Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօրվանից միջազգային խոշոր և հեղինակավոր AEGEE երիտասարդկան կազմակերպության մասնաճյուղը գործելու է նաև Երևանում: AEGEE-ն ունի ֆրանսիական ծագում և «Եվրոպացի ուսանողների ֆորում» անվան հապավումն է ֆրանսերենով:
«Հաշվի առնելով այն, որ հայ երիտասարդները կրթամշակութային ոլորտում եվրոպական արժեքների հետ շփվելու և փորձի փոխանակման մեծ պահանջ ունեն, որոշեցինք AEGEE-ի մասնաճյուղ ունենալ նաև Երևանում»,- ասաց AEGEE-Երևան երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին AEGEE-ի 50-րդ գագաթնաժողովի ժամանակ համաձայնագիր է կնքվել AEGEE-Եվրոպայի և AEGEE-Երևանի միջև և, ըստ այդ համաձայնագրի, AEGEE-ն իրավունք է ստացել պաշտոնապես գործելու Երևանում:
AEGEE-Երևանի հիմնադրման նպատակը Հայաստանի դերը եվրոպական երիտասարդության շրջանում ակտիվացնելն է, հայ ուսանողներին եվրոպական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին տեղեկացնելն է և նրանց հնարավորություն տալը ծանոթանալ տարբեր մշակույթների հետ, ուսումնասիրել մյուսների լավագույն փորձը և իրենց ստացածը կիրառել Հայաստանում:
AEGEE-ն երկայումս ունի մոտ 15000 անդամ` Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Կովկասի ավելի քան 240 քաղաքում: Այս թվին միացել է նաև Երևանն իր 30 ակտիվ անդամներով: Շ. Խաչատրյանն ասաց, որ անդամագրման բազմաթիվ դիմումներ են ստանում, և AEGEE-ի անդամ կարող են դառնալ մինչև 35 տարեկան բոլոր ակտիվ երիտասարդները, ովքեր կազմակերպության գաղափարների համախոհներն են:
AEGEE-ն ստեղծվել է 1985 թվականին Փարիզում: Այժմ կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: Այսպիսով` AEGEE-ի նպատակներն են նպաստել ժողովրդավար և միացյալ Եվրոպայի գաղափարի տարածմանը, պայքարել եվրոպական մայրցամաքի տարբեր երկրների ուսանողության հավասար իրավունքների և շահերի պաշտպանության համար:
Ամեն տարի AEGEE-ի տարբեր անդամների կողմից կազմակերպվում են հարյուրավոր գիտաժողովներ, փորձի փոխանակմանը նվիրված քննարկումներ, ամառային դպրոցներ և մշակութային միջոցառումներ:
AEGEE-ի կառույցները ձևավորվում են ոչ թե պետության, այլ քաղաքների մակարդակներով, և յուրաքանչյուր AEGEE կառույց համագործակցում է տեղական մեկ համալսարանի հետ: Իսկ «AEGEE-Երևանը» համագործակցում և աջակցություն է ստանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից:
Ներկայումս AEGEE-ն ունի մասնակցային կարգավիճակ Եվրախորհրդում, խորհրդատվական կարգավիճակ` ՄԱԿ-ում, գործառնական կարգավիճակ` ՅՈՒՆԵՍԿՕ-ում, նաև Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամ է: