Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը կարող են վճարել 20 տոկոսով քիչ, եթե դիմեն և ծանուցումը ստանան էլեկտրոնային փոստի միջոցով։ Կառավարությունը երեկ հարցը քննարկել ու հավանություն է տվել։
Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։
Բացի այդ, մեկ նորմ էլ կա, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից:
Զուգահեռ՝ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում են կատարված։
Նկատենք, որ սա՝ օրինախախտ վարորդներին խրախուսելու միակ նախաձեռնությունը չէ․ ժամանակին Նիկոլ Փաշինյանը որոշեց համաներման ակտ կիրառել ճանապարհային երթևեկության խախատումների համար տուգանված վարորդների նկատմամբ, ինչի արդյունքում պետք է չեղարկվեին 2012 թ. հունվարի 1–ից մինչև 2017 թ. դեկտեմբերի 31–ը սահմանված, 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները։ Իհարկե, տուգանքների մեծ մասը չչեղարկվեցին, քաղաքացիներին բացատրեցին, որ հայտարարել են ոչ թե չեղարկելու, այլ՝ այդ տուգանքները ժամանակավոր սառեցնելու մասին։
Ինչևէ, oրինախախտ վարորդների տուգանքները ժամանակին ներելու իշխանության այս քայլը օրինապահ վարորդների շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց․ ոմանք պնդում էին, որ տուգանքների համաներումը սխալ է, և, միևնույն է, անկարգապահ վարորդը շարունակելու է նույն կերպ ավտոմեքենա վարել` հույս ունենալով, որ մի օր «ջրվելու» են տուգանքները:
Իհարկե, իշխանության այս որոշումները կհամարվեին բարի կամքի դրսևորում՝ օրինախախտ վարորդների նկատմամբ, եթե մեկ այլ պարագայում չոտնահարեին օրինապահ վարորդների և կամ՝ քաղաքացիների իրավունքներն ու շահերը։
Մյուս կողմից, արդարությունը և բարոյականությունը պահանջում են, որ նույն տոկոսային հարաբերակցությամբ հետ վերադարձվեին բոլոր այն օրինապաշտ քաղաքացիների գումարները, ովքեր պարտաճանաչ կերպով տուգանքները վճարել են ժամանակին և ամբողջությամբ:
Կառավարության հավանությանն արժանացած երեկվա որոշման վերաբերյալ խնդրեցինք կարծիք հայտնել «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանին, ով այդ որոշումը մեկ բառով համարեց թոզփչոցի.
«Շատերն ասում են, որ սա ի ցույց է նրան, իբրև կառավարությունը քաղաքացիներին չի համարում «տուգանքի մատերիալ», բայց ես համարում եմ, որ կառավարությունը տեսել է, որ իրենց գրած տուգանքներն անհամեմատ շատ են, ընդ որում՝ տարեցտարի աճ կա, և փորձում են թոզ փչել քաղաքացիների աչքերին, այսինքն ասեն՝ դուք մեր համար «տուգանքի մատերիալ» չեք, և ձեր համար մի նոր բան ենք մտածել, որով դուք կստանաք հավելյալ զեղչեր տուգանքների դեպքում»,- նշեց Տիգրան Քեյանը։
Եվ ի՞նչ է ասում պետությունը. ըստ զրուցակցի՝ ասում է՝ ժողովո՛ւրդ ջան, էլի հանգիստ խախտեք, բայց ձեզ մի ծանրաբեռնեք մեզ նամակներ տալով ու մեզ էլ մի ծանրաբեռնեք ձեր հետևից ընկնելով ու փողեր հավաքելով. մենք ձեզ լավ կտուգանենք, դուք էլ շուտ վճարեք, զեղչենք ու մենք ուրախ, դուք ուրախ:
Հերմինե Զեյնալյան