Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում սրելու հայ-ռուսական հարաբերությունները։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Հետաքրքիր է, ինչպե՞ս է ստացվել, որ Փաշինյանն այս զորավարժությունների անցկացումը նպատակահարմար է համարել, սակայն, երբ ՀԱՊԿ զորավարժություններ պետք է տեղի ունենային, հայտարարեց՝ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա, քանի որ այս իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարում։
Փաշինյանն ասում էր, թե ՀԱՊԿ զորքը կգա, սպառնալիք կստեղծի ու կգնա, մենք էլ կմնանք թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ դեմ հանդիման։
ՀԱՊԿ-ն այս հայտարարություններից հետո առաջարկել էր անգամ զորավարժություններն անցկացնել այլ երկրի տարածքում։ Փաշինյանն այնուամենայնիվ մերժեց, կամ Արևմուտքից զորավարժություն անցկացնելու «դաբրո» չստացավ։
Գուցե Փաշինյանը կարծում է սահմանին այլևս լարվածություն չկա, կամ գուցե միամտորեն հավատում է, որ ամերիկան այդ զորավարժությունն անում է իր սիրուն աչքերի համար և մի գեղեցիկ օր կարող է ռազմավարական դաշնակցության առաջարկ անել։ Կամ գուցե վստահ է, որ հայ-ամերիկյան զորավարժություններից հետո ինչ-որ մեկը մնալու է և փրկի նրան, իսկ ՀԱՊԿ-ը գնալո՞ւ էր։
Թե որքան են աջակցել մեզ ԱՄՆ-ն ու հավաքական արևմուտքը, առնվազն վերջին երեք տարում տեսանելի է եղել. Թվիթներ, ոչինչ չասող կոչեր կամ, առավելագույնը, ցուցադրական-բարոյական-«քաղաքավարական» աջակցություններ։ Քանի՞ անգամ պատժամիջոցներ սահմանվեցին Ադրբեջանի դեմ, կամ քանի՞ անգամ կարողացան զսպել Ադրբեջանին՝ Հայաստանի և Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի պարագայում։ Եթե փաշինյանական թիմը չի հասկանում, ապա գոնե հանրության համար տեսանելի է։
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժության անցկացման մասին լուրին ընդառաջ ՔՊ-ական վերնախավը իրենց առաջնորդի գլխավորությամբ մեծացրել է մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքների ալիքը։
Երկու օր առաջ Փաշինյանը հայտարարեց, թե անվտանգության առումով միայն 1 կենտրոնից հանրապետության կախվածությունը ռազմավարական սխալ էր։ Բայց Փաշինյանը մոռացավ ասել՝ բացի Ռուսաստանից ո՞վ է մեզ ռազմավարական գործընկերության առաջարկ արել, կամ ո՞վ է այլընտրանք առաջարկել, որին գործուն քայլեր են հետևել։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է այն երկիրը, որը պետք է լիներ երաշխավորը, նկատի ունենալով ռուսական կողմին։
Ստացվում է նրանք ռուսից պահանջում են իրենցից ավելի հայ լինել։ Ինչու՞ Ռուսաստանը չպետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբ իրենց քաղաքական առաջնորդ Փաշինյանը իր բոլոր հարցազրույցների ընթացքում պահը բաց չի թողնում ասելու, որ ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքը (ներառյալ Արցախը), մինչդեռ Բաքվի բռնապետը գոնե մեկ անգամ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29,800 քառ. կմ. տարածքը։
Փաշինյանն իր թեթև ձեռքով երկիրը տանում է անդունդ, Այսրկովկասը փոձելով դարձնել Ռուսաստան-Արևմուտք առճակատման, պատերազմի թատերաբեմ։ Բնականաբար, ամենամեծ տուժող Հայաստանն է լինելու։
Անի Նահապետյան