կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-18 02:09
Հասարակություն

Հայցորդությունը մտավ կրեդիտային համակարգ

Հայցորդությունը մտավ կրեդիտային համակարգ

Ըստ «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասինե (գրանցված 28.07.2010) հրամանի, 2010-2011 թթ. ուստարվանից ասպիրանտուրայում եւ հայցորդության համակարգում հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող բարձրագույն ուսհաստատություններում եւ գիտական կազմակերպություններում գործում է հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգը:

 

Այս առումով, ԿԳ նախարարի հրամանի համաձայն, ասպիրանտուրայում անհրաժեշտ է ներմուծել ավելի կազմակերպված կրթական բաղկացուցիչ, քան պահանջվող 3 թեկնածուական մինիմումի պահանջներն են. «Այն պետք է ապահովի ասպիրանտի գիտելիքների, ունակությունների եւ կարողությունների ավելի լայն շրջանակ` ապագա հետազոտական կարիերայի ավելի լայն տիրույթի ընդգրկմամբ»,- նշված է հրամանում:

 

Ծրագիրը պետք է առաջադրի դասընթացների եւ կրթական այլ մոդուլների լայն ընտրություն` դասավանդման տարբեր ձեւերի` դասախոսությունների, սեմինարների եւ քննարկումների զուգակցմամբ, ընդ որում, առաջնությունը պետք է տրվի սեմինարներին եւ ինտերակտիվ դասընթացներին: Ծրագիրը բաղկացած է 2 մասերից. կրթական` պարտադիր եւ ընտրովի ընդհանուր եւ մասնագիտական դասընթացներ ու կրթական մոդուլներ, եւ հետազոտական` ինքնուրույն հետազոտական աշխատանք, ատենախոսության կատարում: Ծրագրով նախատեսված կարգով ուսումնական պլանում ավելացվել են նաեւ որոշ առարկաներ` մանկավարժություն եւ հոգեբանություն, գիտական էթիկա (ընտրովի), ակադեմիական գրագրություն օտար լեզուներով, գործարար գրագրություն եւ հաղորդակցման կարողություններ (ընտրովի), գիտական գրագրություն եւ աշխատանքների ձեւակերպում:

 

Հայցորդները հիմնականում մտահոգում է, թե որտեղ են անցկացվելու դասընթացները եւ ինչ առարկաներ են ավելացել, ինչպես նաեւ եթե աշխատում են եւ ի վիճակի չեն նախատեսված 5.400 ժամը լրացնել` արդյոք այդ դեպքում դուրս են մնալու համակարգից:

 

Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժնի վարիչ Վաչիկ Ղազարյանը կարծում է, որ կրեդիտային համակարգում թերի է միայն մի խնդիր. ավելացված մոդուլների համար պետք է կազմակերպել դասընթացներ. ո՞վ է վճարելու, ասենք, իրենց հրավիրած մասնագետին:

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ այդ հարցը դեռ բաց է: Ինչ վերաբերում է ժամերը լրացնելուն` իրենք անդրադարձել են նաեւ այդ խնդրին. «Երբ հայցորդն ունի մասնագիտական ստաժ, որոշակի քանակությամբ կատարված գիտահետազոտական աշխատանք, մասնակցել է մասնագիտական պրակտիկային, ապա հնարավոր է այդ ամենը վերահաշվարկել եւ «փոխակերպել» կրեդիտի: Պարտադիր չէ հաճախել բոլոր դասընթացներին: Իսկ հայցորդության եւ ասպիրանտուրայի տարբերությունը տվյալ պահին կայանում է նրանում, որ հայցորդը, ի տարբերություն ասպիրանտի, ընդունելության քննություններ չի հանձնում, այլ պահանջվում է ներկայացնել միայն որոշակի ծավալով աշխատանք կամ մասնագիտական ստաժ ունենալ»,-ասաց Մ. Գրիգորյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ են անցկացվելու դասընթացները, Վ. Ղազարյանը իրենց հայցորդներին խորհուրդ տվեց չանհանգստանալ, քանի որ, բացի համակարգիչ, օտար լեզու եւ փիլիսոփայություն առարկաների, որոնք անցկացվելու են ՀՀ Գիտության ակադեմիայում, մնացածները կիրականացվեն գրականության ինստիտուտում. «Մենք ունենք բոլոր պայմանները դասընթացները մեզ մոտ անցկացնելու համար: Այդպես նաեւ ձեռնտու է հայցորդներին, քանի որ այլեւս գիտական ղեկավարներին տեսնելու համար հատուկ օր չեն նշանակի»,- ասաց Վ. Ղազարյանը:

 

Մ.Գրիգորյանի կարծում է, որ ծրագրի հետ կապված թերություններ կլինեն ընթացքում, սակայն իրենք համակարգում շեշտադրում են մասնագիտական բլոկը: