կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-19 03:49
Առանց Կատեգորիա

Ալիեւյան քաղաքականությունն Իրանի համար սպառնալիք է

Ալիեւյան քաղաքականությունն Իրանի համար սպառնալիք է

Իրանի հոգեւոր առաջնորդն անմիջականորեն անցել է երկրի կառավարմանը, ինչը պայմանավորված է երկրի նախագահի հնարավոր պաշտոնաթողության հանգամանքով. այսօր նման տեսակետ հայտնեց «Նորավանք» հիմնադրամի փոխնախագահ, իրանագետ Սեւակ Սարուխանյանը:

Նրա խոսքերով` հոգեւոր առաջնորդը երկրի կառավարման բուն գործը վերցնում է իր ձեռքը, որպեսզի ընթացիկ քաղաքական եւ տնտեսական ղեկավարումը բարեհաջող փոխանցի հաջորդ նախագահին: «Չի կարելի ասել, որ պաշտոնանկությունը 100 տոկոսով տեղի կունենա, բայց այն, որ համակարգն այսօր ամեն կերպ պատրաստվում է դրան, փաստ է»,- ընդգծեց իրանագետը:

ԵՐԿԻՐ-ի հարցին, թե Իրանի նախագահի հնարավոր պաշտոնանկությունը կազդի՞, արդյոք, Հայաստանի հետ հարաբերությունների վրա, Ս. Սարուխանյանը պատասխանեց, որ Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքը փոփոխություն չի կրի:

«Մահմուդ Ահմադինեժադը Հայաստանի համար միշտ էլ իրանական լավ նախագահ է եղել, որովհետեւ նրա իշխանության տարիներին Հայաստանի հետ հարաբերությունները բավականին զարգացել են, եւ իրագործվել են տարածաշրջանային խոշոր ծրագրեր: Չեմ կարծում, որ նրանից հետո եկող նախագահը որեւէ լուրջ բացասական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում, քանի որ Հայաստանի հետ լավ հարաբերությունները բխում են Իրանի արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային շահերից»,- ասաց իրանագետը:

Նշելով, որ Իրանի քաղաքական գծում տարածաշրջանային կտրվածքով եւս արմատական փոփոխություններ չեն լինի, փորձագետն ընդգծեց, որ քանի դեռ գոյություն ունի Ադրբեջանի արեւմտամետ քաղաքականությունը եւ Ադրբեջան-ԱՄՆ սերտ համագործակցության ձեւաչափը, Ադրբեջանն Իրանի համար կշարունակի մնալ որպես որոշակի սպառնալիք ներկայացնող պետություն:

«Ալիեւյան քաղաքականությունն Իրանի համար սպառնալիք է, Ադրբեջանը պրոիրանական պետություն չէ, Իրանի դեմ աշխատող պետություն է, Իրանն էլ Ադրբեջանի դեմ աշխատող պետություն է եւ ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի ներքաղաքական կյանքին, որը վաղ թե ուշ կարող է հանգեցնել իսլամական հեղափոխության փորձերի»,- նշեց Ս. Սարուխանյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԼՂՀ կարգավորման խնդրում Իրանի մոտեցումը որքանո՞վ հավասարակշռված կլինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրանցի գործիչների կողմից շատ է խոսվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, փորձագետը նշեց, որ Իրանը երբեք պրոհայկական հայտարարություններով հանդես չի եկել ԼՂ կարգավորման գործընթացում, բայց իրական քաղաքականությունը միշտ էլ տարբերվել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իրականում Իրանին հուզող հարց է, եւ Իրանը շահագրգռված չէ այդ ամբողջականության պահպանման գործում: Եվ ընդհանրապես, որքան թույլ լինի Ադրբեջանը, այնքան Իրանին դա ձեռնտու կլինի»:

Ս. Սարուխանյանը նաեւ նշեց, որ Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացում ստատուս քվոն պահպանվի, «քանի որ ստատուս քվոն նշանակում է` կա հսկայական տարածք, որտեղ չկան երրորդ պետության ռազմական ուժեր»:

«Այն տարածքները, որտեղ կանգնած են ԼՂ-ի կամ Հայաստանի զորքերը, դա ՆԱՏՕ-ի բանակի տարածքը չէ, այնտեղ չկան ամերիկյան զինվորներ, չկան բրիտանական խաղաղապահներ, ինչն Իրանի համար սպառնալիք է, դրա համար էլ Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի ստատուս քվոն պահպանվի եւ պատերազմական գործողությունները չվերսկսվեն»,- նշեց իրանագետն` ընդգծելով, որ դա կլինի Իրանի ոչ պաշտոնական քաղաքական գիծը, ինչպես եղել է 90-ականների սկզբին` պատերազմի ժամանակ:

Ս. Սարուխանյանը նաեւ նշեց, որ այն առասպելը, թե Արցախյան պատերազմի ժամանակ Իրանը մեզ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել, իրականությանը չի համապատասպանում: Ամենակարեւոր բանը, որ Իրանն արել է Հայաստանի եւ ԼՂ-ի համար, այն է, որ չի փակել սահմանը Հայաստանի հետ: