Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Անվերնագիր
Մի հյուլե անգամ հիշաչարություն չունեմ:
Ուրիշի մեջ միշտ լավն եմ փնտրել, սխալականության կանխավարկածն՝ իմ մեջ:
Հիմնականում լռել եմ՝ իմ հայրենակիցների համար դուռ բացելով, համեստ հնարավորություն տալով, արյունից հեռու պահելով, հույս տածելով, որ ժամանակի հոլովույթում յուրաքանչյուրն իր իսկ սխալն ու տմարդությունը կտեսնի և կուղղվի:
Իմ կյանքի խաչուղիներով ու փորձություններով և մեր Հայրենիքի օրհասական պատմավիճակով վկայված, վաստակել եմ, կարծեմ, հետևյալն անձայն ասելու իրավունքը.
Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի պետական ծառայության շինիչ շրջանն անցյալ կատարյալ է: Նա դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան:
Պատրվակ, պատճառաբանություն, արդարացում այլևս չկան:
Իր առկայությամբ ազգային, համապետական հրամայական համախմբումն անհնար է արդարև: Տարիների բովում նա կարող էր նախաձեռնել, ապահովել մեր միաբանումը, բայց արեց հակառակը:
Կամ մնացած բոլորս՝ իր ընկերներն ու հակառակորդները, ներկաներն ու նախկինները, ժողովրդի առջև ներողամտություն և զղջում հայցելուց հետո միասնական լուծում ենք տալիս ազգի գոյութենական կենսավիճակին, կամ ժողովուրդն ինքը՝ հայ Զինվորի հերոսության վերջին ապավեն որպես, պետք է ժայթքի ոգեղեն թափով և փրկության ափ հանի մեր պետությունն ու պատմությունը:
Եթե այս ուղիներից որևէ մեկը չբացեցինք՝ օտարն է դա անելու: Մեր երկրում, մեր հողում, մեր տան մեջ, մեր իջեցված դրոշակով, նահատակվող նորանոր երիտասարդ կյանքերով:
Նա պետք է գնա, ապա թե ոչ՝ նրանք են գալու:
Պետք է անկի, որ Հայրենիքը բարձրանա»։
Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Երեք զինծառայող զոհվեց սեպտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ թշնամու բացած կրակի հետևանքով։