Փոխարժեքներ
02 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Մեր հերթական հարցազրույցը ՀԱԿ հրապարակած 76 ոչ լեգիտիմ պատգամավորներից ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի հետ է, ով հայտնի է «Աշտարակյան գինիներ», «Գրեյթ Արարատ», «Գրեյթ Վելլի» և մի շարք այլ ՍՊԸ-ներով:
Արզաքանցյանն այս օրերին հանգստանում է Եվրոպայում (չցանկանալով նշել, թե կոնկրետ որ երկրում) և նրան բացարձակապես չի հետաքրքրում հրապարակված ցուցակը:
- Դուք ևս բիզնեսով զբաղվող պատգամավոր եք, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հիմա` «սև ցուցակում» հայտնվելուց հետո, գուցե Ձե՞զ են զգուշացրել, որ չնախապատրաստվեք հաջորդ խորհրդարանական ընտրություններին:
- Իմ անունը գրած ա՝ գրած ա, ինչ ասե՞մ... Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում:
- Ինչ է, չգիտեի՞ք, որ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին բիզնես գործունեություն ծավալել:
-Ես Սահմանադրության մասին շատ լավ գիտեմ, բայց վըր էտի... ես կարամ ստեղ բիզնեսի ակցիանեռ լինեմ, բայց ես բիզնեսով չեմ զբաղվում, էդքան բան:
- Ընդունում եք, որ այդ բազմաթիվ ընկերությունների սեփականատեր եք, բայց ձեռնարկատիրական գործունեությամբ չե՞ք զբաղվում: Այսինքն` չե՞ք էլ փորձում միջամտել ձեր բիզնեսի կառավարմանը:
-Այո, ես ո՞նց կզբաղվեմ, որ գիտեմ հակասում է Սահմանադրությանը: Ուրեմս գործերով զբաղվում ա տնօրենը, գործով զբաղվող մարդիկ: Ես տերը կարամ լինեմ, էդքան բան, էտի Սահմանադրությունը թույլ ա տալի:
- Այնուամենայնիվ, ցանկություն ունե՞ք գալիք ընտրություններին կրկին առաջադրվելու:
-Գիտես ինչ, ես հիմա որոշել եմ, որ մասնակցեմ, հիմա խումբը ինչ որոշում ա ընտրե, էդ չգիտեմ ես:
- Նկատի ունեք ՀՀԿ-ն, հա՞:
-Այո, բա խումբ ա, չէ՞, խմբակցություն ա, չէ՞:
- Այսինքն, եթե Ձեզ չընդգրկեն ՀՀԿ համամասնական ցուցակում, Դուք նախորդ ընտրությունների նման մեծամասնական ընտրակարգո՞վ կփորձեք...
-Այո, ես մեծամասնականով առաջադրելու եմ, իմ 22 տարածքից, որտեղից ես ընտրվել եմ:
- Պարո'ն Արզաքանցյան, բայց Ազգային ժողովում Ձեր հայտնվելը «հայտնություն» կարելի է համարել, որովհետև Դուք գրեթե չեք հաճախում նիստերին, ինչո՞ւ եք ուզում կրկին առաջադրվել, գուցե Ձեզ նվիրեք Ձեր բիզնեսին և դառնաք լավ բիզնեսմե՞ն:
- Արեք հեռախոսով հարցազրույց չանենք, որ էկա Հայաստան... Ես հիմա հանգստանում եմ: ...Ես պատասխանելու պրոբլեմ չունեմ: Իմը հարգելի պառճառներ ա եղել, որտև իմ խնդիրներով... որ ժամանակ ես Հայաստան եմ էլել, ես եկել-մասնակցել եմ: Հիմա էդ խնդիրների, հարցերի 70%-ը փակ են...
- Պարո'ն Արզաքանցյան, բայց չներկայանալու պատճառները հարգելի են դարձել «բժշկի թղթի» շնորհիվ, ինչն այնքան էլ դժվար չէր ձեռք բերել:
- Էդ թուղթը տալիս ա Ֆրանսիայի կլինիկան, ոչ թե հայկական կամ ռուսական, որ կարաս գնես:
- Դե դա էլ Ձեզ համար խնդիր չէ:
- Չէ, ես ըտենց բաներով չեմ զբաղվում:
- Առողջացե՞լ եք...
-Նորմալ, հա, ամեն ինչը նորմալ ա, բայց մինչև վերջ հլը չեմ վերջացրել իմ առողջական վիճակի խնդիրները, էտի, իհարկե, չի ազդի էդքան Ազգային ժողովի իմ աշխատանքների վրա:
- Այսինքն` ԱԺ աշնանային նիստաշրջանին Ձեզ հաճա՞խ կտեսնենք ԱԺ-ում:
-Այո:
- Ի դեպ, պարո'ն Արզաքանցյան, տեղյակ ե՞ք, որ վերաքննիչ դատարանը մերժեց Ձեր բողոքը «Երկիր» օրաթերթի դեմ:
-Ոչինչ, նորմալ ա:
-Վճռաբեկ դիմելու՞ եք:
-Նորմալ ա ամեն ինչ էլ, մի քանդի-փորփրի(ծիծաղում է). թողեք ես հանգստանամ:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ