կարևոր
667 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-20 13:24
Քաղաքական

5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին

5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին

Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի պաշտոնական հարթակներում։

Հոկտեմբերի 14-ին կայացած՝ Արտաշատ համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգում ընդգրկված են եղել համայնքային ֆինանսական միջոցների և գույքի տնօրինմանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, ավագանին քննարկել է «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար է տրամադրել ուսուցչի և դաստիարակի տոնը նշելու համար։

Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո Արտաշատի համայնքապետարանը հայտարարություն տարածեց, որտեղ, մասնավորապես ասվում էր․ «Հաշվի առնելով համայնքի բնականոն կյանքի ընթացքը ապահովելու հարցում ավագանու նիստի անցկացման անհրաժեշտությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արտաշատ համայնքի ղեկավարը չունի առաջին տեղակալ, Կառլեն Մկրտչյանի արձակուրդը սահմանված կարգով ձևակերպվել է 2026 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։ Այսպիսով, ավագանու նիստի օրը՝ հոկտեմբերի 14-ին, համայնքի ղեկավարն արձակուրդում չի գտնվել»։

Այդուհանդերձ, դրանից հետո ևս Կառլեն Մկրտչյանը շարունակում է իր նախընտրական աշխատանքները, մասնակցում է բանավեճերի և այլն։

Yerkir.am-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գրավոր հարցում է ուղարկել հետևյալ հարցերի պարզաբանման համար․

  • արդյո՞ք Կառլեն Մկրտչյանն իրավունք ունի նախընտրական թեժ փուլում վերադառնալ արձակուրդից և գումարել ավագանու նիստ,
  • արդյո՞ք «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրելը այդքան հրատապ հարց էր, նաև որի պատճառով թեկնածուն հրատապ կարգով վերադարձել է արձակուրդից և ընդունել որոշում,
  • արդյո՞ք Կառլեն Մկրտչյանը հիշյալ նիստից անմիջապես հետո միանգամից համարվել է արձակուրդում գտնվող,
  • արդյո՞ք Արտաշատի ղեկավարի թեկնածու Կառլեն Մկրտչյանի կողմից նախընտրական թեժ փուլում «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար տրամադրելն իր մեջ չի պարունակում պաշտոնական դիրքի չարաշահում, կոռուպցիոն տարրեր, արդյո՞ք այդ քայլը չի հանդիսանում նախընտրական կաշառքի ձևերից մեկը,
  • արդյո՞ք վերոնշյալը հիմք չէ թեկնածու Կառլեն Մկրտչյանի թեկնածությունը ընտրություններին անվավեր ճանաչելու համար։