Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում ծնունդների թվի նվազումը, մահացության աճ, հասարակության ծերացում, արտագաղթը հանգեցրել են ժողովրդագրական աղետի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը:
«Դատելով վերջին տվյալներից` դարձյալ նկատվում է ծնելիության նվազում: Վերջին տարվա տվյալներով` ծնվածների թիվը պակաս է նախորդ տարվա ծնունդների թվից»,- նշեց նա:
Ըստ ժողովրդագետի` վերարտադրողական տարիքին է մոտեցել 1990-ական թվականներին ծնված սերունդը, որոնց թիվն ավելի քիչ է, քան 1980-ականներին ծնվածներին, բնականաբար, նրանց երեխաների թիվն էլ քիչ կլինի:
«Հեռու չէ այն պահը, երբ մենք ավելի շատ մահեր կունենանք, քան ծնունդներ»,- ընդգծեց Ռ.Եգանյանը:
Վերլուծությունների համաձայն` ներկայումս Հայաստանում ծնելիության գործակիցը մոտավորապես 1.7 է, որն առնվազն պետք է լինի 2.1, որպեսզի սերունդն իրեն պարզ չափերով վերարտադրի:
«Ստեղծված իրավիճակը մոտ 70 տոկոսով սոցիալ-տնտեսական իրողությունների հետեւանքն է, իսկ մոտ 25-30 տոկոսը` արտագաղթի: Արդեն փոխվել է բնակչության տարիքային կառուցվածքը: Տարիներ անց ունենալու ենք տնտեսական, սոցիալական ծանրակշիռ խնդիրներ, իսկ միջազգային առումով մեր քաղաքական եւ տնտեսական կշիռը թուլանալու է»,- նշել է Ռ.Եգանյանը:
Նա նաեւ պնդել է, որ եթե պետական միջամտություն չլինի, այս գործընթացները շարունակելու են խորանալ: «Լուրջ չեմ համարում երրորդ եւ ավելի երեխաների համար տրվող նպաստը: Պետք է խրախուսել ամուսնությունները, երկրորդ երեխայի ծնունդը»,- ասաց ժողովրդագետը:
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի որոշմանը, որով ապամոնտաժվում են կրպակները եւ արգելվում է փողոցային առեւտուրը, Ռ. Եգանյանը նշեց, որ դա նույնպես կհանգեցնի ժողովրդագրական ցուցանիշի անկմանը: Նա բնական համարեց, որ փողոցային առեւտրով զբաղվողները կամ կրպակատերերը նման որոշումից հետո կլքեն երկիրը:
«Իմ կարծիքով` այդ որոշումը բացասական հետեւանքներ կունենա ինչպես ժողովրդագրության, այնպես էլ արտագաղթի տեսակյունից: Ես, իհարկե, կցանկանայի, որ մեր երկիրը զարգացած լիներ, ունենար բարձր կենսամակարդակ, որ մեր մայրաքաղաքում փողոցային առեւտուր չլիներ: Սակայն անհրաժեշտ է համեմատել ցանկալին անհրաժեշտի հետ: Կա՞ն մեզ մոտ նման պայմաններ, որ նման քայլեր ձեռնարկենք: Նման քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է համապատասխան առաջարկ անել այդ մարդկանց»- ասաց ժողովրդագետը` հավելելով, որ գուցե նրանց մեջ կային մարդիկ, ովքեր ծրագրում էին ընտանիք կազմել, երեխա ունենալ. «Սակայն ապրուստի միջոցներից զրկվելով` չեն դիմի այդ քայլին»: