կարևոր
2875 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-02 17:41
Քաղաքական

Կաշխատի՞ արդյոք երկրորդ փուլում Թեհրանի բազմաքայլությունը

Կաշխատի՞ արդյոք երկրորդ փուլում Թեհրանի բազմաքայլությունը

Իրանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ ․․․․Ընտրությունների արդյունքում ռեֆորմիստ Փեզեշկիանն ու պահպանողական Սայիդ Ջալիլին, չհավաքելով 50 տոկոսից ավելին, անցել են երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 5-ին: Ընդհանուր առմամբ, հանրապետության շուրջ 62 միլիոն ընտրողների համար 59 հազար կենտրոններում տեղադրված ընտրատեղամասերում տրվել է 24 միլիոն 535 հազար 185 քվեաթերթիկ: Մասնակցությունը կազմել է մոտ 40 տոկոս։ Համեմատության համար նշենք՝ 2021 թ-ի հունիսի 18-ին երկրում կայացած նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,8 տոկոս։

Ո՞վ է Փեզեշկիանը։ Ծնվել է Մահաբադում 1954 թ-ի սեպտեմբերի 29-ին թուրք-իրանցի հոր եւ քուրդ-իրանցի մոր ընտանիքում: Բաքվի լրատվամիջոցները նրան իրանցի ադրբեջանցի են համարում։ 2016 թ-ի փետրվարի 26-ին խորհրդարանի դռնբաց նիստում նա հայտարարել է՝ «Աստված իրեն թուրք է ստեղծել, եւ որ ոչ ոք իրավունք չունի ծաղրել թուրքերի լեզուն եւ մշակույթը»: Իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) ժամանակ նա հաճախ է եղել առաջնագծում, որտեղ պատասխանատու էր բժշկական բրիգադներ ուղարկելու համար եւ աշխատում էր որպես կոմբատանտ եւ բժիշկ: Փեզեշկիանն ավարտել է ընդհանուր պրակտիկայի դասընթացը 1985ին եւ սկսել է ֆիզիոլոգիա դասավանդել բժշկական դպրոցում։ Պատե թ-րազմից հետո նա շարունկել է կրթությունը՝ անցնելով ընդհանուր վիրաբուժության օրդինատուրա Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանում։ 1993 թ-ի սրտի վիրաբույժի մասնագիտություն է ստացել Իրանի բժշկական գիտություներնի համալսարանում: Ավելի ուշ դարձել է սրտի վիրաբույժ, իսկ 1994 թ-ին դարձել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր եւ այդ պաշտոնը զբաղեցրել է հինգ տարի։ Չորս տարի անց նա նշանակվել է առողջապահության նախարար եւ պաշտոնավարել 2001-2005 թվականներին: Այդ ժամանակից ի վեր նա հինգ անգամ ընտրվել է Իրանի խորհրդարանում՝ ներկայացնելով Թավրիզը, եւ զբաղեցրել Է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին:

Սաիդ Ջալիլին ծնվել է 1965 թ-ի սեպտեմբերի 6-ին Մաշհադում։ Դոկտորի կոչում ունի Թեհրանի Իմամ Սադիքի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում, նույն համալսարանի դասախոս է, բազմիցս մասնակցել է իրանա-իրաքյան պատերազմին՝ որպես Իրանի Հեղափոխական գվարդիայի մաս կազմող աշխարհազորի կամավորական կազմակերպության (Besic) անդամ: Վիրավորվել է աջ ոտքից Իրանի կողմից իրաքյան զորքերի դեմ իրականացված «Քերբելա-5» գործողության ժամանակ եւ ստիպված է եղել անդամահատել աջ ոտքը: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իրանի արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ Եվրոպայի եւ Ամերիկայի դեպարտամենտում։ Ենթադրվում է՝ նրան աջակցում է Իրանի կրոնական առաջնորդ Ալի Խամենեին:

Թուրքի (ադրբեջանցու) եւ պարսիկի միջեւ ընտրապայքարն իրանական ներկա իրավիճակի առանձնահատկությւոնն է, որը որոշակի պայմաններում կարող է նկատելի ազդեցություն ունենալ ոչ միայն Իրանում, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքի վրա: Թեզեշկիանն աջակցում է արդիականացմանը եւ բարեփոխումներին: Նա բազմիցս կոչ է արել երկրի իշխանություններին վերադառնալ Արեւմուտքի հետ բանակցություններին՝ միջուկային գործարքը վերակնգնելու համար, հրաժարվել կոշտ հռետորաբանությունից, կարգավորել հարաբերութթյունները Եվրամիության հետ, որպեսզի Բրյուսելը ապասառեցնի իրանական ակտիվները եւ պատժամիջոցների մեծ մասը։ Նա չեզոք արտաքին քաղաքականության կողմնակից է, հանդես է գալիս Ռուսաստանի եւ Չինաստանի հետ գործընկերային հարաբերությունների օգտին, միեւնույն ժամանակ անհրաժեշտ է համարում կառուցողական հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ՝ կարծելով, որ նման արտաքին քաղաքական համադրությունը միանգամայն հնարավոր է եւ երկրին շատ ավելին կտա, քան կարող է թվալ:

Պնդում են՝ Ջալիլին էլ մայրական գծով թյուրքական արմատներ ունի, բայց ազգային գործոնն իր ելույթներում չի օգտագործում՝ շեշտը դնելով Իրանում ապրող ժողովուրդների կրոնական ընդհանրության վրա։ Նրա թեզերը, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, որոշակիորեն լղոզված են։ Նա հանդես է գալիս բոլոր այն երկրների հետ հարաբերությունների ամրապնդման օգտին, որոնց հետ Իրանը «տարբեր ոլորտներում ընդհանուր եզրեր ունի», եւ «նպատակը այդ երկրների ներուժն առավելագույնս օգտագործելն է՝ ի շահ Իրանի»:

Սակայն պետք է հատուկ նշել՝ Իրանում նախագահի դերը հիմնարար չէ, արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը վերահսկում է անձամբ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին: Բայց բոլոր նախանշաններով, անկախ նրանից, թե ի վերջո ով կընտրվի Իրանի նախագահ, նրա շփումները Ռուսաստանի հետ ակտիվորեն կզարգանան աշխարհաքաղաքական ներդաշնակությամբ, բայց որոշ դեռեւս նրբերանգներով։

Միեւնույն ժամանակ, Իրանում նախընտրական իրավիճակը շարունակում է բարդ մնալ, եւ շատ բան կախված կլինի թեկնածուների կողմից նախկին թեկնածուների ձայները փոխանցելու քաղաքական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործումից: Իրանում նման բազմաքայլ սխեմաները կիրառվում են 2009 թ-ից։ Կաշխատե՞ն դրանք այս անգամ։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի