կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 22:08
Առանց Կատեգորիա

Ճի՞շտ ենք ընկալում իմաստը

Ճի՞շտ ենք ընկալում իմաստը

Մամուլի ազատության համաշխարհային օրն այս տարի մեզ համար առանձնակի նշանակություն ունի, որովհետեւ այն դիմավորում ենք դատական եղանակներով ազատ մամուլը խեղդելուն ուղղված արշավի պայմաններում:

Երբ օլիգարխներն ու իշխանության ներկայացուցիչներն են փորձում լռեցնել լրատվամիջոցներին, դրա տակ տեսնում ենք թաքցված շահեր, ամբիցիաներ: Բայց երբ արդեն լրատվամիջոցներն են սկսում նույն լեզվով իրար հետ հարաբերություններ պարզել, հասկանալի է դառնում, որ խնդիրը միայն օլիգարխներինը չէ, այլ՝ հասարակությանը: Եվ խոսքի ազատության կամ մարդու արժանապատվության հարգման սկզբունքներն ավելի հաճախ միջոց են դառնում այլ խնդիրներ լուծելու համար: Արդյունքում՝ լրատվական դաշտում խորանում է ջլատումը:

Օրերս նաեւ խոսքի ազատության պաշտպանության նպատակով տեղեկատվական վեճերի խորհուրդ է ձեւավորվել, որի կազմում լրագրողներ, ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Նախաձեռնությունը լավն է. ոլորտի ինքնակարգավորման յուրօրինակ մեխանիզմ է ձեւավորվում: Սակայն որքանո՞վ այն արդյունավետ կլինի, եթե լրագրողական կազմակերպության նախագահը կարող է առանց գործերի ու իրավիճակների միջեւ տարբերակումներ դնելու հայտարարել, թե չի կարող արդարացնել օլիգարխների բարի համբավը վարկաբեկելու` լրատվամիջոցների պահվածը: Փաստորեն, հարց է առաջանում, թե ինքներս արդյո՞ք ճիշտ ենք ընկալում խոսքի ազատության սկզբունքի իմաստը: