կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 10:11
Առանց Կատեգորիա

Ինքնալեգիտիմացում

Ինքնալեգիտիմացում

Գերտերություններից շատերը, որոնք անգամ լիբիական ապստամբության նախօրեին էին ամենաբարձր պատիվներով ընդունում Կադաֆիին, շտապեցին Լիբիայի հակակառավարական ուժերին այդ երկրի օրինական իշխանություն ճանաչել նույնիսկ ավելի վաղ, քան կտապալվեր բռնապետի ռեժիմը: Սա հզորներին հատուկ երկակի ստանդարտների, «ուժեղի քաղաքականության» դասական դրսեւորում է:

Հայ ազգային կոնգրեսն այդ հզորներից չէ: Բայց պահանջում է իր երկրի իշխանությանը՝ պարտադիր կերպով ճանաչել Լիբիայում «ձեւավորված նոր իշխանությունը»: Թե կոնկրետ որ իշխանությունը նկատի ունի ազատ ու արդար ընտրությունները որպես լեգիտիմ իշխանություն ձեւավորելու միակ հնարավոր միջոցը համարող Կոնգրեսը, պարզ չէ: Որովհետեւ նման ընտրություններ Լիբիայում դեռեւս չեն անցկացվել: Ընդամենը բռնապետական ռեժիմը տապալած ուժերին նոր ձեւավորված իշխանություն որակելը ոչ միայն իշխանության գալու նման մեթոդաբանությունը լեգիտիմացնելու միջոց է, այլեւ իրեն՝ կանխավ իշխանություն հռչակելու փորձ: Չէ՞ որ, ի վերջո, Հայաստանում էլ Կոնգրեսն է իրեն հռչակել «բռնապետական ռեժիմի» դեմ պայքարող, մեզանում լիբիական, եգիպտական սցենար կենսագործելու ունակ «հակակառավարական ուժը», իսկ նրա ղեկավարը նախորդ ընտրությունների ժամանակ նույնիսկ իր ամենահավատարիմ կողմնակիցների գնահատականներով, չհավաքելով կեսից ավելի ձայներ, իրեն հայտարարեց ընտրությունների հաղթող:

Փաստորեն, փորձն արդեն կա, մնում է լեգիտիմացնել նախադեպը: