կարևոր
9247 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-04 16:37
Հասարակություն

Մահազդ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող, գաղափարի ընկեր Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչի) անժամանակ մահը և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում:

1988 թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա:

1990 թ. Մկրտիչ Մկրտչյանը միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան և ընդգրկվում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում Մարտակերտ:

Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է: 

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով: Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում:

Տեղեկացնում ենք, որ Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթեոնում:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

04.11.2023 թ.