Միասին կարող ենք
կարևոր
1333 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 22:18
Հասարակություն

Մենք ցանկանում ենք կառուցել երեք միլիոն քաղաքացիների պետությո՞ւն, թե տասը միլիոն հայերի ազգ-պետություն. Միրաքյանի արձագանքը՝ Փաշինյանի օրենսդրական առաջարկին

Մենք ցանկանում ենք կառուցել երեք միլիոն քաղաքացիների պետությո՞ւն, թե տասը միլիոն հայերի ազգ-պետություն. Միրաքյանի արձագանքը՝ Փաշինյանի օրենսդրական առաջարկին

«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը գրում է.

«Վերջերս լսեցի օրենսդրական առաջարկի մասին, որով չի թույլատրվելու ընտրել այն քաղաքացիներին, որոնք նախորդ վեց ամիսներին երկրում չեն բնակվել։ Էս թեման առիթ է մտածելու ավելի գլոբալ հարցի շուրջ՝ մեր պետությունը պատասխանատու՞ է ազգի համար, թե՞ միայն քաղաքացիների։

Որովհետև ակնհայտ է, որ ազգն իրեն պատասխանատու է զգում պետության նկատմամբ (կամ գոնե ազգի մի մասը)։ Ազգ ընդհանրացված եմ ասում, բայց ավելի շատ նկատի ունեմ տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող հայերին, որոնք իրենց ժամանակը, փորձը, կապերը, հեղինակությունը և միջոցները ներդնում են կամ պատրաստ են ներդնել Հայաստանի զարգացման համար։

Ռև Լեբարեդյանը ՀՀ քաղաքացի չէ, բայց որպես NVIDIA-ի փոխնախագահ, մեծ ներդրում ունի այն գործընթացներում, որոնց արդյունքում Հայաստանում ձևավորվում են բարձր տեխնոլոգիական նախագծեր և ենթակառուցվածքներ։

Քըրք Քրքորյանը ՀՀ քաղաքացի չէր, բայց «Լինսի» հիմնադրամի միջոցով մոտ մեկ միլիարդ դոլարի աջակցություն ցուցաբերեց Հայաստանին։

Գարո Արմենը ՀՀ քաղաքացի չէ, բայց արդեն հարյուր միլիոն դոլարից ավելի ներդրում է կատարել COAF-ի և գյուղական համայնքների զարգացման ծրագրերի միջոցով։

Լուիզ Մանուգյան Սիմոնը ՀՀ քաղաքացի չէր, բայց նրա ջանքերով ստեղծվեց Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեր երկրի լավագույն կրթական հաստատություններից մեկն է։

Ժերար Գաֆեսճյանը ՀՀ քաղաքացի չէր, բայց վերակառուցեց և կյանքի կոչեց Երևանի ամենասիրելի վայրերից մեկը՝ Կասկադն ու Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։

Սեմ Սիմոնյանը ՀՀ քաղաքացի չէ, բայց հիմնադրել է Հայաստանի ամենահաջողված կրթական նախագծերից մեկը՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ցուցակը կարելի է շարունակել հարյուրավոր ու հազարավոր անուններով։ Եթե կենտրոնանանք ոչ թե միայն մեծ բարեգործությունների, այլ ընդհանրապես Հայաստանի զարգացմանն աջակցելու վրա, ապա կտեսնենք, որ առաջին տեխնոլոգիական ընկերություններից շատերը ստեղծվել են սփյուռքահայերի մասնակցությամբ, բազմաթիվ արտադրություններ, ներդրումային նախագծեր և շինարարական ընկերություններ ստեղծվել են Հայաստանից դուրս ապրող հայերի ջանքերով։

Գաղափարը պարզ է. ազգը, կամ առնվազն նրա զգալի մասը, իրեն պատասխանատու է զգում պետության նկատմամբ։

Հիմա կասեք բա ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը չի կարողանում ամեն տարի հարյուրավոր միլիոնավոր դոլարներ հավաքել։ Իմ պատասխանը պարզ է՝ ներուժի խնդիրը չէ, վստահության խնդիր է։ Ստեղծեք վստահելի, թափանցիկ և հաշվետու համակարգեր, և ես համոզված եմ, որ հնարավոր կլինի հավաքել այսօրվա ծավալներից բազմակի ավելի մեծ միջոցներ։

Հիմա գլխավոր հարցը՝ պետությունն արդյո՞ք պատասխանատու է ազգի համար, թե՞ մենակ քաղաքացիների։

Պետական համակարգերի մեծ մասը կառուցված է քաղաքացիության գաղափարի շուրջ։ Դա բնական է։ Պետությունն ունի հարկ վճարողներ, ընտրողներ և իրավական պարտավորություններ քաղաքացիների նկատմամբ։ Սակայն Հայաստանի առանձնահատկությունն էն է, որ քաղաքացիներից բացի գոյություն ունի առնվազը կրկնակի հայություն, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում և շարունակում են իրենց կապել Հայաստանի հետ։

Նրանցից շատերը երբեք չեն ապրել Հայաստանում, բայց անհանգստանում են Հայաստանի անվտանգության, տնտեսության, կրթության և ապագայի համար։ Նրանք գումար են ներդնում, կազմակերպություններ են ստեղծում, իրենց կապերն ու հեղինակությունն են օգտագործում Հայաստանի համար։ Կամ պատրաստ են անել։

Իրականում Հայաստանի ամենամեծ ռազմավարական ռեսուրսներից մեկը ոչ թե տարածքն է, բնական պաշարները, այլ հենց այս համաշխարհային հայկական ռեսուրսը։

Այստեղ է առաջանում հիմնական հարցը. եթե պետությունը ցանկանում է օգտվել այդ ներուժից, ապա արդյո՞ք պետք է սփյուռքահայերին վերաբերվի պարզապես որպես բարեգործների և հյուրերի, թե՞ որպես նույն ազգային համակարգի լիարժեք մասնակիցների։

Աշխարհում կան երկրներ, որոնք վաղուց հասկացել են այս տրամաբանությունը։ Իսրայելը իր քաղաքականությունը կառուցում է ոչ միայն քաղաքացիների, այլ ամբողջ հրեական աշխարհի հետ հարաբերությունների վրա։

Հայաստանից դուրս հայության տնտեսական ներուժը տարբեր հաշվարկներով գնահատվում է 300-700 միլիարդ դոլարի չափով, այսինքն ամենավատատեսական հաշվարկով էլ հայկական ազգային ներուժը մեր պետության ՀՆԱ-ից 10 անգամ ավել է։ Ուղղակի պետության հետ համենատած մի 100 անգամ էլ վատ կազմակերպված։

«Քաղաքացիների պետությունից» դեպի «ազգային պետություն» մտածողության անցնել չի նշանակում, որ բոլոր իրավունքները պետք է հավասարեցվեն կամ քաղաքացիությունը կորցնի իր նշանակությունը։ Սա նշանակում է, որ պետությունը պետք է մշտապես մտածի, թե ինչպես ներգրավել, միավորել և օգտագործել ամբողջ հայկական ներուժը՝ անկախ բնակության վայրից և անձնագրից։

Սրանք կարևոր հարցեր են, հատկապես հաշվի առնելով, որ մարդկային ռեսուրսի առումով մենք շատ ավելի ուժեղ ենք ազգով, քան քաղաքացիներով։

Հայաստանի ապագայի ամենակարևոր հարցերից մեկն էլ հենց սա է՝ մենք ցանկանում ենք կառուցել երեք միլիոն քաղաքացիների պետությո՞ւն, թե տասը միլիոն հայերի ազգ-պետություն։ Այդ մոտեցումների միջև տարբերությունը զարգացման փիլիսոփայության, ռազմավարության և ապագայի պատկերացման տարբերություն է»։