կարևոր
3196 դիտում, 1 ժամ առաջ - 2025-04-21 18:07
Քաղաքական

«Կոջոյանի» տնօրենն աշխատանքային ժամին «ձեռնոց է նետել» Փաշինյանի՞ն

«Կոջոյանի» տնօրենն աշխատանքային ժամին «ձեռնոց է նետել» Փաշինյանի՞ն

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով բոլորին հայտնի է Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս հանցավոր իշխանության հանդեպ իր մոլեգին սիրով, Փաշինյանի իշխանության ամենաթողության պայմաններում արդեն ոչ միայն բացահայտ քաղաքական գործունեություն է ծավալում, այլև իրեն հռչակել է նաև դատավոր: Այսպես, անցյալ հիգշաբթի՝ ժամը 12:00-ի սահմաններում, այն է՝ աշխատանքային օրվա աշխատանքային ժամին, կաբինետից մտել է ուղիղ եթեր ու «վերլուծում է» Գյումրիի ընտրություներն ու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքերը: Բայց դա միայն զավեշտի ու ողբերգության ամբողջական պատկերը չէ: Կրթօջախի տնօրեն հանդես եկող սույն մոլի նիկոլականը անգամ համարձակվել է ձեռնոց նետել Փաշինյանի արդարադատությանն ու, իրեն հռչակելով դատավոր, հայտարարել՝ «Վարդան Ղուկասյանը ընդհանրապես չպիտի մասնակցեր ընտրություններին, այսինքն, նա պիտի օրենքով զրկված լիներ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»:

Դե, եթե Փաշինյանի ղեկավարած երկրում մեկն իրավունք ունի կրթօջախ, այն է՝ ապաքաղաքական հիմնարկ ղեկավարելով օրը ցերեկով աշխատանքի ժամին դպրոցում նստած ուղիղ հեռարձակումներ իրականացնել ու Գյումրիի ընտրությունները, Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ-Բելոռուս միության մեջ մտնել-չմտնելու խոսքերը վերլուծել, ապա ինչո՞ւ չպիտի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին քրեաիրավական գնահատականներ տա կամ որոշի, թե այս կյանքում ով ինչից պիտի զրկված լիներ: 

Իսկ թե իրականում ո՞վ է Փաշինյանի թուրքական կործանարար թեզերը անկախության և ինքնիշխանության սոուսով գեներացնող այս տիկինը և ինչո՞վ է զբաղվում, բավական է թերթել նրա ֆեյսբուքյան էջը:

Yerkir.am-ը դեռևս 2023 թ.՝ Երևանի ավագանու ընտրության նախօերին, անդրադարձել էր սույն տիկնոջ քաղաքական վարքագծին՝ փաստելով, որ վերջինս, լինելու Երևանի ավագանու ՔՊ համամասնական ցուցակի 15-րդ տեղում, քարոզարշավի ընթացքում պարտավոր էր գտնվել արձակուրդում: Այնինչ, Ռուզաննա Երեմյանը քարոզարշավի օրերին զբաղված է եղել դպրոցական աշխատանքներով։

Փաստել էինք նաև, որ Արցախի շրջափակման դժոխային՝ 2023-ի ամռանը, «ինքնիշխանության ջատագով» Ռուզաննա Երեմյանն ամառային հանգիստը անց է կացրել Ստամբուլում: Նրա էջը ողողված է Թուրքիայի մզկիթների, թանգարանների ու փողոցների նկարներով։ Նա անթաքույց սերն առ Թուրքիա այնքան չի կարողացել զսպել, որ լուսանկարների գրեթե մեծ մասը նվիրված են ստամբուլյան խրախճանքներին։ Հիացած տեղադրել է Ստամբուլում գտնվող Ռահմի Մ․ Քոչի անունը կրող թանգարանի լուսանկարները, որտեղ ներկայացված են թուրքական տրանսպորտի, արդյունաբերության և կապի զարգացման, ռազմատեխնիկայի ցուցանմուշները։ Նա գուցե հիացել է նաև թուրքական ռազմատեխնիկայով, որոնցից օրինակ Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքերը 44-օրյա պատերազմի ընթացքում օգնագործվեցին մեր զինվորների դեմ ու խլեցին հազարավոր կյանքեր։

Ապաքաղաքական հիմնարկի՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի էջում կարելի է տեսնել նաև Գյումրու և Փարաքարի ՔՊ-ական թեկնածուների նախընտրական պաստառներ, Փարաքարի ՔՊ կուսակցության թեկնածուի հանրահավաքի մասնակցության, Աննա Հակոբյանի ու վերջինիս օգնական Ստելլա Սարուխանյանի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Պերֆեկտ.թիվիի Ստելլայի, տխրահռչակ Ռոման Բաղդասարյանի, Գնել Սարգսյանի և այլոց հետ ջերմ լուսանկարներ:

Նշենք նաև, որ Ռուզաննա Երեմյանը ակտիվորեն լծվել է Բագրատ Սրբազանի դեմ պայքարին՝ դիմատետրին տարածելով Սրբազանին զրպարտող պաստառներ: Նրա էջում կարելի է գտնել նաև արցախահայության հանդեպ տիրաժավորված ատելության խոսք («մեր հաշվին ապրեն և իրենց այսպես պահեն»), ՔՊ-ական կարկառուն դեմքերի կուսակցական-հակաարցախյան հայտարարություններ (օրինակ, 2023-ի դեկտեմբերին նա սեփական էջում տարածել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Արցախի պետական ինստիտուտների դեմ ուղղված տխրահռչակ հայտարարությունը):

Ռուզաննա Երեմյանը նաև ակտիվորեն մասնակցում է ՔՊ կուսակցական հավաքներին, ունենում ելույթներ: Նա իր էջում տարածում է նաև ՔՊ կուսակցական այլևայլ հավաքների մասին լուսանկարներ, Փաշինյանի քաղաքական հայտարարությունները և այն:

Արդյո՞ք հարիր է կրթօջախի տնօրենին այսպես մոլեգնորեն իրականացնել կուսակցական քարոզչություն, պրոպագանդել հասարակության շրջանում հայտնի տխրահռչակ ու այլասերված բարքեր ներկայացնողներին, կարճ ասած՝ զբաղվել այն ամենով, ինչից պետք է հեռու պահել հայ կրթօջախներն ու նորօրյա սերնդին, թող դատեն ծնողներն ու ընթերցողը:

 

Վ. Սարգսյան