Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ ՔՊ-ականներն առավոտից երեկո խոսում են Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մարելու մասին, սակայն այնպիսի բիրտ միջոցների են դիմում, որ բացահայտում են իրենց վախերը։ Զորօրինակ՝ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործը։ Մայիսի 16-ին նա կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեց, ապա մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով։ Չախալյանն ու «Կամք» շարժման անդամները կառավարության նիստերի օրերին մշտապես ակցիա են անում շենքի մոտ, վանկարկում՝ «Նիկոլ դավաճան», սակայն ոստիկանությունը նրան բերման ենթարկեց ու մեղադրանք առաջադրեց այն ժամանակ, երբ «Կամքը» միացավ սրբազանի շարժմանը։ Երեկ «Կամքի» ակտիվիստները կրկին ակցիա էին անում՝ առանց Չախալյանի, ով տնային կալանքի տակ է։ Շարժման անդամ Արման Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց․
«Այս ակցիաները շատ էին անհանգստացնում իրենց, կոմֆորտից հանում էին, հատկապես երբ ասում էինք, որ բոլոր աշխատակիցներին, ովքեր համագործակցում են կառավարության հետ՝ այս հանցավոր որոշումների հարցում, մենք նախ ֆիքսելու ենք, հետո՝ ավելի ուշ, պարզենք, թե ով ինչ դրակատարում է ունեցել պետության կազմաքանդման գործում։ Այո, անցած հինգշաբթի կառավարությունը հստակ նպատակադրված էր, իշխանական հրահանգ էր իջել, որ պետք է բերման ենթարկել, խափանել մեր ակցիան։ Նախ՝ առավոտյան ինչ-որ պապիկի էին ուղարկել, որ հայհոյախառն արտահայտություններ արեց, հետո սպառնաց, որ ձեռնափայտով մեր գլուխը կկոտրի։ Մենք ճանապարհեցինք իրեն, ավելի ուշ ինչ-որ կարկառուն ՔՊ-ականի էին ուղարկել, ով, տրամաբանական է, որ սադրիչ էր, քանի որ իր քաղաքական դիրքորոշումներն իշխանական էին, եւ ինքն այստեղ որեւէ անելիք չուներ, կոնկրետ եկել էր սադրելու։ Իրեն դա հաջողվեց, չնայած, մեծ հաշվով, իր նկատմամբ էլի բան չէին արել, իրեն հայհոյել են բերման ենթարկելուց հետո, այսինքն՝ երբ քաղաքացիներին բերման էին ենթարկում, հայհոյանքն այդ ժամանակ է հնչել։ Ամեն դեպքում, իրենք մտածում էին, որ Չախալյանին բերման ենթարկելուց հետո այս ակցիաները կդադարեն, ինչն այդպես չէ, շարունակվելու են»։
«Մենք, միանշանակ, սրբազան շարժման հետ ենք։ Այն ամենը, ինչ դեմ է այս կառավարությանը, մենք իրենց հետ ենք եւ ջանք ու եռանդ չենք խնայելու, որ հաջողվի այս պայքարը։ Մի շաբաթ առաջ փաստեցինք, որ դատախազությունը կոնկրետ քաղաքականությամբ է զբաղվում եւ քաղաքական պատվերներ է կատարում, քանի որ նույն սադրիչը ոստիկանությունից ազատ արձակվեց, մինչդեռ սադրիչների նկատմամբ նույնպես պետք է քրեական գործ հարուցվեր։ Օրինակ, երեկ ԱԺ-ում շատ լուրջ սպառնալիքներ հնչեցին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից, որոնք եւս գործ հարուցելու առիթ էին, բայց դատախազության կողմից որեւէ ձայն չկա։ Սա խոսում է այն մասին, որ իրենք օրենքին ընտրողաբար են մոտենում։ Հաղթանակը մոտ է, եւ այս ամեն ինչը, անշուշտ, հաշվի է առնվելու»,- ասաց Մխիթարյանը՝ նշելով, որ Չախալյանին արգելված է խոսել եւ հաղորդակցության որեւէ միջոցից օգտվել։