կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 23:11
Առանց Կատեգորիա

Ընտրական համախտանիշ

Ընտրական համախտանիշ

Որքան շատ է փոփոխվում Ընտրական օրենսգիրքը, այնքան դրանից հետո անցկացվող ընտրությունների որակն ավելի է ընկնում:

Եվ չնայած վերջին փոփոխությունների հեղինակների լավատեսությանը` որևէ երաշխիք չկա, որ գալիք ընտրություններն ավելի լավն են լինելու: Ընտրական համակարգի խաթարվածության հիմնական պատճառը օրենսդրության մշտական անկատարությունը չէ, այլ հասարակության լայն շերտերի իրավագիտակցության ցածր մակարդակը, ընտրությունների` որպես իշխանության իրացման միջոցի, իրական նշանակության, երկրի կառավարման նկատմամբ սեփական պատասխանատվության և ընդհանուր հասարակական շահի չգիտակցումը: Այլ կերպ ասած` քաղաքացիական կեցվածքի և մտածողության զանգվածային բացակայությունը:

Եթե մարդը սովորել է վաճառել իր ձայնը, համակերպվել է այն մտքի հետ, որ իր քվեն ոչինչ չի որոշում, իր ընտրությունը պաշտպանելու նկատմամբ ակնհայտ արհամարհանք է ցուցաբերում, ինչպիսի օրենք էլ գործի` իշխանությունը միշտ էլ վերարտադրվելու հնարավորություն գտնելու է:

Դա է պատճառը, որ վերջինս համընդհանուր ուշադրությունն ամեն անգամ տեղափոխում է օրենսգրքի անկատարության, այսինքն` երկրորդական հարթություն` զանգվածներին պահելով պարզ մանիպուլյացիայի ճիրաններում: Իշխանությունը հասել է այն բանին, որ սա դարձել է կացութաձև, օրինաչափություն, կենսակերպ: Նման իրավիճակում գործնականում միակ ելքը մնում է կողքից հասարակությանն ինքնամաքրման, ինքնուրույն վերափոխման մղելը, օբյեկտից սուբյեկտի վերածելը: