կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 01:49
Արցախ

Դարձյալ Արցախի պետհամալսարանը

Դարձյալ Արցախի պետհամալսարանը

Ղարաբաղի որոշ կառույցներում տիրող «շպիոնամանիայի» մասին գրառումը լուրջ քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում, այն նաեւ հայտնվել է լրատվամիջոցներում։ Խոսքն այս անգամ Արցախի պետհամալսարանի մասին է։

 

«Արցախի եվրոպական շարժում»  ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանն իր բլոգում գրել է /http://haykkhanumyan.livejournal.com/32897.html?view=254337#t254337/, որ վերջերս Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ տեղեկացրել են այն մասին, որ Արցախի եվրոպական շարժման նախաձեռնությամբ կազմակերպվող  «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» թեմայով եռամսյա դասընթացին մասնակցող ԱրՊՀ ուսանողների վրա լուրջ ճնշումներ են գործադրվում՝ դասընթացին չմասնակցելու պահանջով։ Նշենք նաեւ, որ այդ դասընթացին մասնակցում են նաեւ Արցախի տարբեր բուհերից շուրջ 30 ուսանողներ:

 

ԱրՊՀ դեկաններից մեկը, որն, ի դեպ, համարվում է կիրթ եւ գիտակ մասնագետ, իր մոտ էր կանչել ուսանողներին եւ զգուշացրել, որ «Եվրոպայում կան կառույցներ, որոնք աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ` քանդելու համար տարբեր երկրներ»:

 

«Ես շուտով նամակ կգրեմ այդ դեկանին` խնդրելով հաստատել իր ասածը եւ պարզաբանել այն: Դասախոսներից մեկն էլ, որ մինչ այդ եռամսյա դասընթացների գովազդն էր անում, հայտարարել էր, որ միայն «դավաճաններն ու շպիոններն» են գնում այդ դասընթացներին»,- գրել է Հայկ Խանումյանը:


Այս գրառման տակ հայտնվել են մի շարք մեկնաբանություններ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք. մեկը նշել է, որ նման գործելաոճը բնորոշ է ավտորիտար բոլոր իշխանություններին, մյուսը ափսոսանք է հայտնել եւ շեշտել, որ մտավոր շրջափակման մեջ գտնող մարդկանց ոչինչ չի օգնի, նույնիսկ միջազգային ճանաչումը։ Իսկ ԱրՊՀ ուսանող ներկայացած մեկն էլ պետհամալսարանն անվանել է «700 դրամանոց կաշառակերի կանտորա»:

 

«Եթե էդ դասախոսները իրենց տեղ մի կուբիկ դնեն ու տուն գնան, հաստատ մենք ավելի կիրթ ուսանողներ կունենանք։ Ո՞ր ուսանողը չգիտե ԱրՊՀ ԽԱՅՏԱՌԱԿ վիճակի մասին»,- գրում է մեկ ուրիշը։


Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում շատ է քննարկվում Արցախի պետհամալսարանում տիրող վիճակը՝ ճնշումներ, կաշառակերություն եւ այլն։ Ի դեպ, կաշառակերության վերացման անհրաժեշտության մասին ամեն տարի խոսվում է նաեւ նույն համալսարանում երկրի բարձրաստիճան այրերի հետ հանդիպումների ժամանակ։


Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա էր դարձել պետհամալսարանի հանրակացարանի վիճակը, որի խայտառակ պայմաններն արտացոլող լուսանկարները հայտնվել էին համացանցում, իսկ կարճ ժամանակ անց նախագահ Բակո Սահակյանն իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել՝ հանրակացարանի պայմանների հետ կապված, եւ տվել էր համապատասխան հանձնարարականներ։

 

Գուցե այս անգամ էլ նույնկերպ կվարվի նախագահը կամ մեկ այլ պաշտոնյա, եւ դասախոսներին կհորդորի հավատարիմ մնալ 2000-ից որդեգրված ժողովրդավարության սկզբունքներին, այլապես կստացվի, որ եվրոպական արժեքների, ժողովրդավարական պետություն կառուցելու եւ նման կարգի հայտարարություններն ու հավաստիացումները պարզապես արտաքին աշխարհի աչքերին թոզ փչելու համար են։