Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը. սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ։
Հիմա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմանը, միգուցե դատախազն էլ իր հերթին սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգին, որպեսզի մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի եւ մեղադրանք առաջադրի նաեւ կաշառք պահանջողի կամ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերող անձի նկատմամբ:
Այս աղմկահարույց գործով «Ժողովուրդ» օրաթերթին առավել ուշագրավ հանգամանքներ հայտնի դարձան. մասնավորապես, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե՝ «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնաք, կավելացնեք նոր կգաք»։
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների վերաբերյալ զրուցեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, Աշոտ անունով անձին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ Ձեզ կաշառք է տվել, ու հակակոռուպցիոն կոմիտեում կա քրեական վարույթ: Այս քրեական գործի շրջանակում Ձեզ հարցաքննության հրավիրե՞լ են:
– Այո, հրավիրել են:
-Դուք անձամբ գնացել ու հարցաքննվե՞լ եք:
-Այո:
-Ի՞նչ եք պատմել այնտեղ. Աշոտն ասում է, որ Ձեզ հետ պայմանավորվել է՝ Ձեզ 300 հազար դոլար կաշառք տալու շուրջ, որ սահմանված ընթացակարգերի խախտմամբ կարողանան մանր եղջերավոր անասուններ արտահանեն էմիրատներ:
-Խոսքը 300 հազար դոլարի մասին չէ, 200 հազար դոլարի մասին է շոշափվել:
-Այսինքն՝ 200 հազա՞ր դոլար եք ուզել:
-Ոչ, դա մի քիչ ուրիշ կերպ է եղել, երկար պատմություն է:
-Մի փոքր մեզ ներկայացրեք այդ պատմության մասին: Դուք Աշոտին գիտե՞ք, տեսե՞լ եք:
-Այո, գիտեմ, մեկ անգամ հանդիպել եմ: Հանդիպել եմ մի քիչ ինձ երկար ծանոթ մարդու միջոցով, ենթադրում եմ, որ հանդիպածս մարդն Աշոտն է:
-Ձեր այդ «երկար ծանոթը» Սլավի՞կն է։
-Այո: Սլավիկը Աշոտի հետ հանդիպումից առաջ եկավ, ասաց՝ խնդիր կա: Ես այդ ժամանակ գտնվում էի ընկերներիս հետ, ինչ-որ միջացառման էինք, երկար չխոսեցի ու ասացի՝ հետո կզրուցենք: Բնականաբար, հետո հանդիպեցինք, Աշոտն էլ կար այդ ժամանակ, ու ասացի նրանց՝ «Ձեր ասածները ոչ մի հիմք ու հենք չունեն, ձեր քայլերը կարող եք անել ինչպես որ կարգն է»։ Հետո այդ շրջանում իրավապահ մարմինները մեկ այլ գործ էին քննում:
-Խոսքը կեղծ վարորդական իրավունքի քրեական գործի մասի՞ն է: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեն կեղծ վարորդական իրավունքի գործ է քննել ու գաղտնալսումներով բացահայտվել են Ձեր կաշառքի մասին խոսակցությունները :
-Ո՛չ, իմ խոսակցությունները չկան: Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ՝ Սլավիկի եւ Աշոտի խոսակցություններն են նրանք լսել, որտեղ այդ թվերը շոշափվել են:
– Բայց տեղեկություններ կան, որ անձամբ Ձեր խոսակցությունը կա:
– Չկա նման բան, քանի որ նման խոսակցություն չի եղել, հետեւաբար չի կարող լինել նաեւ ձայնագրություն:
-Այսինքն՝ Դուք 300 հազար դոլարի կաշառք կամ, ինչպես դուք եք ասում, 200 հազար դոլարի կաշառք չե՞ք ուզել:
– Իհարկե՝ ոչ , այդպիսի խոսակցություն չի եղել:
– Այդ դեպքում, պարո՛ն Աղազարյան, Աշոտին ինչո՞ւ են կաշառք տալու համար մեղադրանք առաջադրել ու նա ամիսներ շարունակ է՝ մեղադրյալի կարգավիճակում է:
-Ես տեղյակ չեմ այդ մասին…Աշոտին մեղադրա՞նք է առաջադրվել:
-Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքի համար:
-Ուրեմն, տվել է, ենթադրենք, թե Սլավիկին, որ Սլավիկն էլ տա ինձ:
-Ձեզ հետ հանդիպման ԱԺ չե՞ն եկել:
– Ո՛չ։
– Աշոտը պատմել է իրավապահներին, որ 300 հազար դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Ձեզ։ Արդյունքում, հանդիպել եք ու 20.000 դոլար են առաջարկել, սակայն Դուք զայրացել եք ու ասել, որ՝ «պայմանավորվել էինք 100 հազար դոլար»։
-Իհարկե՝ ոչ, Ազգային ժողով իրենք չեն եկել, երբեւէ Սլավիկը ԱԺ չի մտել: Աշոտին էլ տեսել եմ մեկ անգամ, ու վերջ: Դա իրենց մեջ ինչ-որ ներքին խժդժություն է. դե քննությունը կպարզի, բնականաբար, հո ասելով չէ՞, որ Աղազարյան Հովիկը այդքան կաշառք է ուզել:
-Գաղտնալսումներ կան, ձայնագրություներ կան։
-Չի կարող գաղտնալսում լինել մի բանի, որը չի եղել, այդ թեմաներով չենք խոսել իրենց հետ:
-Այդ դեպքում, ինչո՞ւ է Աշոտը Ձեր անունը տալիս:
-Հիմա, եթե ինչ-որ մեկը Աշոտի հետ խոսել է հեռախոսով ու ասել է, որ Աղազարյան Հովիկը 200 հազար դոլար փող է ուզում, որ մեզ օգնի, Աշոտն էլ ասել է՝ շատ է եւ այլն…. ու հետո, ենթադրելի է ըստ լոգիկայի, որ 20 հազար դոլար է տվել, նա էլ ասել է՝ չէ Աղազարյանը Հովիկը չի համաձայնում, գոնե պետք է 100 հազարը տանք: Ենթադրենք՝ սա է, բնականաբար, այստեղ հանցակազմ կա, ոնց կարող է, որ իրավապահ մարմինները խոսակցություն լսեն, որտեղ շոշափվում է ԱԺ պատգամավորի անուն, ու ընթացք չտան:
-Հասանք կարեւոր հարցին. իրավապահները դիմել են Գլխավոր դատախազին եւ սպասում են Գլխավոր դատախազի գործողություններին:
-Ի՞նչ գործողությունների են սպասում:
-Գան Ազգային ժողով՝ Ձեզ զրկեն անձեռնմխելիությունից ու մեղադրանք առաջադրեն:
– Ինձ կանչում են, ես չե՞մ գնում. երբ կանչել են՝ գնացել եմ։
– Տարօրինակ է մեկ հանգամանք՝ ինչո՞ւ պետք է Աշոտը կամ Սլավիկը Ձեր անունը տային կաշառքի դեպքով, եւ որ Դուք եք կաշառք ուզել։
-Այդ հարցն ինձ քննիչն էլ է տվել, ու ես ասեցի, որ հարցին չեմ պատասխանի, քանի որ դրա պատասխանը գիտեք:
Դուք էլ, եթե երկար մտածեք, կիմանաք, եթերը կփակեք՝ կասեմ:
-Ինչո՞ւ, հիմա ասեք:
-Ո՛չ, նախաքննական գաղտնիք է, չեմ կարող ասել:
-Այն, ինչ մեզ ասացիք, նույնը հակակոռուպցիոն կոմիտեո՞ւմ եք ասել:
-Ես այնտեղ ավելի շատ բաներ եմ պատմել, թե աս պատմությունը որտեղից կարող է առաջացած լինել, եւ այլն: Ամեն ինչ պատմել եմ:
Նախաքննական գաղտնիք կա՝ չեմ կարող շատ բան հայտնել»։