Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմում են, թե Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Նորատուսի բնակիչները խաչքարերի վրա սավաններ են գցել, առավոտյան արեւի ճառագայթներն ընկնել են սավանների վրա, արշավող զորքին թվացել է, թե իրենց վրա մեծ բանակ է գալիս, նահանջել են:
Ամեն դեպքում, ժամանակակից գերեզմանատան եւ խաչքարերի մուտքի մոտ «ՎիվաՍելի» տեղադրած վահանակների վրա նույնանման պատմություն է գրված, բայց` օսմանյան թուրքերի արշավի մասին, իսկ սավանների փոխարեն զինվորական համազգեստներ են հիշատակվում:
Գավառից Նորատուս ճանապարհին ֆոտբոլի կիսակառույց մարզադաշտ կա: Ուրախանում եմ. մարզադաշտ են կառուցում, բայց մեր ուղեկիցը` գավառցի Արմիկ Բուդումյանը, ասում է, որ Սովետի ժամանակ էին կառուցում, Սովետը փլուզվեց` մարզադաշտն էլ կիսատ մնաց: Հետո երեւում են հաղորդակների տարահասակ աշտարակները, ասում են, Սովետի ժամանակ այդ հաղորդակներով են խլացրել «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանները:
Ըստ ավանդության` Նորատուսը Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանն է, որը նա կոչել է «Նորատունս»: Հետագայում «ն»-ն սղվել է: Մտածում եմ` ավելի լավ չէ՞ր լինի, եթե «ս»-ն սղվեր, չնայած ի՞նչ տարբերություն, թե ինչն է սղվել, միեւնույն է, ժողովուրդը Նորադուզ է կոչում:
Այստեղ 9-17-րդ դարերի մոտ 800 խաչքար կա: Այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ ադրբեջանցիները հողին հավասարեցրին Ջուղայի հազարավոր խաչքարերը, Նորատուսը մնաց որպես խաչքարաշար ամենամեծ գերեզմանատունը:
Խաչքարերի վրայի փորագրությունները վերծանում է նորատուսցի Արեւշատը, ափսոս հիվանդ է` բարձր ջերմությամբ պառկած է տանը: Մուտքի մոտ երեխաներ են` ամառային արձակուդրները դեռ չվերջացած, դպրոցական պայուսակները ուսներին, ընդառաջ եկան մեզ: Ձեռագործ գլխարկներ, գուլպաներ եւ իրենց նկարած հայոց այբուբեն էին վաճառում: Լավ, խաչքարերը տեսանք, մեկ էլ իտալացի (լեզվից իմացանք) տուրիստներին, որոնք լուսանկարում էին խաչքարերը, բա հետո՞…
Մի քիչ շրջում ենք ու, այ քեզ ուրախություն` ջարդված շշերի ապակիներ են թափված մի քարի մոտ: Ընկերոջս ասում եմ` նկարի էդ զիբիլը: «Էդ զիբիլ չի»,- վիրավորված ասում է նորատուսցի տատիկը: Բա ի՞նչ է: Բացատրում է, բայց քանի որ բան չեմ հասկանում, երեխաներին եմ խնդրում բացատրել: Ուրեմն, այդպես վախն են չափում: Կողքին հատուկ քար կա վախը բռնելու համար: Վախ ունեցողը այդ քարի մոտ ապակյա շշից երեք անգամ ջուր է խմում, հետո այդ ջրից քսում են ծնկներին, ճակատին ու շիշը խփում են կողքի քարին: Եթե երեք անգամ խփելուց շիշը չջարդվեց, վախը չի անցնում: «Բա հետո՞, էդ մարդը ամբողջ կյանքը վախը մե՞ջն է ապրելու»: «Չէ, հետո նորից են գալիս»,- բացատրում են երեխաները ու առաջարկում Հարս ու փեսայի քարը տեսնել:
Պատմում են նաեւ, թե ֆրանսիացիները եկել, այս խաչքարերից տարել են Ֆրանսիա, իսկ մեր ուղեկցի պատմածով՝ երեքն էլ ԱՄՆ են տարել: Դեպի Հարս ու փեսայի քարը տանող ճանապարհին երեխաները արագ-արագ պատմում են «դասը»` խոսելիս օգտագործում են միայն «է» օժանդակ բայը, ոչ մի դեպքում «ու» չեն ասում, միայն` «եւ», ճարպկորեն շրջանցում են իրենց բարբառին հատուկ «օ»-ավոր հնչողությունը, արագ-արագ գտնում են գրական բառերը:
Ուրեմն՝ Արեւշատին փոխարինող գտանք, առողջություն Արեւշատին: Հարսն ու փեսայի կոչվող քարի վրա հարսանեկան տեսարաններ են փորագրված` հարս, փեսա, մկրատ, որը նշանակում է, որ հարսը դերձակ է եղել. երաժշտական գործիքներ, որը խորհրդանշում է հարսանիքի երաժշտությունը. փեսայի հայրը, մայրը, երեք պարող կանայք, սեղան, լավաշ, գաթա, թոնիր, խորոված: Ներքեւում ձիավոր է պատկերված, ձեռքին՝ հայկական սուր, ձիավորի դիմաց հարճն է, որը գինի է ուզում մատուցել ձիավորին, իսկ նրանց արանքում յաթաղան կա: Երեխաները պատմում են, թե այդ ձիավորը թուրք է, ձեւացել է բանբեր, յաթաղանը փոխել է հայկական սրի հետ ու գինի մատուցելու ժամանակ սպանել հարճին ու մնացած բոլորին: Նրանք համոզված են, որ կողքի զարդանախշերը խորհրդանշում են արյունը:
«Հիմա էս խաչքարի տակ հարս ու փեսա՞ն են թաղված», - հարցնում եմ: «Խաչքար չէ, տապանաքար է»,- արագ ուղղում են երեխաները ու հաստատում, որ այո, այնտեղ թաղված են հարսն ու փեսան: Տապանաքարը 14-րդ դարի է: Որտեղի՞ց գիտեն երեխաներն այս ամենը, ասում են՝ Գրքից: Իսկ գիրքը որտե՞ղ է, ասում են` գյուղապետարանում:
Վերակառուցվող՝ 9-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ մինչեւ հիմա մնացել է ցուցանակը, որի վրա գրված է. «ՀՍՍՀ մինիստրների խորհուրդ. պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման գլխավոր վարչություն: Պահպանվում է պետության կողմից»: Եկեղեցու կողքը հավաքված ծերունիներից փորձում ենք իմանալ, թե որտեղից են եկել նորատուսցիները: Իրար մեջ հարցուփորձ են անում, պարզում են, որ` Մուսոնից ու Կարինից. «Էս ժամից (եկեղեցուց) էն յան մուսոնցիք են, էս յան` կարինցիք»:
Վերադարձի ճամփին մեր ուղեկիցն ասում է, որ իտալացիները սիրուն, մարմնեղ ժողովուրդ են, ու ավելացնում է. «Տո նրանց ի՞նչն էր իտալացի, դրանք իսպանացի կլինեին»:
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ