կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 10:40
Հասարակություն

Հերթական մայթազավթումը

Հերթական մայթազավթումը

Երեւանի բետոնացումն ու կանաչ տարածքների բռնազավթումը գրեթե ամեն օր է տեղի ունենում: Պետական հզոր աչքի բացակայության պայմաններում յուրաքանչյուր «երկարաթեւ» մեկը հարմար մի մայթի վրա մի քանի մետր է զավթում ու կառուցում ինչ պատահի:

Վերջին շրջանում շատ է խոսվում անօրինական հողազավթումների դադարեցման մասին: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հանդես եկավ «մի թիզ կանաչ տարածք չզիջելու» հայտարարությամբ, անհրաժեշտ համարեց կանաչ տարածքների վերականգնումը եւ խոստացավ, որ դրանց հաշվին որեւէ շինարարություն այլեւս չի լինի:

Ահա մայթազավթման հերթական պատկերը: Շիրազի փողոցում ինչ-որ մեկը բավական «համեղ» պատառ է թռցրել ու երկհարկանի բիստրո-խանութ է սարքում: Պատերը շարել է ու դադարեցրել շինարարությունը: Արդեն մեկ տարի է, ինչ շենքը լուսանկարում պատկերված վիճակում է:

Թե ինչո՞ւ է լայն թափով ընթացող շինարարությունը կանգ առել, պատճառը մեզ հայտնի չէ: Եթե պատճառը շինթույլտվություն չունենալն է, հետաքրքիր է, թե ինչո՞ւ տարածքը նախկին տեսքին չի բերվում: Գուցե օբյեկտի տերը սպասում է հարմար պահի՞, որ շարունակի աշխատանքը: Քիչ չեն դեպքերը, երբ կառուցվում է շենքը, ապա նոր միայն զարտուղի ճանապարհներով ձեռք բերվում թույլտվություն:

Իսկ եթե, այնուամենայնիվ, կա թույլտվություն, այդ դեպքում առավել քան ուշագրավ է, թե ո՞վ եւ ինչպե՞ս է համաձայնություն տվել կանաչ ու ծառախիտ տարածքը բետոնապատել:

Երկու դեպքում էլ բացատրություն է պետք: Այսօր հնարավոր չէ Երեւանի կենտրոնում անզբաղ մեկ թիզ հող գտնել, ամեն ինչ մեջ-մեջ է արվել: Բիզնեսի հզոր ձեռքը հասել է արդեն քաղաքի ծայրամասերին ու աչքից հեռու վայրերում է իր սեւ գործն անում: Ի վերջո, պե՞տք է լինի մեկը, որ բռնի այդ «ամենակարող» ձեռքը: