Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008թ. դեկտեմբերին հանդիպելով պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել էր, որ անձամբ է հետևելու Թբիլիսիի հայկական սբ Նորաշեն եկեղեցու վերաբացման խնդրիների, ինչպես նաև հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Չանցած մեկ տարի` 2009թ. նոյեմբերին, փլուզվեց Նորաշենին կից Թբիլիսիի հայկական Մուղնեցոց սուրբ Գևորգ եկեղեցին:
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Թարգամաձեն այդ ժամանակ հայտարարեց, թե հայկական եկեղեցիները կվերականգնվեն, կստանան իրավաբանական կարգավիճակ, և կգտնվեն Էջմիածնի իրավասության ներքո: Դրանից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն նշված խնդիրներից որևէ մեկը դեռ լուծված չէ:
Առ այսօր Վրաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները փաստացի ստելուց բացի՝ ոչինչ չեն արել Հայ առաքելական եկեղեցու վիրահայ թեմին և եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տալու և մի քանի եկեղեցիները պահպանելու, էլ չենք խոսում՝ վերանորոգելու ուղղությամբ:
Եվ ահա, հունիսի 10-15-ը Թբիլիսի և Ջավախք կատարված միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցի ընթացքում, Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի և նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպումների հիման վրա, Ս. Էջմիածինը հպարտությամբ տեղեկացնում է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վրացական կողմը պետք է անհրաժեշտ ուշադրություն և հոգածություն ցուցաբերի ավերված կամ վթարային վիճակում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ` մինչև դրանց փոխանցումը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:
Թե ինչ արժե այս պայմանավորվածությունը, ցույց է տալիս անցած երեք տարիների փորձը: Վերացական այս պատրաստակամությունը մատուցվում է որպես երկու եկեղեցիների միջև բանակցություններում հայկական կողմի լուրջ ձեռքբերում: Մինչդեռ իրական «արդյունքն» այն էր, որ վրացական կողմը հստակ հայտարարեց, թե քանի դեռ Հայաստանում վրացական հոգևոր համայնքին, ինչպես նաև վրացական ուղղափառ եկեղեցուն կարգավիճակ չի տրվել, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմը ևս կարգավիճակ չի ստանալու, և այս գործընթացները պետք է զուգահեռ և հավասարաչափ իրականացվեն:
Եվ սա այն դեպքում, երբ 2001, 2002թթ. Հայաստանում և Վրաստանում կատարված մարդահամարի տվյալներով, մեր երկրում վրացական ազգությամբ ընդամենը 700 քաղաքացի է գրանցվել, մինչդեռ Վրաստանում մոտավորապես 300 հազար հոծ բնակվող էթնիկ հայեր կան, երբ Հայաստանում վրացական որևէ եկեղեցի չկա, մինչդեռ Ջավախքում և Թբիլիսիում միասին` կա հայկական 6 եկեղեցի` չհաշված Ջավախքում առկա մի քանի քաղկեդոնական հայկական եկեղեցիները:
Վրացական ուղղափառ եկեղեցին ոչ միայն հիմքեր ստեղծեց Հայաստանում գրանցում ստանալու` գործնականում չունենալով որևէ նախադրյալ, այլև դա դարձրեց վիրահայ թեմի գրանացման կոնկրետ նախապայման: Մյուս կարևորագույն «ձեռքբերումը» համարվում է այն, որ շուտով վիրահայ թեմը իրավաբանական կարգավիճակ է ստանալու: Սակայն իրականում դա որևէ լուրջ նշանակություն չի կարող ունենալ, քանի դեռ այն չի ճանաչվում որպես պաշտոնապես գրանցված կրոնական կառույց:
Իսկ դա չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի վավերացրել կրոնի և խղճի ազատության ու ազգային փոքրամասնությունների մասին միջազգային կոնվենցիաները և չի ընդունել համապատասխան օրենքը: Իսկ թե դա երբ է լինելու, վրացական կողմը «համեստորեն» լռում է: Վրացական կողմն այսպիսով կրկին կարողացավ խնդիրը «ջրել»՝ հերթական խոստումները հայկական կողմի «ականջներին կախելով»: Դրա փոխարեն, վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում գրանցվելու դեպքում, իրավական հենք է ապահովվում վրացական կողմի համար` օրինականացնելու հավակնությունները Հայաստանի, հիմնականում Լոռու մարզում առկա մի քանի քաղկեդոնական եկեղեցիների նկատմամբ:
Այդ մասին շատ հստակ հայտարարեց կաթողիկոս Իլյա Երկրորդը. «Վրացական եկեղեցին հավակնություններ ունի Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիների նկատմամբ: Համատեղ մենք կարող ենք լուծել այդ խնդիրները»: Եվ հենց «խնդիրները լուծելու» նպատակով էլ, փաստացի բավարարվեց նաև վրացական կողմի` միջեկեղեցական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը նախկինում մշտապես մերժվում էր: Այս հանձնաժողովի հիմնական առաքելությունը լինելու է Հայաստանի և Վրաստանի տարածքներում եկեղեցիների պատկանելության խնդրի լուծումը: Դա առնվազն նշանակում է, որ Էջմիածնի կաթողիկոսությունը համակերպվել է իր կողմից մի քանի վիճարկվող եկեղեցիներ Վրաստանի ուղղափառ եկեղեցուն հանձնելու հեռանկարի հետ:
Արդյունքում՝ վրացական եկեղեցին հատկապես քաղկեդոնական եկեղեցական կառույցները սեփականացնելու խնդիր է լուծելու` ընդամենը հայկական կողմին «հանձնելով» այն եկեղեցիները, որոնք ի սկզբանե եղել են հայկական: Ո՞րն էր այս կարգի զիջումների գնալու իմաստը, հասկանալի չէ: Կաթողիկոսի այցը ոչ մի առանցքային խնդիր չլուծեց: Հակառակը. եթե մինչև հիմա կարող էր խոսք լինել Վրաստանից միայն տնտեսական, ինչոր տեղ` քաղաքական կախվածության մասին, ապա կաթողիկոսի այցը այդ կախվածությանը նաև հոգևոր-եկեղեցական ենթատեքստ տվեց:
Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ