կոստյում հագնում ես, քեզ այդ կոստյումով է ցույց տալիս: Սիրահարված դեռատի օրիորդի պես միայն բոյբուսաթիդ է նայում, իսկ եթե բեղեր էլ ունես, ուրեմն ավելի լավ` նաեւ բեղերիդ: Նայում է այնպես ակնապիշ, այնպես հիացած, որ նայվողն էլ է իրեն այդպիսին երեւակայում` ինքը հենց նա է, ում ցույց է տալիս հայելին: Չեղավ, չէ՞: Իսկ ո՞ւր մնաց «Ծանեայ զքեզ»-ը, ներքին ձայնը, ինքնազոհաբերությունը, ամեն վայրկյան փորձանքի գալու` Wikileaks-վելու վտանգի զգացումը:
Վերջաբանի փոխարեն մի փոքր վիճակագրությունը, կարծում ենք, չի խանգարի, իսկ սոցիոմետր Ադիբեկյանն էլ մեզ թույլ չի տա ստել: Արդ ուրեմն, պարզվում է, որ կանայք հայելու մեջ նայելիս մոտ 99 տոկոսով ավելի շատ են բացականչում` ես ինձնից զզվում եմ, քան տղամարդիկ: Կարելի է, իհարկե, սրան գիտական բացատրություն տալ, բայց ո՞րն է այս ֆենոմենի իսկական բացատրությունը, գիտե՞ք: Ասեմ` կինն իրեն հայելու մեջ նայում է քնից արթնանալուն պես, իսկ տղամարդը` զուգվել-զարդարվելուց հետո: Տարբերությունն, ինչպես տեսնում եք` նկատելի է, իսկ հետեւանքը` սարսափելի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ