կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 10:16
Քաղաքական

Երևանում չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ հենց վարչապետի պատճառով. «Ժողովուրդ»

Երևանում չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ հենց վարչապետի պատճառով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարեւյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երեւանում: Երկու օր տեւող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այս ամենի համատեքստում հատկանշական էր «Լազարեւյան ակումբի» նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, չնայած նրան հրավիրել էին այդ միջոցառմանը: Կոստանտին Զատուլինը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու մասին իրենց հստակ պատասխան չի տրվել, սակայն հասկացրել են, որ նա «ավելի կարեւոր գործեր ունի եւ զբաղված է»:

Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, եւ եթե նկատի ունենանք փաստը, որ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու եւ քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է մեկնել, միգուցե եւ նրա բացակայությունը կարելի էր հասկանալ: Բայց մյուս կողմից` նկատենք` զարմանալի զուգադիպությամբ Երեւանում չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ չեն ստացվում հենց վարչապետի պատճառով: Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես խոսում է հայ-ռուսական հարաբերությունների` նոր մակարդակի վրա բարձրանալու մասին:

Երեկ էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նիստին ներկա էր միայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը, սակայն, ելույթ չունեցավ:

Իսկ վարչապետ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին` ասելով, որ ողջունում է բոլոր այն հասարակական-քաղաքական-տնտեսական հարթակները, որոնց նպատակը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսություն ծավալելն է. «Այո, ես միջազգային որեւէ առաջնորդի հետ երեւի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ»,- ընդգծել է Փաշինյանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: