կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 14:01
Առանց Կատեգորիա

Մոնոպոլիան ավարտվեց 4 տարի առաջ

Մոնոպոլիան ավարտվեց 4 տարի առաջ

Կար ժամանակ, երբ Հայաստանում մի քանի հոգի ստանում էին գիտակրթական ոլորտին վերաբերող հայտարարություններն ու պինդ-պինդ պահում իրենց կամ ծանոթ-բարեկամի համար: Այդ մի քանի հոգին մոնոպոլիստ էին դարձել. միջազգային համաժողովների, արտերկրյա բուհերում ուսանելու թափուր տեղերի կամ դրամաշնորհային ծրագրերի մասին իմանում էին ու սակավ մրցակցության կամ դրա բացակայության պայմաններում հեշտությամբ հաղթահարում մրցութային շեմն ու շրջագայում աշխարհով մեկ` մասնակցելով գիտակրթական տարբեր միջոցառումների:

Ներկայումս իրավիճակը փոխվել է: Արդեն չորրորդ տարին գործում է Արմակադ էլեկտրոնային փոստային ցանցը, որի միջոցով էլ զանգվածային տարածում են ստանում գիտակրթական ոլորտին վերաբերող հայտարարությունները: 

Ցանցում գրանցված է մոտ հինգ հազար մարդ, եւ յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր ձեռքի տակ եղած գիտական ինֆորմացիան ուղարկել խմբի մյուս անդամներին:

 «Մեր ձեռքբերումներից մեկն այն է, որ ցանցում գրանցված են հենց սկզբնաղբյուրային ինֆորմացիա կրողները: Օրինակ, ասպիրանտական տեղեր ունեցող համալսարանն իր հայտարարությունն ուղարկում է անմիջապես մեր ցանցով: Եվ նրանք շահագրգռված են, որ այդ ինֆորմացիան հնարավորինս լայն տարածում ունենա: Նախկինում նրանք դա ուղարկում էին մեկին ու խնդրում էին տարածել, իսկ այդ մի հոգին  կամ ցանկանում էր տարածել, բայց դրա համար ռեսուրսներ չուներ, կամ էլ պարզապես չէր ցանկանում»,- ասաց Արմակադի հիմնադիր եւ նախագահ Խաչիկ Գեւորգյանը:

Շատ երկրներում գիտական ինֆորմացիայի տարածման բազում ցանցեր են ստեղծվում: Օրինակ, հենց Ռուսաստանում դրանց թիվը տասնյակի է հասնում` գիտությունների ակադեմիայի կորպորատիվ ցանցը` RASnet, դաշնային համալսարանական ցանցը` RUNnet,  գիտության եւ կրթության բաց ցանցը` FREEnet-ը եւ այլն: Իսկ ահա 2007 թվականից գործող Արմակադը Հայաստանում միակն է, սակայն աշխարհում գործող խոշոր ցանցերից մեկն է համարվում:

Ամենախոշորը ռումինական Romanian students abroad-ն է, որն ունի 10133 անդամ եւ գործում է 9 տարի, հետո բալկանյան երկրների Balkans-ն էՙ 7742 անդամով եւ արդեն 12 տարի գործում է: 11 տարվա փորձ ունեցող թուրքական e-NASS-ն էլ ունի 5433 անդամ: Իսկ Արմակադը 4-րդ տեղում է` 4810:

Արմակադի գործունեությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ Հայաստանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում ձեռք է բերում գիտական ինֆորմացիա կրողի եւ տարածողի հեղինակություն.

«Պատկերացրեք, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ ստանում են հայտարարություններ Արմակադից: Գիտական այդ տեղեկատվության շնորհիվ շահում են խոշոր գիտակրթական դրամաշնորհներ, կրթաթոշակներ, հնարավորություն են ունենում մասնակցել խորհրդաժողովների եւ այլն: Եվ այդպիսով հետաքրքրություն է առաջանում հենց Հայաստանի նկատմամբ»:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ