կարևոր
574 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-13 11:17
Քաղաքական

Չեն մասնակցել քվեարկությանը, որ չստացվի, թե դեմ են 60 հազար քաղաքացիներին․ «Հրապարակ»

Չեն մասնակցել քվեարկությանը, որ չստացվի, թե դեմ են 60 հազար քաղաքացիներին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկօրյա բուռն քննարկումներից հետո երեկ Ազգային ժողովը 63 կողմ եւ 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ Եվրոպական Միությանն անդամակցելու մեկնարկի մասին։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը, հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորները, անխնա քննադատեցին նախագիծը, ընդհուպ հայտարարելով, որ «անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնալու է ոչ թե ԵՄ-ն, այլ՝ Թուրքիան», սակայն, զարմանալիորեն, ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անունից քարտուղար Արծվիկ Մինասյանը վերջին պահին հայտարարեց, որ, հաշվի առնելով նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, չեն մասնակցի քվեարկությանը։ 7 դեմ ձայները նախագիծը ստացավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների եւ «Հայաստան» դաշինքից անկախացած Գեղամ Նազարյանի կողմից, քվեարկությանը չմասնակցեցին նաեւ նորաստեղծ ՄԱՍԿ-ի ներկայացուցիչներ` ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Քվեարկությունից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրինք՝ ինչո՞ւ նման քննադատական ելույթներից հետո խուսափեցին հստակ դեմ քվեարկել։ Նա պատասխանեց, թե խմբակցությունն է այդպես որոշել, Գեղամ Մանուկյանն էլ հպանցիկ ասաց, թե նախագիծն ինքնին անհիմն է, ուստի իմաստ չկար կեղծ նախագծին քվեարկելու։ Զրուցեցինք դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանի հետ։

- Անողոք, քարը քարի վրա չթողնող ելույթներ լսեցինք ձեր ֆրակցիայի կողմից, որ եթե ընդունենք այն, տնտեսական, անվտանգային փոթորիկ է սպասվելու, Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնալու է Թուրքիան… նման ելույթներից հետո ինչո՞ւ հստակ դիրքորոշում չհայտնեցիք՝ բոյկոտեցիք քվեարկությունը։

- Ելույթներում հստակ դիրքորոշումն արտահայտված էր՝ անիրատեսական, անլուրջ օրակարգին, իսկ չմասնակցելն արդեն դիրքորոշում է։ Պարզապես նուրբ հարցերում, որը վերաբերում է 60 հազար քաղաքացու նախաձեռնությանը, Եվրոպական Միության ասոցացվող արժեքներին՝ ժողովրդավարությանը, մենք սատարել ենք նաեւ ՍԵՊԱ-ն, այս հարցերում տարընթերցում չունենալու համար որդեգրվեց այդ որոշումը։ Բայց չեմ կարծում, թե հստակության խնդիր կա, մեր ելույթներով ամեն ինչ ասված էր։

- Այսինքն՝ անլուրջ, անիրատեսական օրակարգը կարելի է երկու օր քննարկել, բայց չի կարելի կոնկրետ դիրքորոշում հայտնել՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ։

- Դե, մեր գործը նաեւ այն է, որ ցույց տանք այդ ամենը, որ չկա կապը այս մարդկանց եւ ժողովրդավարության, թափանցիկության հետ։

- Համաձայն չե՞ք այն գնահատականներին, որ կարեւոր հարցերում դիրքորոշում հայտնելուց խուսափելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից։ Օրինակ, ձեր ելույթներն այն մասին էին, որ եթե մենք այս ֆեյք օրակարգով առաջ գնանք, հնարավոր է գազի գին բարձրացնեն, տնտեսական այլ սանկցիաներ, ինչո՞ւ հստակ չասացիք, որ դեմ եք դրան։

- Պատասխանատվությունից խուսափել կլիներ, եթե չխոսեինք այդ ամենի մասին, այո, գազի գնի հնարավոր բարձրացման մասին խոսել ենք ու ցույց տվել ռիսկերը եւ հայտնել մեր դիրքորոշումը։ Գուցե մարդիկ համաձայն չլինեն մեր դիրքորոշման հետ, բայց դա հստակ դիրքորոշում է։ Կողմն էլ, դեմն էլ, ձեռնպահն էլ հստակ դիրքորոշում են։

- Հիմա դուք դե՞մ եք, կո՞ղմ, թե՞ ձեռնպահ։

- Մենք ձեռնպահ ենք, այսինքն՝ չենք մասնակցել քվեարկությանը, որ տարընթերցումներ չառաջացնի, որ 60 հազար քաղաքացիներին դեմ ենք, որ դեմ ենք Հայաստանի ժողովրդավարացմանը»։