Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում բենզինի գների ներկայիս մակարդակը դեռևս կարող է պահպանվել մինչև ամսվա վերջ։ Նավթի համաշխարհային շուկայում գների տրենդի պահպանումը Հայաստանի նավթամթերքի շուկայի խաղորդներին հույս է տալիս, որ արդեն մայիսի վերջին հնարավոր կլինի իջեցնել մանրածախ գները։ Համաշխարհային շուկայում, մայիսի 1-ից սկսած, նավթի գների նվազումը հնարավոր է՝ Հայաստան հասնի, եթե համաշխարհային շուկայում գների նվազումը պահպանվի նաև առաջիկայում։
«Սիթի պետրոլ գրուպում» (շուկայի մասնաբաժինը՝ 41,76%) «Կապիտալին» ասացին, որ ներկայում ընկերությունը դեռևս իրացնում է բարձր գներով ձեռք բերված վառելիքը, որը, ամենայն հավանականությամբ, կսպառվի մայիսի վերջին։ «Եթե համաշխարհային շուկայում պահպանվի գների նվազումը, և մենք ձեռք բերենք ավելի էժան վառելիք, ապա չի բացառվում, որ մայիսի վերջից ներքին շուկայում կիջեցնենք բենզինի գները»,- ասացին ընկերությունում՝ հավելելով, թե բենզինի բարձր գները ձեռնտու չեն ընկերությանը, քանի որ զգալիորեն կրճատվել է սպառումը։
«Ներքին շուկայում սպառման ծավալների կրճատման արդյունքում մենք արտասահմանյան մեր գործընկերներին տույժեր ենք վճարում՝ պայմանագրերով ամրագրված պարտավորությունների չկատարման համար։ Պայմանագրով ամրագրված են ձեռք բերվելիք ծավալները և ժամկետները, բայց քանի որ ներքին շուկայում սպառումն ընկել է, մենք չենք կարողանում ձեռք բերել այդ ծավալները, արդյունքում վճարում ենք տույժեր»,-ասացին ընկերությունում։
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է՝ Վրաստանի ներքին շուկայում բենզինի գների նվազումը նաև տարածում ունենա Հայաստանում՝ «Սիթի պետրոլ գրուպում» պատասխանեցին, որ Վրաստանի նավթամթերքի շուկայի և Հայաստանի շուկայի գները տարբեր են։ Վրաստանում լուրջ խաղորդ է «Լուկօյլ» ընկերությունը, որը և հանդիսանում է մատակարար, նաև ունի զգալի թվով բենզալցակայաններ, և գների նվազումը կարող է պայմանավորված լինել այդ ընկերության գնային քաղաքականությամբ։
Հիշեցնենք, որ Վրաստանի նավթամթերք սպառողների, արտադրողների և ներկրողների ասոցիացիայի նախագահ Վանո Մտավրաշվիլին ասել էր, որ եթե համաշխարհային շուկայում նավթի և նավթամթերքի գների նվազումը պահպանվի, ապա այդ տենդենցը իր արտացոլումը վրացական շուկայում կգտնի 2-3 շաբաթ անց։
Նշենք, որ Թբիլիսիում «Լուկօյլի» լցակայաններում երեկ «ռեգուլյար» տեսակի 1 լ բենզինի գինը կազմում էր 2.15 լարի (Դ444), «պրեմիում» տեսակինը՝ 2.23 լարի (Դ461)։ Նշենք, որ «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. երկրորդ եռամսյակ», հրապարակման մեջ Հայաստանի Կենտրոնական բանկը, հիմք ընդունելով մի շարք միջազգային կառույցների կանխատեսումները, գրել է. «2011թ. և 2012թ. սկզբին կանխատեսվում է նավթի միջազգային բարձր գների պահպանում` $120-ի սահմաններում՝ 1 բարելի (159 լ) դիմաց: Համաձայն Էներգիայի միջազգային կազմակերպության գնահատումների՝ 2011թ. սպասվում է նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 1.6% աճ, ինչը կկազմի օրական մոտ 89.5 մլն բարել»։
Այս կանխատեսումները այնքան էլ չեն բխում Հայաստանի ներքին շուկայի շահերից, քանի որ ապրիլի 25-ին, երբ ներքին շուկայում «ռեգուլյար» տեսակի 1 լ բենզինի գները բարձրացվեցին Դ20-ով, 1 լ-ի համար սահմանվեց Դ450, բենզինի շուկայի խաղորդները հիմք էին ընդունել համաշխարհային շուկայում նավթի գները։ Մասնավորապես՝ ապրիլին Նյու Յորքի ապրանքային բորսայում Brent տեսակի 1 բարել նավթի գինը տատանվել է $117,28-126,65, իսկ 1 տոննա բենզինի գինը՝ $992-1047-ի շրջանակներում։
Եթե համաշխարհային շուկայում գները պահպանվեն ապրիլի մակարդակին, ապա ինչպես ցույց է տվել ժամանակը, ներքին շուկայում «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լ-ը կտատանվի Դ430-450-ի սահմաններում։ Մայիսի 1-ից համաշխարհային շուկայում նավթի և բենզինի գների նվազում է արձանագրվել, որը երեկ կարծես կանխվեց։ Այսպես՝ մայիսի 1- 9-ը ընկած ժամանակահատվածում Brent տեսակի նավթը էժանացել էր շուրջ 14%-ով՝ հասնելով մարտի 16-ի մակարդակին՝ $109՝ 1 բարելի համար։ Այս նույն ժամանակահատվածում բենզինի 1 տոննան էժանացել էր 10%-ով՝ հասնելով $925` 1 տոննայի համար։ Երեկ, սակայն, Նյու Յորքի բորսայում նավթը նորից սկսել էր թանկանալ, և 1 բարելը վաճառվում էր $114,7-ով (աճը` 5,5%), իսկ բենզինի գինը բարձրացել է մինչև $933 (աճը` 0,9%)։