Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Մարինե ՀԱԿՈԲՅԱՆ
Հաշված օրերից թեւակոխելու ենք 2011 թվական՝ Ճագարի տարի:
«Ի՞նչ նոր տարի, գիժ եմ, 1000 դոլար ծախսեմ` սեղան դնեմ»... Շատերն են բողոքում գների թանկացումից: Շուկայում նույնիսկ վաճառողներն են տխուր, հույսի ակնկալիքը դեմքներին սպասում են հաճախորդի: «Խոզի միսը արժե 2000-2600, տավարինը` 3000, քյուֆթայինը` 2300, աղացած մսինը` 2000, տեղական հավինը՝ 2500 դրամ: Դեռ հայտնի չէ, թե էլ որքա՞ն են բարձրանալու գները: Բայց ակնհայտ է, որ գնումներ անողները պակասել են: «Կեսօր է, բայց դեռ 10 մարդ չի մտել շուկա»,- տրտնջում է ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառը:
Մինչեւ ո՞ւր, որքա՞ն են աճելու գները: «Մեզ մոտ գների բարձրացումն առավելապես պայմանավորված է տնտեսության մենաշնորհացման բարձր աստիճանով: Մրցակցություն չկա, սպառողներն, ըստ էության, չունեն իրական այլընտրանք, քանի որ գները ձեւավորվում են ոչ թե պահանջարկի-առաջարկի, այլ առանձին ընկերությունների կողմից իրենց դիրքը չարահշահելու միջոցով գերշահույթ ստանալու արդյունքում: Բացի այդ, պետությունը որեւէ քայլ չի ձեռնարկում երեւույթը կանխելու եւ գների հիմնավորվածությունը պարզելու համար»,- համոզված է տնտեսագիտության դասախոս Աղավնի Հակոբյանը:
Սակայն բոլորին չէ, որ անհագստացնում է գների թանկացումը: Ոմանք չեն էլ նկատում դա. «Դե, միշտ էլ էդքան է եղել, ե՞րբ է բարձրացել: Արդեն խոզի բուդը առել եմ, որ այդ օրերին չընկնեմ շուկաները»,- ասաց մի տիկին:
Սուպերմարկետի դրամարկղում իմ հերթին էի սպասում, ինձնից առաջ երկու կանայք էին, որոնց զամբյուղում նկատեցի սեւ եւ կարմիր ձկնկիթ, ռուսական երշիկեղեն, լոլիկ, վարունգ ու էլի նման բաներ, բայց մեկը մյուսին ասում էր. «Օ~օֆ, փող չունեմ`չգիտեմ ինչ հագնեմ նոր տարվան: Ամուսինս էլ էնքան պարտքեր ունի, տոկոսներ ա, որ կուտակել ա...»:
Իսկ փողոցում պատահած կորացած մեջքով տատիկն անհանգստացած էր. «Էն հարսին ասում եմ`սով ա, պանիրը քիչ-քիչ կտրի, դիր սեղանին`չի լսում...»:
«Մարդիկ ոչ միայն դժգոհում են, այլեւ վախենում են դժգոհելուց: Հասարակության հոգեբանական ռակցիան դարձել է անհասկանալի: Հոգեբանական անկման պատճառով սոցիալական սրված վիճակը չի արտահայտվում ամբողջական տեսքով: Շատ բաներ մարդիկ թաքցնում են, ինչը գալիս է մեր մենթալիտետից»,- PR-մենեջեր Հայկ Մարկոսյանն է պարզել իր ուսումնասիրությունների արդյունքում: