կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-11 11:40
Հասարակություն

6 ամսով կարգելվի ՀՀ–ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը

6 ամսով կարգելվի ՀՀ–ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը

2026 թ. հունվարի 5–ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս արգելքի արդյունքում 2023 թվականից մինչ օրս արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թ. արձանագրվել է գողության 92, իսկ 2022 թվականին` 40 դեպք։