կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 23:10
Առանց Կատեգորիա

Թուրքիան հակահայկական քարոզչություն է անում

Թուրքիան հակահայկական քարոզչություն է անում

Մինչեւ 2004 թվականը Անին ռազմական փակ տարածք էր համարվում: Սակայն այժմ Անի մտնելու արգելքն այլեւս չկա. զբոսաշրջության տեսանկյունից Անին գրավիչ է, սա հասկացել են թուրքերը: «Հազար ու մեկ եկեղեցիների քաղաք» կոչվող Անիից միայն ավերակներ են այժմ, որոնք տեսնելու համար ուղղորդվում ես թուրքերենով ու անգլերենով գրված ցուցանակներով: 

Դրանցում գրված է, թե երբ է կառուցվել քաղաքը, ում կողմից, թե միջնադարում մշակութային խաչմերուկ է համարվել այն, բայց հայերի ու հայկականության մասին տառ անգամ չես կարող գտնել: Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները միտումնավոր չեն նշում, որ Անին հայկական է: Եվ միտումնավոր արված այս քայլը քաղաքական բնույթ ունի:

Քուրդ ճարտարապետ, Կովկասյան մշակույթների հետազոտական կենտրոնի ղեկավար Ալի Իհսան Ալընաքի խոսքերով` Թուրքիայի մերժողականությունն ընդամենը շարունակությունն է այն քաղաքականության, որը սկսել են դեռեւս հարյուր տարի առաջ` 1915 թվականից. «Կարճ ասած` քաղաքականությունը հետեւյալն է. այն, ինչ հայկական է, պարզապես ներկայացվում է որպես մշակութային արժեք եւ չի նշվում դրա հայկական լինելու մասին»:

Ավելին, Ալընաքը խոսում է Անիի թուրքականացման քաղաքականության մասինբավական չէ, որ չի նշվում դրա հայկականությունը, այն անվանափոխելու փորձ է արվում` Անիի փոխարեն ասում են Անը, որը թուրքերենում նշանակում է ակնթարթ, հիշողություն: Եվ այս անվանումը գիտական որեւէ հիմնավորում չունի. «Թուրքիայի մշակույթի նախարարությունը Անը է անվանում, այնինչ ամբողջ աշխարհին հայկական այդ քաղաքը որպես Անի է հայտնի: Դա արվում է Անին 1915 թվականի եւ հայկականության հետ չկապելու համար»:

Մեկ այլ փորձագետՙ Ինսան Կարայազին էլ ասում է, թե պաշտոնական փաստաթղթերում գործածում են Անի անունը, իսկ դրանցից դուրս մյուս բոլոր դեպքերում` Անը` արդարանալով, թե տեղաբնակներն էլ են այդպես ասում: Փորձագետը հավելում է նաեւ, թե ցուցապաստառներում նշվում է, որ  Անին կառուցվել է Բագրատունիների կողմից, բայց թե ովքե՞ր են եղել նրանք, չի նշվում, ինչը շփոթմունքի պատճառ է դառնում: Բացի դրանից, եկեղեցիների ավերակների վրա տարաբնույթ գրառումներ են անում, որոնք պարզապես անթույլատրելի են:

Կարայազին հավատում է, որ եթե Անին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների պահպանման ծրագրում, ապա ամեն ինչ կվերականգնվի: Մինչդեռ Ալի Իհսան Ալընաքը կարծում է, որ Թուրքիայի կառավարությունը հայկական մի քանի հուշարձանների վերանորոգումը կատարում է արտաքին ճնշումների հետեւանքով: Եվ մշակութային արժեքների պահպանման անկեղծ գործընթաց Թուրքիան կսկսի միայն այն բանից հետո, երբ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն:

Անդրադառնալով Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Ալընաքը նշում է, թե վատ հետեւանքներ կլինեն, եթե խորհրդարանում մեծամասնություն կազմի ներկայիս իշխող  կուսակցությունը, քանի որ կշարունակի գործել ոչ դեմոկրատական համակարգը:

Նրա խոսքերով` եթե Թուրքիան դեմոկրատ լինի, ապա կկարգավորի իր հարաբերությունները քրդերի հետ, իսկ հայերի դեպքումՙ կբացի սահմանը եւ կոնկրետ քայլեր կձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Այնինչ ճիշտ հակառակն է արվում.

§Գործող իշխանությունը հակահայկական քարոզչություն է իրականացնում եւ իր ժողովրդի մեջ բացասական տրամադրվածություն ստեղծում հայերի հանդեպ¦,- ասում է Ալի Իհսան Ալընաքը եւ հավելում, թե այսօր կարեւոր չէ` քանի հայ է ապրում Թուրքիայում, խնդիրն այն է, որ հայը ճնշված է իր ազգային պատկանելության համար եւ թաքցնում է իր ինքնությունը. «Օրինակը` զինվորական Սեւակն է, որը սպանվեց իր հայ լինելու համար»:

Ի պատասխան այն նկատառմանը, թե Սեւակի դեպքը գուցե պատահականություն էր, քուրդ ճարտարապետը պատասխանում է, որ վերջին տարիներին նման պատահակությունների հետեւանքով մոտ 400 զինվոր է զոհվել, որոնց մեծամասնությունը էթնիկ քրդեր են:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարս