կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 03:37
Քաղաքական

ԵՐԿԻՐ-ի հարցը

ԵՐԿԻՐ-ի հարցը
ԵՐԿԻՐ - Վերջին օրերին, Հանրապետական-Բարգավաճ փոխադարձ լեզվակռվի ու երկրորդ նախագահի նոր հարցազրույցի ֆոնին, լրատվամիջոցները սկսեցին քննարկել նաեւ Դաշնակցության ու Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների հարցը։ Ինչ մեկնաբանություն ասես տվեցին։ Դաշնակցական գործիչներն էլ պարզաբանումներ արեցին։ Ի վերջո, պարոն Հովհաննիսյան, Դուք՝ որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ խմբակցության ղեկավար, ինչպե՞ս կբնորոշեք այդ հարաբերությունները։


Վահան Հովհաննիսյան - Ռոբերտ Քոչարյանը տասը տարի եղել է մեր երկրի նախագահը։ Տասը տարի մենք համագործակցել ենք. ե'ւ 1998-ին, ե'ւ 2003-ին պաշտպանել ենք նրա թեկնածությունը։ Մեր համագործակցությունից հիմնականում գոհ ենք։ Բայց նաեւ շատ տարաձայնություններ ենք ունեցել հատկապես` ներքին քաղաքականության, կադրային, սոցիալ-տնտեսական հարցերում։ Այժմ էլ գնահատում ենք այդ մարդու տասնամյա դերակատարությունը։


Հիմա՝  այսօրվա մասին։ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականության մեջ չէ, եւ մենք նրան վերաբերվում ենք իբրեւ անհատի, ով իրավունք ունի դիրքորոշումներ ու տեսակետներ արտահայտել։ Եթե նա գործուն քաղաքականություն վերադառնա, իր ծրագրերն ու մոտեցումները առաջադրի, ապա մենք կքննարկենք դրանք եւ այս կամ այն կերպ կարձագանքենք։ Ինչպես արել ենք մինչեւ այժմ՝ իբրեւ ինքնուրույն ուժ՝ միշտ ու բոլորի առջեւ բաց պահելով համագործակցության հնարավորությունները, եթե դրանք մոտ են մեր ծրագրերին ու Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումներին։